Լրահոս
Օրվա լրահոսը

Պատգամավորը չի մեղադրվել

Հունվար 30,2008 00:00

Առեւանգումը խրախուսվել է պետականորե՞ն

«Մեղադրանքի տվյալները չեն հաստատվում դատարանում». երեկ այսպիսի պարզաբանմամբ «Առավոտում» հանդես եկավ ՀՀ վճռաբեկ դատարանը՝ արձագանքելով «Առավոտ» թերթի «Առեւանգողը արդարացված է» (25 հունվար) հրապարակմանը: «Առավոտում» տեղեկացրել էինք, որ Արմավիրի մարզի առաջին ատյանի եւ ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի դատավճիռներով՝ անցյալ տարվա ԱԺ ընտրությունների հետ կապված գործով արդարացվել է Սահակ Ղազարյանին (վկա) առեւանգած անձը՝ Նշան Ասլանյանը: ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը վճռաբեկ բողոքով դիմել էր ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատ:

Ըստ ՀՀ վճռաբեկ դատարանի պարզաբանման. «Համաձայն գործի նյութերի՝ նման մեղադրանք առաջադրելով, նախաքննության մարմինն այդ հանցանքի հիմնական կատարող հանդիսացող Հակոբ Հակոբյանի (նախկին ԱԺ պատգամավոր, «Ճոյտ» մականունով- Ռ.Մ.) արարքին որեւէ քրեաիրավական գնահատական չի տվել: Բացի այդ, համաձայն համապատասխան դատարանի կողմից կայացված դատական ակտի՝ նախաքննության մարմինը սույն քրեական գործով նախաքննությունն ավարտելու օրը՝ 30.06.2007 թվականին, առանց Հակոբ Հակոբյանի արարքին քրեաիրավական որեւէ գնահատական տալու, գործից անջատել է նրա վերաբերյալ մասը՝ նշելով, որ դեռեւս անհրաժեշտ է կատարել մի շարք քննչական գործողություններ, այդ թվում՝ կարիք է առաջացել լրացուցիչ հարցաքննել Հ. Հակոբյանին եւ լուծել նրան որպես մեղադրյալ ներգրավելու հարցը (փաստացի խախտելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի պահանջները՝ առանց նշելու, թե գործի կոնկրետ ո՞ր հանգամանքներից ելնելով է դա անհրաժեշտ եւ թե ինչո՞ւ դա չի կարող անդրադառնալ գործի վարույթի լրիվության եւ օբյեկտիվության վրա)»:

Ի դեպ, Հակոբ Հակոբյանը նախաքննության մարմնի կամ մեղադրողի կողմից գոնե որպես վկա չի դատակոչվել դատարան: Վերջինս, ըստ ՀՀ վճռաբեկ դատարանի պարզաբանման, հանդես է եկել միայն վերաքննիչ դատարանում, այն էլ «ոչ ամբաստանյալի կարգավիճակով»:

Ըստ գործի նյութերի՝ 2007թ. նոյեմբերի 21-ին ամբաստանյալ Նշան Ասլանյանը դիմում է գրել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան, որով իրեն առաջին անգամ մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 1-ին մասով, այն պարագայում, երբ նախաքննության մարմինը մեղադրանք էր առաջադրել 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (առեւանգում մի խումբ անձանց կողմից՝ նախնական համաձայնությամբ): «Փաստորեն, ո՛չ նախաքննության ընթացքում, ո՛չ էլ առաջին ատյանի դատարանում, որտեղ, ի դեպ, Ն. Ասլանյանի նկատմամբ արդարացման դատավճիռ է կայացվել, Նշան Ասլանյանն իրեն մեղավոր չի ճանաչել: Այս նույն հիմնավորմամբ, այն է՝ առաջին ատյանի դատարանի կողմից արդարացված անձը ինչ տրամաբանությամբ է ընդունում իր մեղավորությունը վերաքննիչ ատյանում, վերաքննիչ դատարանն իր դատավճռով Ն.Ասլանյանի՝ վերաքննիչ դատարանին հասցեագրված վերոհիշյալ դիմումն արժանահավատ չի համարել»,- հավելում է պարզաբանման մեջ:

«Ինչ վերաբերում էր վկա Հայկազ Գրիգորյանին (վերջինս չէր թողել, որ Ղազարյանը ավտոմեքենայից իջնի- Ռ.Մ.), վճռաբեկ դատարանը նշել էր, որ «Նախաքննության ընթացքում նրա տված ցուցմունքներում տուժողի առեւանգման կամ նրա նկատմամբ բռնություն գործադրելու, կամ դրա սպառնալիքի մասին որեւէ խոսք չի եղել»:

ՀՀ գլխավոր դատախազությունը երեկ իր հերթին պարզաբանեց, որ «ՀՀ վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքը վարույթ չի ընդունել եւ վերադարձրել է՝ որոշման մեջ նշելով անհիմն ու սուբյեկտիվ պատճառաբանություններ: Մինչդեռ բողոքի բովանդակությունից ակնհայտ է, որ խախտվել է գործի արդարացի քննության մասին ՀՀ քրեական դատավարության սկզբունքը, որի պատճառով այն ազդել է գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, այսինքն՝ հանցանք կատարած մարդը հռչակվել է անմեղ»: ՀՀ գլխավոր դատախազությունը դժգոհ է, քանի որ, ըստ նրա՝ «Վճռաբեկ դատարանի որոշման մեջ տարակուսանքով նշվել է՝ իբր բողոքում չի մատնանշվել, թե ինչով է խաթարվել արդարադատության բուն էությունը: Հանցանք կատարած անձը, եթե ապօրինի ձեւով անմեղ է հռչակվում, միթե դա արդարադատության խախտում չէ:

Ստորադաս դատարանները պարտավոր են գործով ձեռք բերված ապացույցներն անհիմն կարգով չենթարկել կամայական ու սուբյեկտիվ գնահատման եւ հանցագործության կատարման հարցում բավարար մեղադրող ապացույցների դեպքում անհրաժեշտ է կայացնել մեղադրական դատավճիռ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել