Լրահոս
Օրվա լրահոսը

10 մլն դրամ՝ «օդից» եկամուտ

Հունվար 31,2008 00:00

Ըստ բնակիչների, «ՀայՌուսգազարդը» գործը չարած՝ միայն փողերն է հավաքում

«ՀայՌուսգազարդը» մեզանից ստիպողաբար ներտնային սպասարկման վարձ է գանձում ու ոչ մի ծառայություն դրա դիմաց չի մատուցում: Տարին մեկ գազավիկները դուռը թակում են, հարցնում են՝ գազի հոտ առնո՞ւմ եք ու գնում: Այդ մի հարցի համար մենք չենք պատրաստվում «ՀայՌուսգազարդին» գումարներ վճարել, թող մեզ չայցելեն: Քաղաքակիրթ աշխարհում ընկերությունները նախ բնակիչներին ծառայություն են մատուցում եւ գումարները գանձում են հետո, այն էլ՝ աստիճանաբար: Իսկ մեր երկրում չկատարած ծառայության դիմաց նախօրոք են պահանջում վճարել: Դա, կարելի է ասել, գազի սակագնի բարձրացում է՝ այլ անվանմամբ»,- «Առավոտին» այսպիսի բողոքով են դիմել Օդեսայի 2 շենքի բնակիչները:

«ՀայՌուսգազարդը» ներկայումս ունի 500 հազարից ավելի բաժանորդ: Սպասարկման համար տարեկան գանձվող միջին վճարը յուրաքանչյուր բաժանորդից կազմում է մոտ 5 հազար 700 դրամ եւ ավելի, որը համարժեք է ԱՄՆ 20 դոլարի: Ստացվում է, որ «ՀայՌուսգազարդը» բաժանորդների գրպանի հաշվին 10 մլն դոլարից ավելի եկամուտ է ստանում՝ դրա դիմաց ոչինչ չանելով:

Նշենք, որ վերջին 3-4 ամիսների ընթացքում «Առավոտն» արդեն ներտնային սպասարկման եւ դրա դիմաց գանձվող գումարների առնչությամբ 34 ընտանիքից դիմում-բողոք է ստացել: Հաշվի առնելով, որ հանրային ծառայություններ մատուցող ընկերությունների, այդ թվում՝ «ՀայՌուսգազարդի» վերահսկողը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն է, բնակիչները հանձնաժողովից պահանջում էին կա՛մ «ՀայՌուսգազարդին» ստիպել նորմալ ծառայություններ մատուցել, կա՛մ ձեւական սպասարկման համար վճարումները հանել:

Այս առնչությամբ «Առավոտի» հետ զրույցում հանձնաժողովի փոխնախագահ Նիկոլայ Գրիգորյանը պարզաբանեց. «Չի կարելի այդ ծառայությունը պարզապես պայմանագրից ջնջել, ոչ էլ կարող ենք այնպես անել, որ մարդիկ ծառայության դիմաց չվճարեն: Բնակիչը չի կարող ասել՝ ես ծառայություն չեմ ստացել՝ չեմ վճարում, այդ դեպքերում ընկերությունը կարող է կիրառել պատժամիջոցներ, որովհետեւ բնակիչն էլ պարտավորություններ ունի»: Սակայն, ըստ Ն. Գրիգորյանի, գազավիկները, անխոս, պետք է մտնեն բնակարաններն ու ստուգեն ցանկացած անսարքություն, այլ կերպ չի կարող լինել. «Նախկինում, երբ ներտնային սպասարկումն իրականացնում էին մասնավոր ՍՊԸ-ները, դժբախտ դեպքերի հետ կապված ոչ ոք պատասխանատվությունն իր վրա չէր վերցնում. «ՀայՌուսգազարդն» ասում էր՝ ես միայն գազը բերելու տերն եմ, ներտնային սպասարկող ընկերությունը նույնպես իր վրա չէր վերցնում ու չկար մի կազմակերպություն, որն իր վրա վերցներ պատասխանատվությունը: Իսկ հիմա դա հստակ «ՀայՌուսգազարդի» պարտավորությունն է, եթե ներտնային սպասարկումն ինքն էլ չանի՝ հանձնարարի ինչ-որ ընկերության, միեւնույն է, պատասխանատվությունը կրելու է ինքը: Բնական է, մարդիկ մտածում են որքան հնարավոր է քիչ վճարելու, բայց շատ տաքանալու մասին, ինքնաշեն սարքավորումներ են տեղադրում, գազօգտագործման կանոնները չեն պահպանում, ուստի գազավիկները տարեկան առնվազն երկու անգամ անպայման պետք է այցելեն՝ անվտանգության նկատառումներից ելնելով: Նրանք պետք է փրփուրով ստուգեն խողովակների միացումները, ծխնելույզում քարշի առկայությունը»: Խնդիրն էլ հենց այն է, որ, բնակիչների հավաստմամբ՝ գազավիկներն իրենց գործը զլանում են կատարել եւ հույսը դնում են բնակչի հոտառության վրա: Մեր այս դիտարկմանն ի պատասխան՝ Նիկոլայ Գրիգորյանն առաջարկեց իրենց ներկայացնել կոնկրետ բողոքողների հասցեներն ու տվյալները՝ խոստանալով մեկ առ մեկ բոլոր բնակիչներին լսել ու բողոքը հավաստի լինելու դեպքում՝ իրենց իրավասության սահմաններում, «ՀայՌուսգազարդի» նկատմամբ կիրառել համապատասխան սանկցիաներ:

Մեր հարցին՝ ի՞նչ լծակներ ունեք ընկերությանը պատժելու, Ն. Գրիգորյանը պատասխանեց. «Նախ, մենք կարող ենք զգուշացնել ընկերությանը, եթե համապատասխան քայլեր չձեռնարկվեն՝ ֆինանսական տույժեր կարող ենք կիրառել, ասենք, սակագներն իջեցնել, այնուհետեւ կասեցնել եւ մինչեւ անգամ զրկել լիցենզիայից»:

«Առավոտի» խմբագրություն դիմած բողոքող ընտանիքների տվյալներն արդեն փոխանցել ենք հանձնաժողովին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել