Լրահոս
Օրվա լրահոսը

«Գաղտնի» թեստեր, հայտնի արդյունք

Հունվար 31,2008 00:00

«Թեստմետր» կրթական ՍՊԸ-ից շատ են դժգոհում

Քանիցս անդրադարձել ենք «Թեստմետր» ՍՊԸ-ի գործունեությանը, որը վճարովի հիմունքներով առաջարկում է պետական ավարտական եւ միասնական քննություններին նմանեցված փորձնական ստուգարքներ ու խոստանում, որ դրանք կօգնեն լավ պատրաստվել բուն քննությանը: Փաստենք, որ ԿԳ նախարարության Գնահատման եւ թեստավորման կենտրոնը (ԳԹԿ) նույն ծառայությունը մատուցում է անվճար:

«Թեստմետրի» յուրաքանչյուր «փորձարկվող» մեկ քննության համար վճարում է 3000 դրամ, 2-ի համար՝ 5000, 3-ի համար՝ 7000: Ու հիմնականում այդ գումարները պարտադրաբար են հավաքվում աշակերտներից: www.testmeter.am-ում բավական հետաքրքիր է գովազդվում այս կենտրոնը, օրինակ, մի տեղ կարդում ենք՝ «Ի դեպ, թեստավորման մասնակիցների պետական քննության գնահատականները բարձրացել են միջինը 2 միավորով»: Կամ մեկ այլ տեղ՝ «Ի գիտություն ուսուցիչների» վերնագրի ներքո գրված է, որ եթե նրանց առաջարկած հարցերը փորձաքննություն անցնեն «Թեստմետրի» մասնագետների կողմից, ապա լավագույնները ոչ միայն կընդգրկվեն թեստերում, այլեւ դրամական պարգեւի կարժանանան:

«Թեստմետրի» տնօրենը Տիգրան Հակոբյանն է, սակայն բոլորն էլ գիտեն, որ այդ կենտրոնի իրական տերը ԵՊՀ հաշվիչ կենտրոնի տնօրեն Ռուբեն Թոփչյանն է, որը արդեն քանի տարի հաղթելով համապատասխան մրցույթում՝ դառնում է Ընդունելության քննությունների հանրապետական ընդունող հանձնաժողովի հաշվիչ կենտրոնի ղեկավար: Իսկ թե ինչ հրաշքներ կարող է գործել այդ կենտրոնը՝ ամենեւին գաղտնիք չէ: Իհարկե, «Առավոտի» հետ զրույցում պրն Թոփչյանը մշտապես հերքում է իր՝ գլխավոր դերակատարությունը «Թեստմետրում», ասելով, որ ընդամենը վերջինիս կոնսուլտանտն է եւ անգամ փորձարկման «գներից» տեղյակ չէ: Երեկ եւս «Առավոտի» հետ հեռախոսազրույցում նա խնդրեց «Թեստմետրի» հետ կապված հարցեր իրեն չուղղել. «Բոլոր հարցերով իրենց գրասենյակ զանգեք, ճիշտը դա է, ես միայն թեստերի համար եմ պատասխանատու»: Մեր տարակուսանքին, թե ինչպե՞ս են իմանում «Թեստմետրի» փորձարկումն անցածների պետական քննության գնահատականի միջինը՝ 2 բալով բարձրանալու մասին, պրն Թոփչյանը պատասխանեց. «Չէ՞ որ փորձարկվողների ազգանունները հայտնի են: Այդ մարդկանց քննության տվյալները համեմատվում են «Թեստմետրի» տվյալների հետ ու ստացվում է 2 բալ տարբերություն»(՞):

Հետաքրքրվեցինք նաեւ, թե իրենց թեստերն ովքե՞ր եւ ինչպե՞ս են կազմում, ու հայտնեցինք, որ ԳԹԿ-ում ծանոթ չեն դրանց, չգիտեն դրանց կազմման սկզբունքների մասին: «ԳԹԿ-ում ինչո՞ւ պիտի տեղյակ լինեն: Իրենք տպագրել են իրենց Ուղեցույցը, որը որոշ չափանիշներ ունի, մենք էլ մասնագետներ ենք վարձել, վճարել ու էդ չափանիշներին համապատասխան թեստեր կազմել»,- պատասխանեց նա: Իսկ կոնկրետ անուններ տալուց պրն Թոփչյանը հրաժարվեց. «Դա ֆիրմայի գաղտնիքն է, եթե ասեմ՝ լավ չի լինի»:

Կապվեցինք նաեւ «Թեստմետրի» տնօրեն Տիգրան Հակոբյանի հետ: «Էդ դո՞ւք եք, որ մեր մասին ինչ ասես գրում եք»,- զրույցն այսպես սկսեց պրն Հակոբյանը: Հետո էլ խոսելով իրենց ՍՊԸ-ի եւ ԳԹԿ-ի տարբերության մասին, ասաց. «ԳԹԿ-ն հմտություն է սովորեցնում եւ թեստը լրացնելու ձեւ, իսկ մենք գիտելիք ենք տալիս, եզրակացություն անում, թե որ երեխան որ թեմայից է թերացել: Մենք հարկատու ենք, ԳԹԿ-ն՝ ոչ, 38 տոկոս հարկ ենք մուծում…»: Նրան խնդրեցինք անուններ հրապարակել, ովքեր աշխատում են «Թեստմետրի» թեստերի վրա: «Այդ դասախոսները չեն ցանկանա, որ իրենց անուններն իմանան: Մենք նույնիսկ առաջարկել էինք գրել մեր բուկլետի վրա՝ հրաժարվել են»,- պատասխանեց Տ. Հակոբյանը: Հետաքրքրվեցինք՝ իսկ իրենց «շրջապատի» դասախոսների մեջ կա՞ն մարդիկ, որոնք ԳԹԿ-ի հետ էլ են համագործակցում: «Իհարկե՝ ոչ: Մենք ոչ մի կապ չունենք ո՛չ ԳԹԿ-ի, ո՛չ ԿԳ նախարարության հետ»,- պատասխանեց նա: Թեեւ ամեն ինչ արվում է հենց ԿԳ նախարարի գիտությամբ: Հետաքրքրվեցինք նաեւ «Թեստմետրի» հասցեով, որը, ըստ իրենց բուկլետի, Չարենցի 50-ն է: Նաեւ Տ. Հակոբյանին փոխանցեցինք մեր ընթերցող՝ գյումրեցի ուսուցչուհի Նվարդ Վարդանյանի դժգոհությունը, որ մի կերպ գտել է Չարենցի 50 հասցեն, իսկ այնտեղ դուռը բացել է մի հաշմանդամ բնակիչ եւ զայրացած ասել, որ այդտեղ ոչ մի նման կազմակերպություն չկա. «Էդ ո՞նց է պատահում, որ Աշտարակից ու Գյումրիից ԳԹԿ են գալիս՝ չեն գտնում, բայց մեր գրասենյակը գտնում են, իսկ ձեր ընթերցողը չի գտել… այո, մեր գրասենյակը Չարենցի 50 հասցեում է, իհարկե վարձված տուն է, բայց այնտեղ աթոռներ ու սեղաններ են դրված, որտեղ դասախոսներն աշխատում են երեխաների հետ»: Պրն Հակոբյանը նաեւ հայտարարեց, որ իրենց՝ Գյումրիի թիվ 29 դպրոցում կատարած աշխատանքի գումարը, որ թյուրիմացաբար ԳԹԿ-ի հաշվեհամարին էր փոխանցվել, մինչ օրս տեղ չի հասել: ԳԹԿ տնօրեն Մանուկ Մկրտչյանը «Առավոտին» դեռ օրեր առաջ հավաստիացրել էր, որ մինչեւ վերջին լուման տնօրենի միջոցով վերադարձվել է աշակերտներին:

Խոսելով իբր «Թեստմետրի» «փորձարկման» արդյունավետության մասին, ԳԹԿ-ից նշեցին, որ եթե երեխան մասնակցել է նրանց փորձարկմանը, դա դեռ բացատրություն չէ նրա հետագա բարձր գնահատակի համար. «Մեզ հասած տվյալներով, իրենք մեծ մասամբ չեն էլ հրապարակում թեստերի արդյունքները, հատկապես շատ են բողոքում մարզերից: Դրա համար մարդիկ ԳԹԿ-ին են դիմում իբրեւ պետական լուրջ կառույցի»:

Փաստենք, որ մեր նամակագիրներն էլ դժգոհել են, թե Գյումրիում տնօրենները պարտադրել են մասնակցել «Թեստմետրի» կազմակերպած ինքնաստուգմանը՝ սպառնալով, թե հակառակ դեպքում կիջնի ավարտական-բուհական քննության միավորը: Իսկ արդյունքների մասին աշակերտներին այդպես էլ չեն տեղեկացրել. «Այնքան վատն էին աշխատանքները, որ անհարմար ենք զգում հրապարակել»՝ պատճառաբանությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել