Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՐ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ԵՐԹՈՒՂԱՅԻՆ ՏԱՔՍԻՆԵՐՈ՞Վ ԵՆ ԵՐԹԵՎԵԿՈՒՄ

Հունվար 31,2008 00:00

Նրանք խուսափում են իրենց ավտոմեքենաները հայտարարագրել

Մամուլում պետական պաշտոնյաների մի քանի հարկանի դղյակների եւ եկամուտների մասին բազմաթիվ լուրեր են շրջանառվել: Նրանց ունեցվածքի մասին շատ թե քիչ տեղեկություններ ունեն նաեւ հասարակ քաղաքացիները, սակայն երբ նայում ես, թե նախարարներն իրենց հայտարարագրում ինչքան քիչ բան են նշում, շատերի մեջ նրանց նյութապես օգնելու ցանկություն է առաջանում: Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշանիկ Դոյդոյանի կողմից «Առավոտին» տրամադրած նախարարների գույքի եւ եկամուտների մասին հայտարարագրերից կարելի է եզրակացնել, որ նախարարներից շատերը բացի մաքուր աշխատավարձից՝ այլ եկամուտներ չունեն: Օրինակ, արտգործնախարար Վարդան Օսկանյանն ունի 180 քմ մակերեսով բնակարան, 3 հատ ոչ գյուղատնտեսական հողամաս՝ 0.69 հա մակերեսով: Հայտարարագրում նշել է 15 հազար ԱՄՆ դոլարի եկամուտ, իսկ ՀՀ դրամով՝ 114 միլիոն 732 հազար դրամ, որից 4 միլիոնն իր աշխատավարձն է: Կնոջ՝ Նանե Օսկանյանի անունով ունեն միայն 345 քմ մակերեսով երկու բնակարան: Տիկին Օսկանյանը ոչ դրամով, ոչ էլ արտարժույթով որեւէ եկամուտ չունի:

4 միլիոն 360 հազար դրամ աշխատավարձի հույսին է գյուղնախարար Դավիթ Լոքյանը: Նա բացի աշխատավարձից՝ այլ եկամուտներ չունի: Հայտարարագրում նշել է 250 քմ մակերեսով տուն, 0.05 հա տնամերձ հողամաս: Ինչպես Վ. Օսկանյանը, այնպես էլ պարոն Լոքյանը ոչ մի փոխադրամիջոց չունի: Կնոջ անունով գրանցված է 160 քմ մակերեսով բնակարան եւ միայն աշխատավարձից ստացված եկամուտ՝ 1 միլիոն 312 հազար դրամ:

Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը նույնպես բավարարվում է իր 3 միլիոն 131 հազար դրամ աշխատավարձով: Նա այլ եկամուտ չունի, ավտոմեքենա նույնպես չի հայտարարագրել: Ապրում են 88 քմ մակերեսով բնակարանում: Ընդամենն ունի 18 քմ հասարակական արտադրության շենք, շինություն:

Ըստ իր նշած հայտարարագրի՝ լավ են ընթացել կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի գործերը: 2005-ի իր հայտարարագրի համաձայն, ունեցել է երկու ավտոմեքենա, հասարակական շենք-շինություն՝ 21.28 քմ մակերեսով, փոխարենը բնակարան չի ունեցել: 2006-ին ձեռք է բերել 196 քմ մակերեսով բնակարան: Ունի նաեւ 2004թ. արտադրության «Լեկսուզ RX-330» մակնիշի ավտոմեքենա: Որպես եկամուտ՝ հայտարարագրել է 32 մլն 542 հազար դրամ, որից միայն 3 մլն 600 հազար դրամն է իր աշխատավարձը: Սեփական ավտոմեքենա ունեցող միակ նախարարի կինը նույնպես համարձակություն է ունեցել իր 2006թ. ավտոմեքենան հայտարարագրել: Նա ունի նաեւ 150 քմ մակերեսով բնակարան, 42.4 քմ հասարակական արտադրական շինություն:

2005-ին բնակարանի կարիք ուներ նաեւ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Նա ոչ բնակելի, ոչ էլ արտադրական շենք-շինություն չուներ: Ինչպես երեւում է՝ նա մշակույթ ղեկավարելով չի կարողացել հարստանալ եւ նախարարների ցանկում ամենաաղքատ նախարարն է: 2006-ին ձեռք է բերել միայն 75 քմ մակերեսով բնակարան: Բացի 4 մլն 590 հազար դրամ աշխատավարձից՝ նախարարն այլ եկամուտ չունի, ավտոմեքենա եւ այլ շենք-շինություններ նույնպես չի հայտարարագրել:

2006-ին լավ չեն եղել տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանի գործերը: Նա եկամուտների կտրուկ վայրէջք է ունեցել: Պարոն Մանուկյանը 2005-ին արտարժույթով ունեցել է 2 մլն 276 հազար դոլար եկամուտ: 2006-ին գրեթե կիսով չափ նվազել են նախարարի եկամուտները՝ դառնալով 1 մլն 561 հազար դոլար: Պարզվում է, աշխատավարձի պակասորդ նույնպես եղել է՝ 3 մլն 716 հազարից դարձել է 3 մլն 532 հազար դրամ: Նա ունի ընդամենը 58.5 քմ մակերեսով բնակարան:

Փոխարենը «աջ» են գնացել ներկայիս բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի գործերը: Նա արդեն ձեռք է բերել արագ հարստացող նախարարի համբավ: 2005-ին ուներ 85 քմ մակերեսով բնակարան, հասարակական շինություն՝ 3038 քմ, 0.08 հա տնամերձ հողամաս, գյուղացիական նշանակության հող՝ 0.43 հա: Նա նույնպես ոչ մի փոխադրամիջոց չուներ: Դրամական արտահայտությամբ էլ որպես եկամուտ հայտարարագրել էր միայն տարվա աշխատավարձը՝ 3 մլն 915 հազար դրամ: 2006-ին նախարարը գույքային ոչ մի փոփոխություն չի ունեցել, փոխարենը միանգամից ավելացել են եկամուտները՝ հասնելով 103 միլիոն 781 հազար դրամի, որից միայն 3 մլն 781 հազարն է աշխատավարձը:

Այլ է ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանի պարագայում: Պարզվում է, կինն ավելի հարուստ է, քան ինքը՝ նախարարը: Կնոջ՝ Անահիտ Մանուկյանի անունով է գրանցված երկու տուն՝ 565 քմ մակերեսով, արտադրական շենք-շինություն՝ 42 քմ, ոչ գյուղատնտեսական հող՝ 1.7 հա, գյուղատնտեսական հող՝ 295 հա, տնամերձ՝ 0.18 հա: Հայտարարագրում, որպես եկամուտ, նշված է 120 հազար դոլար եւ 127 մլն 320 հազար դրամ, որից միայն 960 հազար դրամն է աշխատավարձը: Նախարարն ունի 97.4 քմ մակերեսով բնակարան, 36 քմ արտադրական շինություն, իսկ որպես եկամուտ, ներկայացված է միայն աշխատավարձը՝ 9 մլն 316 հազար դրամ:

Տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանն էլ ունի 2 տուն՝ 503 քմ մակերեսով, արտադրական շենք-շինություն՝ 59 քմ, 59 հա գյուղնշանակության հողամաս: Որպես եկամուտ նշված է 1 միլիոն 300 հազար դոլար եւ 143 միլիոն 295 հազար դրամ, որից 3 մլն 295 հազար դրամը աշխատավարձն է: Նախարարը բավականին հարստացել է, 2005-ին հայտարարագրել էր 321 հազար դոլար եւ 3 միլիոն 534 հազար դրամ աշխատավարձ:

Նորանշանակ նախարարներին կանդրադառնանք առաջիկա համարներից մեկում:

 Հ. Գ. Սրանք 2006-ի տվյալներն են, քանի որ 2007-ի հայտարարագրերը պաշտոնյաները ներկայացնելու են մինչեւ այս տարվա ապրիլ ամիսը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել