Լրահոս
Օրվա լրահոսը

«ԻՄԸ ՀԻՆ ԳՎԱՐԴԻԱՆ Է»

Հունվար 30,2008 00:00

\"\"Ասում է Ֆորշն ու հիմնավորում, թե աստղերից ում հետ կերգի նույն բեմում, ում հետ՝ ոչ

Երգիչ Ֆորշի (Վահան Գեւորգյան) հետ «Առավոտի» հանդիպման առիթը բեմական ստեղծագործական գործունեության 20-ամյա հոբելյանն էր եւ նրա շուրջ 5 տարիների «լռությունը»: Թեեւ վերջին տարիներին երգիչը մենահամերգ չի ունեցել, սակայն հատուկենտ ներկայացել է նոր երգերով ու մի քանի տեսահոլովակներով:

«Ստեղծագործական գործունեությամբ ավելի շուտ եմ զբաղվել, քան երգչի կարիերայով: Առաջին երգս գրել եմ 1983թ., իսկ պրոֆեսիոնալ բեմում եմ 1988-ից: Ունեցել եմ բազմաթիվ շրջագայություններ: Կուզեի նշել 2005 թ. Մոսկվայի Նկարիչների կենտրոնական տանը եւ փարաջանովյան «Նռան գույնը» կենտրոնում ունեցած մենահամերգներս, այս ամռանը կթողարկվի 5-րդ ձայնասկավառակս: Ինչ վերաբերում է հոբելյան նշելուն, դեռ ոչինչ չեմ կարող ասել: Հասկանում եք, մեր օրերում դրանք կլորիկ գումարների հետ են կապված…»,- ասաց Ֆորշը: Նա հիշեց, որ իր հիթ դարձած «Հենց այսպես էլ ապրում ենք» երգը գրվել է 2002թ., իսկ հանդիսատեսի դատին հանձնվել 2004-ին, այն էլ, իր խոսքով, լուսահոգի էրեւանցի Վահան Աթյանի աջակցությամբ: Հետաքրքրությանը, թե ո՞վ է այդ բարերարը, Ֆորշն ասաց. «Պարզապես իսկական էրեւանցի»:

Վերադառնալով երգչի համար հոբելյանական տարուն, կեսկատակ-կեսլուրջ հարցրինք՝ իսկ հիմա այլ իսկական էրեւանցիներ չե՞ն պատրաստվում կազմակերպել որեւէ միջոցառում իրենց համաքաղաքացու համար: Երգչի պատասխանը հետեւյալն էր. «Կկազմակերպվի որեւէ բան՝ լա՛վ, չի՞ կազմակերպվի… Ես բեմ եմ բարձրանում «Պիոներ» բարում եւ «Պապլավոկում», հավանաբար ընկերներիս հետ որեւէ միջոցառում կանենք: Ինձ համար հիմա կարծես առաջնային խնդիր է դարձել իմ Էրեւանը ավելի գեղեցիկ տեսնելը: Օրինակ, մեծ հաճույքով եմ հիմա քայլում Հյուսիսային պողոտայով…»: Ֆորշին հիշեցրինք, որ որոշ կոլեգաների նման ժամանակին ինքն էլ ընտանիքով մի քանի տարի հանգրվանել էր Արգենտինայում: «Ուզում եք ասել՝ Էրեւանն ու էրեւանցիներին այդքան սիրողը ո՞նց կարող էր հեռանալ հայրենիքից: 90-ականների սկզբներին, տառապանքներից հետո, այո, բռնեցինք Արգենտինայի ճանապարհը՝ երկիր, որը դրախտ էր հիշեցնում: Որդուս՝ Արեգիս ծննդյան օրն էր, երբ մի հայ ընտանիք եկավ շնորհավորելու ու երբ նրան հայերեն հարց ուղղեցին, նկատեցի, որ երեխաս մտածում է իսպաներեն, փորձում թարգմանել, ապա նոր պատասխանել: Հենց այդ պահին ասացի՝ Տաթեւ (կինն է), հավաքվի, գնում ենք… Թող որպես արդարացում չհնչի, բայց ասեմ, որ ցանկացած արվեստագետի համար հայրենիքից դուրս ապրելն ու ստեղծագործելը ինչ-որ մի բան տալիս է: Օրինակ, Արգենտինայում ես գրեցի «Ժամանակ չունեմ» գիրքը կամ, ինչպես մտերիմներիս շրջանում եմ ասում՝ պոեմը՝ մի քանի անգլուխ ենթապոեմներից բաղկացած: Նույնիսկ չգիտեմ՝ այն երբեւէ կտպագրե՞մ, թե՝ ոչ»,- հայտնեց Ֆորշը:

«Առավոտը» ժամանակին եւ այսօր էլ անդրադառնում է մերօրյա երգ գրողներին (հասկանալի պատճառով նրանց կոմպոզիտոր չենք անվանում) եւ երգողներին, հետեւաբար Ֆորշի հետ զրույցում չէինք կարող անտեսել նաեւ այս թեման: Նրան հարցրինք՝ արդյոք իր սերունդը չի՞ ուզում հեղափոխություն անել, որի արդյունքում ասպարեզը կմաքրվի «շտամպված» մեղեդիներից ու տեքստերից: «Երբ ինձ հրավիրում են այս կամ այն միջոցառմանը, արդեն հրավիրող կողմը գիտի, որ ես ամեն մեկի հետ բեմ դուրս չեմ գա, իմոնք հին գվարդիայի անդամներն են՝ Շուշան Պետրոսյանը, Արամոն, Էմման, Նունե Եսայանը եւ այլք: Համամիտ եմ՝ այսօր ծնվող բոլոր երգերն էլ նույն մեղեդին ունեն ու նույն խոսքերը: Ինչ վերաբերում է հեղափոխությանը, պատասխանեմ Մայքլ Ֆրենքսի խոսքերով՝ «հին գվարդիան չի մեռել, նա դեռ իր խոսքը կասի»,- ասաց Ֆորշը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել