Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամենատհաճ հարցերը տվեք»

Հունվար 31,2008 00:00

Երիտասարդների հետ հանդիպման ժամանակ խնդրեց ԱՄ նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Արտաշես Գեղամյանը,

բայց երիտասարդները նրան չլսեցին ու հնարավորություն տվեցին խոսելու «սիրած» թեմաներով:

Երիտասարդները ՀՀ նախագահի թեկնածուին դիմավորեցին հոտնկայս, ծափերով եւ դեմքի ուրախ արտահայտությամբ: Գեղամյանը դիմեց ջահելներին եւ ասաց. «Բարաթս բերել եմ, արխային հարցերը տվեք»: «Բարաթը» իր «Արարման ծրագիրն» էր: Առաջարկեց ամեն տեսակի հարց էլ իրեն տալ. «ես ձեր գերին եմ այսօր»: Երիտասարդները իրենց «գերուն» հանդիպելու համար լավ էին «պատրաստվել» եւ կուսակցության նախագահին «տհաճ» հարցերի փոխարեն միայն «շինիչ» հարցեր էին տալիս, մասնավորապես՝ 18-20 տարեկանները հետաքրքրվում էին՝ ի՞նչ կտա մեզ անդամակցությունը Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը, կամ աշխարհաքաղաքական այլ հարցեր, ոմանք հետաքրքրվեցին՝ երիտասարդությանը աշխատատեղերով ապահովելու մասին ի՞նչ է գրված «Արարման ծրագրում»: Սակայն, ինչպես Արտաշես Մամիկոնովիչը կասեր՝ «էդը յիշչո ցվետոչկի»: Հարցերի հարցը դեռ առջեւում էր՝ մի բարետես երիտասարդ ասաց. «Պարոն Գեղամյան, մինչեւ այսօր ձեր քաղաքական կանխատեսումները միշտ էլ իրականացել են, նաեւ վերջինները իրականացան, դուք ասում էիք, որ կլինեն խժդժություններ, եւ կիրակի օրը տեղի ունեցան Թալինի դեպքերը»: Այ, այստեղ արդեն Արտաշես Գեղամյանը ոգեւորվեց եւ բավականին հանգամանալից պատասխանեց երիտասարդի հարցին: Նախ, նորից շեշտեց, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը Ռոբերտ Քոչարյանի նախագիծն է. «Թե չէ հարյուր-հազարավոր ձայնասկավառակներ ընտրապայքարը եւ քարոզարշավը չսկսված՝ դեռ հպարտությամբ էլ տարածում են: Ոստիկանների աչքի առաջ ծեծուջարդի են ենթարկում ազատամարտիկին, բացարձակապես եւ ոչ մի միջամտություն (նկատենք, որ Թալինի այս դեպքի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ – Մ. Ե.), 160-200 մեքենայով ավտոերթ են անում, բացարձակապես ոչ մի միջամտություն (նկատենք, որ բազմաթիվ ավտոմեքենաներ նույն այդ երթից տարվել են տուգանային հրապարակ, այդ թվում՝ նաեւ Արամ Սարգսյանի ավտոմեքենաները- Մ. Ե.)»: Ցույց տալով նախորդ օրվա թերթերից մեկը, որտեղ գրված է. «Արտաշես Գեղամյանի նմանների պատճառով տեղի ունեցավ «Հոկտեմբերի 27-ը», պարոն Գեղամյանը ասաց. «Պրիեխալի, սաղ տեղում էին, արջն էլ պարախոդով եկավ, հիմա սրանցն է, եւ դա այն դեպքում, երբ ես բացարձակապես ոչ նախորդ, ոչ գործող իշխանությունների մաս չեմ կազմել: Եվ սա ասում են վիճակը սրելու համար, վիճակը բորբոքելու համար: Խոսում են իմ ծախվածության մասին, իրենք հիմա իրենց այրուձի են պատկերացնում, հերոս են պատկերացնում, Բուցեֆալի վրա նստած Ալեքսանդր Մակեդոնացի են պատկերացնում»: ՀՀ նախագահի թեկնածուն չթաքցրեց եւ հայտնեց՝ «քանի որ «կամերաները» նկարում են, ուզում եմ հետեւյալն ասել, որ երբ Արամ Սարգսյանին վարչապետ առաջարկեցին, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը դարձան նրա հարազատները, երբ որ պաշտոնից հանեցին, սկսեց «Հոկտեմբերի 27» հիշել, հիմա իրեն եմ դիմում՝ եթե այդքան տղամարդ ես, համոզմունք ունես, թե «Հոկտեմբերի 27»-ի ետեւում ովքեր էին կանգնած, ձեռքերդ ո՞վ էր բռնում, վարչապետ էիր, ասելիք ունեիր՝ վարչապետ եղած ժամանակ ասեիր, անելիք ունեիր՝ վարչապետ եղած ժամանակ անեիր: Ի՞նչ ես հիմա սուր ճոճում, Գեղամյանին էլ դարձնում ես թիրախ, երեխայական, մանկական զբաղմունքներ, որոնք ի սկզբանե դատապարտված են»:

Պարոն Գեղամյանն ասաց, որ ինքն ամեն ինչ կանի, որ իրավիճակը երկրում չապակայունանա. «Եվ այս հարցում համընկնում են իմ եւ իշխանությունների շահերը, այն առումով, որ եթե արյունահեղություն եղավ, առաջին հերթին իշխանությունն է պատասխան տալու»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել