Այս կարծիքին է ՀԺԿ մամուլի խոսնակ Ռուզան Խաչատրյանը
Վերջերս ՀՀ գլխավոր դատախազի հրամանով այդ գերատեսչությունում ստեղծվել են քննչական խմբեր, որոնց նպատակն է առանձին գործավարության կարգով օպերատիվ արձագանքել ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումներին, այդ թվում՝ նաեւ ԶԼՄ-ների հրապարակումներին, հսկողություն իրականացնել դրանց ընդունման, գրանցման եւ քննարկման նկատմամբ՝ անհրաժեշտ դեպքում խախտումների փաստերով նյութեր նախապատրաստելու եւ քրգործերի նախաքննությունն արդյունավետ կատարելու նպատակով:
Երեկ «Առավոտի» հետ զրույցում ՀԺԿ մամուլի խոսնակ Ռուզան Խաչատրյանը հիշյալ խմբի ուշադրությունը հրավիրեց ՀՀ նախագահի թեկնածուներից մեկի՝ Սերժ Սարգսյանի՝ հունվարի 28-ին Նոր Նորք համայնքում հնչեցրած եւ Ռ. Խաչատրյանի գնահատմամբ՝ «ակնհայտ սպառնալիքի» վրա: Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, թե՝ «մենք հասարակությանը պետք է ցույց տանք մարդկանց, ովքեր իրենց պահում են ոչ կոռեկտ, զազրախոսում են, սատանայություններ են անում: Մենք ընտրություններից հետո պիտի ցուցանենք այն մարդկանց, ովքեր զազրախոսում են, եւ այդ մարդիկ պիտի պատասխան տան»: Վկայակոչելով 2003թ. նախագահական եւ ԱԺ ընտրությունների եւ հատկապես 2004թ. ապրիլյան ժողովրդական ընդվզումների ժամանակ տեղի ունեցած դեպքերը, «երբ հանրահավաքների, երթերի մասնակցած ՀՀ քաղաքացիները, որոնք այս կամ այն կերպ իրենց անհամաձայնությունն էին հայտնում գործող իշխանությունների վարած քաղաքականության հետ, բերման էին ենթարկվում ոստիկանության բաժիններ եւ գիշերային ու փակ, առանց փաստաբանի տեղի ունեցող դատավարություններով «զազրախոսություն» հոդվածով դատապարտվում էին վարչական կալանքի մինչեւ 15 օր ժամանակով»՝ ՀԺԿ մամուլի խոսնակն ասաց, թե՝ «հաշվի առնելով նաեւ այդ փորձը՝ Սերժ Սարգսյանի հայտարարությունն ակնհայտ սպառնալիք է նախընտրական փուլում բոլոր այն մարդկանց հասցեին, ովքեր չեն ընդունում նրա քաղաքականությունը կամ չեն պատրաստվում քվեարկել նրա օգտին»:
Մեր այն դիտարկմանն ի պատասխան, թե մյուս թեկնածուներն էլ, այդ թվում՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը, իրենց հանդիպումներում եւս սպառնում են բանտերը լցնել գործող իշխանության առանձին ներկայացուցիչներով, Ռ. Խաչատրյանը հակադարձեց. «Երբ այդպիսի վերացական սպառնալիք է հնչում ընդդիմադիր թեկնածուի կողմից եւ կոնկրետ արարքի հետ կապված՝ մի բան է, այլ բան է, երբ նման սպառնալիք հնչում է գործող իշխանության ներկայացուցչի, վարչապետի եւ համապատասխան վարչական լծակներ ունեցողի կողմից: Այս դեպքում դա ակնհայտ ճնշում է եւ վախի մթնոլորտ ստեղծելու փորձ է, առավել եւս, երբ կան նախադեպեր, որոնց մասին ես ասացի»:
ՀԺԿ մամուլի խոսնակն անդրադարձավ նաեւ հունվարի 28-ին «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում լրագրողի հնչեցրած այն մտքին, թե Տեր-Պետրոսյանի իշխանավարության ժամանակ փակվել է այն ժամանակ դեռեւս Պետական հեռուստատեսության «Հայլուր» ծրագիրը: Որպես այդ տարիներին հեռուստատեսությունում աշխատած լրագրող՝ Ռ. Խաչատրյանը նախ ասաց, թե «նախկինների» ժամանակ էլ իշխանությունների շատ քայլերի հետ ինքը համաձայն չի եղել, բայցեւ հավելեց, որ «Հայլուր» լրատվական ծրագրի փակումը՝ 1991թ.-ին, պարտադրված քայլ էր: «Ավելին, եթե նման բան տեղի ունենար այսօր՝ այս իշխանության պարագայում, ոչ միայն ծրագիրը կփակվեր, այլեւ քրեական պատասխանատվության կենթարկվեին մարդիկ, որոնք, ինչպես իրենք էին ասում՝ այդ «չար կատակն» արել էին: Հիշեցնեմ, որ 1991-ին «Հայլուրի» ամանորյա լրատվական ծրագրի շրջանակներում իմիտացիա էր արվել, թե երկրում հեղաշրջում է տեղի ունեցել, եւ «Հայլուրի» հաղորդավարը նույնիսկ ոտքերը կապած նստած էր ստուդիայում, տպավորություն էր ստեղծվել, թե ստուդիան դղրդում է, տեսախցիկը ճոճվում, եւ հաղորդավարը հայտարարում էր, թե տեղի է ունեցել հեղաշրջում եւ այլն: Այդպիսի կատակներ, այն էլ՝ պետական հեռուստատեսությամբ եւ լրատվական ծրագրով, որի գործառույթը լրատվություն եւ փաստեր մատուցելն էր, այն էլ՝ պատերազմական վիճակում գտնվող Հայաստանում՝ հանցագործություն էր: Ես հիշում եմ, որ հեռուստատեսություն ու անձամբ մեզ՝ լրագրողներիս, բազմաթիվ մարդիկ էին խուճապահար զանգում, որովհետեւ այդ ամենը ավելի քան լուրջ էին ընդունել: Ես նույն «Կենտրոնին» կամ որեւէ այլ հեռուստաընկերության կառաջարկեի այդ նույն «չար կատակն» անել այսօր եւ տեսնել, թե ինչ ճակատագրի կարժանանան իրենք: Հիմա, այս իշխանությունների պարագայում, հնարավոր է, որ նման կատակ անողների հետքն էլ չգտնեն»,- ասաց Ռ. Խաչատրյանը:
Ի դեպ, նա նաեւ հիշեցրեց, որ «1991-ին այդ «չար կատակ» անողներից մեկ-երկուսը հետագայում՝ 99-ին, այս կամ այն դերակատարումն ունեցան «Հոկտեմբերի 27»-ում եւ ներգրավվեցին այդ քրգործում որպես մեղադրյալներ, կասկածյալներ, վկաներ եւ այլն: Այսինքն՝ դա միայն չար կատակ չէր, դա իրենց մտածողության ինքնատիպ դրսեւորումն էր: Իսկ «Հայլուրի» աշխատակազմում էին Ալիկ Հարությունյանն ու Տիգրան Նաղդալյանը»: