Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԻ ՄԱՏՈՒՑԱԾ ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐԸ

Հունվար 31,2008 00:00

\"\"Որքան էլ բիզնեսը հաջող է ընթանում՝ գործարարները տարեցտարի ավելի ու ավելի քիչ հարկեր են վճարում

Ամեն անգամ Հարկային պետական ծառայության հրապարակած 300 խոշոր հարկատուների ցանկին ծանոթանալով՝ նոր բացահայտումներ կարելի է անել: Օրինակ, ցանկից կարելի է հասկանալ, թե մինչեւ ուր կարող է հասնել որոշ խոշոր հարկատու օլիգարխների ցինիզմը: Որքան էլ որ նախորդ տարիների տվյալներով քիչ թե շատ պատկերացնում ես, որ նոր ցանկում անբարեխիղճ հարկատուներն առանձնապես անակնկալներ չեն մատուցի, այնուամենայնիվ, կան մի քանի հարկատուներ, ովքեր ամեն անգամ իրենց վճարած հարկերի մեծությամբ կարողանում են զարմացնել:

Նման «հաճելի» անակնկալներ չի դադարում մատուցել Միխայիլ Բաղդասարովը: Չնայած Բաղդասարովի բիզնեսը գնալով ընդլայնվում է, նրա բոլոր ընկերությունները տարեցտարի ավելի ու ավելի քիչ հարկ են վճարում: Եթե 2006-ին «Միկա Արմենիա թրեյդինգը» 20-րդ տեղում էր եւ վճարել էր 1 մլրդ 961 մլն դրամ, ապա 2007-ին 25-րդ տեղում է եւ վճարել է մոտ 120 մլն-ով պակաս հարկ: «Միկացեմենտ» գործարանի տնօրեն Նաիրա Մարտիրոսյանին երբ հարցնում ես՝ հավաստիացնում է, որ իրենց ընկերության գործերը հրաշալի են, որ արտահանման ծավալներն են ավելացնում, նույնիսկ չեն հասցնում ամբողջ պահանջարկը բավարարել, սակայն ցանկից պարզվում է, որ ողջ 2007-ի ընթացքում այդ ընկերությունն ընդամենը 218 մլն դրամ է վճարել պետբյուջե, մինչդեռ նույնիսկ 2006-ին «Միկացեմենտն» ավելի շատ էր վճարել՝ 306 մլն դրամ: Այսինքն՝ ամեն տարի Բաղդասարովը վճարած հարկերը 100 մլն դրամով նվազեցնում է, անկախ նրանից՝ որքան հաջող են ընթանում իր գործերը: Առավել զարմանալի է «Արմավիայի» վճարած հարկերը՝ 205 մլն դրամ, մոտավորապես նույնքան, որքան «Մարմարի աշխարհ» ընկերությունն է վճարել: Ստացվում է, որ մի սովորական մարմարի արտադրամասն ավելի շատ օգուտ կարող է տալ մեր պետբյուջեին, քան հսկայական ազգային ավիափոխադրողը: Նշենք, որ 2006-ի տվյալներով՝ «Արմավիան» գոնե 330 մլն դրամ վճարել էր, ուստի հարց է առաջանում, այդ մեկ տարվա ընթացքում Բաղդասարովը տոմսի արժե՞քն է իջեցրել, չվերթնե՞րն է պակասեցրել, թե՞ հենց այնպես «տակ է տվել» ու սկսել հարկերը քիչ վճարել: Ընդ որում, հիշեցնենք, որ 2007-ի ընթացքում «Արմավիան» նոր ինքնաթիռներ է ձեռք բերել եւ ավելացրել ավիափոխադրումներն ու չվերթների ուղղությունները:

2006-ի համեմատ սկսել է ավելի քիչ հարկ վճարել նաեւ Գուրգեն Արսենյանը: Նրա «Արսօյլը» հայտնվել է 34-րդ տեղում եւ վճարել 1 մլրդ 599 մլն դրամ, իսկ 2006-ին 24-րդ տեղում էր եւ վճարել էր 1 մլրդ 609 մլն դրամ: Նկատենք, որ «Արսօյլը» նախորդ տարիներին ընդգրկված էր շահութահարկի նվազեցման արտոնությունից օգտվող օտարերկրյա ներդրմամբ տեղական ընկերությունների ցանկում եւ թե՛ 2004-ին, թե՛ 2005-ին, թե՛ 2006-ին 50 տոկոս շահութահարկ չի վճարել: Այսինքն՝ 2007-ից սկսած՝ նրա վճարած հարկերը պետք է զգալի ավելանային, որովհետեւ արտոնությունից օգտվելու ժամկետն արդեն ավարտված է, սակայն, փաստորեն, տեղի է ունեցել հակառակը:

ԱԺ պատգամավոր Խաչիկ Մանուկյանի «Մաքս գրուպը» նույնպես չի փայլում իր վճարած հարկերով: Անցյալ տարի հավի ձվի գները հանրապետությունում կտրուկ թանկացան եւ ձվի շուկայում գործող բիզնեսմենները գերշահույթներ ստացան: Սակայն, ըստ ցանկի, Խաչիկ Մանուկյանի «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկան», որը շուկայի գերիշխողն է, ողջ 2007-ի ընթացքում 366 մլն դրամ հարկ է վճարել, մինչդեռ 2006-ին նրա վճարած հարկերն ավելի շատ էին՝ 371 մլն դրամ:

Խոշոր հարկատուների ցանկում հաճելիորեն զարմացնում է Գագիկ Ծառուկյանը: Ի տարբերություն «Միկացեմենտի», Գ. Ծառուկյանի «Արարատցեմենտը» նախորդ տարվա համեմատությամբ վճարած հարկերը գրեթե եռապատկել է՝ 1 միլիարդ 327 միլիոն դրամ: Իսկ անցյալ տարի վճարել էր ընդամենը 412 մլն դրամ: «Մուլտի գազն» ու «Երեւանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատը» նույնպես մի քանի միլիոնով ավելացրել են հարկերը: Փոխարենը՝ «Մուլտի Լեոնի» վճարած հարկերն են նվազել, կարելի է կարծել՝ Գ. Ծառուկյանի վառելիքի ներկրման ու իրացման բիզնեսը հաջող չի ընթացել: 2006-ի համեմատ, 2007-ին գրեթե կրկնակի ավելացել են Սուքիասյանների վճարած հարկերը: Միայն «Բջնի» հանքային ջրերի գործարանը 2006-ի 172 միլիոն 229 հազար դրամի փոխարեն նախորդ տարի վճարել է 329 միլիոն 110 հազար դրամ, իսկ ծխախոտի ներկրմամբ զբաղվող նրա «Պարես Արմենիան» 2007-ին մոտ 600 մլն դրամ ավելի է վճարել, քան 2006-ին: «Երեւանի ալրաղացը», որը Սուքիասյանները ձեռք են բերել նախորդ տարվա մայիսին, վճարել է 375 միլիոն դրամ, իսկ 2006-ին, երբ այն դեռ պատկանում էր «Ալրաղացի Լյովիկին», վճարել էր ընդամենը 195 մլն դրամ: Սուքիասյաններին պատկանող «Նարեկ» ընկերությունը նույնպես 2006-ի համեմատ մոտ 45 մլն դրամով ավելացրել է վճարումները:

Սամվել Ալեքսանյանը նույնպես սկսել է բարեխիղճ հարկատուների ցանկ մտնել: Դեղերի ներկրմամբ զբաղվող նրա «Նատալի ֆարմ» ընկերությունը 2007-ին 1,2 մլրդ դրամ է վճարել, 2006-ին՝ 871 մլն դրամ: Շաքարավազ ներկրող նրա «Սալեքս» ընկերությունը նույնպես զգալի ավելացրել է վճարումները:

2006-ի համեմատ ավելի քան 1 միլիարդ դրամով պակաս հարկ է վճարել Հրանտ Վարդանյանի «Գրանդ տոբակոն». մոտ 4 մլրդ 438 մլն դրամի փոխարեն 2007-ին վճարել է ընդամենը 3 մլրդ 584 մլն դրամ: Սակայն դրանից չի կարելի ասել, թե Հրանտ Վարդանյանը լավ հարկատու չէ: Նրան պատկանող բոլոր ընկերությունները միասին հսկայական հարկեր են մուծել: «Մասիս տոբակոն», «Գրանդ Քենդին», «Գրանդ կոմերցը», «Ինտերնեյշնլ Մասիս տաբակը», «Հայհրուշակը», «Մասիսի գոֆրոտարան» եւ «Հ. Մ. Կ.» ընկերությունները միասին 7 մլրդ դրամից ավելի հարկ են վճարել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել