Լրահոս
Օրվա լրահոսը

Կարապետիչն ուզում է բանավիճել

Հունվար 30,2008 00:00

Բայց ՀՀ նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը նրա «ճաշակով» չէ

«Իմ նախընտրական շտաբը ակտիվանալու է փետրվարի 1-ից, բոլոր TV-ներով էլ ցուցադրվելու են քարոզչական հոլովակներս, որտեղ կերեւա այն ամենը, ինչ արել եմ տարիների ընթացքում»,- երեկ «Փաստարկ» ակումբում հայտարարեց «Ժողովրդական կուսակցության» (ԺԿ) նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Տիգրան Կարապետյանը: Նա նաեւ նշեց, որ ինքը քարոզարշավի ժամանակ դեռեւս ոչ մի խոչընդոտի չի հանդիպել: Նրա խոսքով՝ իշխանությունը ակամայից փոխել է իր մարտավարությունը. «Նրանք այս անգամ ավելի զգույշ են վարվում ու չեն ցանկանում ընդդիմությանը բողոքելու առիթ տալ: Եվ, ընդհանրապես, իզուր ենք ամեն ինչ կապում միայն կենտրոնական իշխանության հետ: Չէ՞ որ տարբեր տեղերում էլ կան իշխանություններ, որոնք անպայման ուզում են բուն իշխանությանը 190 տոկոս ձայն մատուցել»: Կարապետիչն անդրադառնալով ՀՀ արտաքին քաղաքականությանը, ասաց. «Մեծ առումով ես դժգոհ եմ… ընտրվելու դեպքում շատ հարցեր այլ ուղղություն կստանան: Ինչ վերաբերում է Արցախի հիմնախնդրին՝ ասեմ, որ դեմ եմ ցանկացած փոխզիջման: Միեւնույն է, դրանք երբեք չեն բավարարի Ադրբեջանին եւ այդպես փոխզիջումների շարքը կշարունակվի: Իսկ եթե գնանք փոխզիջման, ապա այլեւս չի լինի այն առավելությունը, ինչ ունենք հիմա: Հայկական բանակը տարածքներն ազատագրելով՝ հասել է բարձունքների, փոխզիջման դեպքում դրանք պետք է տանք ադրբեջանական կողմին: Արտաքին քաղաքականությունը պետք է լինի կոմպլեմենտար, բայց դա տեսնում եմ միայն Վրաստանի հետ»:

Լրագրողներից մեկը հարց հնչեցրեց՝ ի՞նչ կարծիքի է ԺԿ նախագահը թերթերից մեկում տպագրված՝ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Սաշիկ Սարգսյանի կողմից նեղ շրջապատում արված հայտարարության մասին, թե ժամանակին իրենք մի քանի հոգու չեն «պառկեցրել»՝ միայն այն պատճառով, որ հիմա իշխանությունը հեշտ հանձնեն իրենց: Տ. Կարապետյանը պատասխանեց. «Ես դատապարտում եմ ցանկացած բռնություն: Անհեթեթ հայտարարություններ անող յուրաքանչյուր քաղաքական գործիչ նախ վնասում է սեփական հեղինակությունը»: Դառնալով ընտրակեղծիքներին՝ բանախոսը շեշտեց, որ եթե կեղծվեն ձայները, ապա ինքը անտարբեր չի մնա եւ կգտնի բողոքելու արդյունավետ տարբերակ: Քարոզարշավի պայքարի էթիկայի հետ կապված էլ նշեց. «Եկեք էթիկայից չխոսենք, որովհետեւ այն քաղաքական ուժերը, որոնք հայտարարում են, թե իբր այդ գաղափարի կրողներ են, նրանց այդ գաղափարները քննադատությունից կամ ցեխ շպրտելուց այն կողմ չեն անցնում»: Նա նաեւ տեղեկացրեց, որ իրեն հրավիրել են հեռուստաբանավեճի՝ միայն Արամ Հարությունյանի հետ. «Ես դա չեմ ընդունում, որովհետեւ այդպես միակողմանի է: Եթե բանավեճ է՝ թող նախագահի թեկնածուների գոնե 70 տոկոսը գա, կլոր սեղանի շուրջ նստենք: Հասկանում եմ, որ ոմանք իրենց ծանր են պահում, հրետանի են համարում, այդ պատճառով էլ գուցե չեն գալիս: Մյուս կողմից, չեմ հասկանում ինչո՞ւ պիտի թեկնածուների շքերթից բանավիճեմ միայն Արամ Հարությունյանի հետ: Արտաշես Գեղամյանն էլ ցանկանում է բանավիճել միայն Սերժ Սարգսյանի հետ: Ինչո՞ւ… »:

Նախագահի թեկնածուն երեկ հայտնեց, որ քարոզարշավի վերաբերյալ նոր բանաստեղծություն է գրել: «Երբ սատանաները տանում են անկայուն մարդկանց կախաղան/, իսկ սրբերը հակառակը՝ պաշտպանում են…»,- 2 տող ասմունքեց ԺԿ նախագահը՝ խոստանալով շարունակությունը ընթերցել հաջորդ ասուլիսի ժամանակ: Կարապետիչը նաեւ անկեղծորեն ցանկացավ, որ ընտրությունները լինեն երկու փուլով. «Կուզենայի բոլորն էլ հասկանան, որ պետք չէ առաջին փուլով սրել իրավիճակը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել