Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵՍ ՔՎԵԱՐԿԵԼՈՒ ԵՄ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՕԳՏԻՆ»

Հունվար 30,2008 00:00

\"\"Աշոտ Բլեյանը քաղաքական եւ քաղաքացիական ակտիվության կոչ է անում

«Ընտրությունը մեզ կարող է միավորել, եթե մենք խնդիր դնենք Հայաստանում ընտրելու ազատության մեր իրավունքի վերականգնումը, եթե այն չդարձնենք դուքան, փող կամ պաշտոն մուրալու հնարավորություն: Կարող ենք այս ընտրությունն օգտագործել՝ իմաստավորելու անցած 20 տարիների մեր կյանքը եւ հաստատագրելու ապագան»,- նախագահական ընտրություններում ընտրողներին քաղաքացիական եւ քաղաքական ակտիվության կոչ անելով՝ ասում է Աշոտ Բլեյանը: Նա կարծում է, որ ընտրության իրավունքը շարունակում է հռչակված մնալ եւ նեղացվել-նույնացվել քվեարկության օրինականության հետ, ինչից էլ սկսվում են մեր բոլոր խնդիրները: Եթե ես ընտրող չեմ, չեմ կարող եւ ընտրված լինել։ Ի հաստատումն, Աշոտ Բլեյանը վկայակոչում է սեփական օրինակը. «2003թ. ես մասնակցեցի ԱԺ ընտրություններին: Իմ մրցակիցը հայտնի Հակոբ Հակոբյանն էր, այժմ պատգամավոր: Ես տեսա, որ չեմ կարող ընտրվել, որովհետեւ չկա ընտրողը, ում ես պիտի ապացուցեմ, որ իրեն ավելի հարմար է այսօր ինձ ընտրելը: Ընտրելու (ընտրվելու) քաղաքական իրավունքի ոտնահարումը այլասերում է ողջ հասարակական կյանքը, եւ ազատ հասարակությունը դադարում է զարգացման պատվիրատու լինելուց»: Մեր զրուցակիցն ասում է. «Մենք ՍՊԸ-ի տնօրեն կամ թաղապետ չենք ընտրում: Մենք ընտրում ենք ՀՀ նախագահ, ով իր օրինապահությամբ, կրթվածությամբ, լայնախոհությամբ նախ եւ առաջ դառնալու է գործոն»: Այս փուլում Աշոտ Բլեյանը կարեւորում է «ընտրված նախագահ» ունենալը, քանի որ Հայաստանի առաջ կանգնած հիմնական մարտահրավերի՝ ԼՂՀ հարցի լուծման հնարավորությունն առանց ժողովրդի քվեի՝ անհնար է. «Եվ քանի որ ընտրությունը նաեւ կոնկրետ է՝ առաջադրված անձերի միջեւ, ես քվեարկելու եմ Տեր-Պետրոսյանի օգտին եւ իմ աշխատանքից ազատ ժամանակը զբաղվում եմ ի նպաստ նրա քարոզչության»:

«Ես Լեւոն Տեր-Պետրոսյանին ճանաչել եմ 1982 թվականից, երբ հայագիտական թեքումով դպրոցի փոխտնօրեն էի, ինքը՝ Մատենադարանի գիտաշխատող, 1988-ից նրա հետ եմ, որպես շարժման մասնակից: Նրա տղան սովորել է իմ դպրոցում. ճանաչել եմ նաեւ ծնող Տեր-Պետրոսյանին: Եղել ենք ՀՀՇ վարչության անդամներ, ավելի ուշ՝ ես նրա կառավարության անդամ եմ եղել, եւ այլն: Ես այսօր վստահ ասում եմ՝ այս 25-ից ավելի տարիների ընթացքում Տեր-Պետրոսյանը չկորցրեց իր մարդկային որակները: Կա մի փորձություն, որին չկարողացան դիմանալ շատ ավելի համեստ պաշտոն զբաղեցնող մարդիկ, իսկ նա՝ իբրեւ պետության ղեկավար, կարողացավ հաղթահարել: Դա ազնվությունն է գույքի, ինչքի նկատմամբ: Նա մնաց մտավորական: Հայաստանի ունեցվածքի բաժանման այդ բարդ շրջանում յոթ տարի ղեկավարել ու ձեռքերը մաքուր պահելը բացառիկ բան է»,- ասում է Աշոտ Բլեյանը:

Վերլուծելով քարոզարշավի առաջին շաբաթը, մեր զրուցակիցն արձանագրում է, որ «պրոցեսը քաղաքական չէ». «Ինչո՞ւ պիտի թեկնածուն շտաբներ ձեւավորելիս տարածքներ վարձելու դժվարություններ ունենա, կարո՞ղ է մի քաղծառայող, գյուղապետ կամ թաղապետ, ձեռնարկատեր, պետական հաստատության ղեկավար, հեռարձակող՝ օրենքով սահմանված կարգով նյութական եւ ոչ նյութական ռեսուրս ներդնել եւ հրապարակային պաշտպանել իր նախընտրած թեկնածուին, օրինակ՝ Տեր-Պետրոսյանին: Գտնվեց գործարար-ԱԺ պատգամավոր, ով համարձակվեց իշխանականից տարբերվող անձնական դիրքորոշում ունենալ, եւ ում մասին անընդհատ խոսվում է ահաբեկման գործընթացի ոճով կամ որպես հերոսի: Նախագահի թեկնածուն պիտի տառապի՞, որ մի ջեռուցվող դահլիճ ունենա, ինչպես Արթուր Բաղդասարյանը»:

Պարոն Բլեյանն ընդունում է նաեւ, որ «հիմնադիր նախագահի պատասխանատվությունը մեծ է եւ մեղքերի սոսկ խոստովանությունը չի օգնի»: Բայց նաեւ ավելացնում է. «Ինչո՞ւ դառնալ անմեղսունակ. իմ չարածը, վատ արածը, սխալը բարդել նրա վրա: Ինչո՞ւ բարձրաձայն չենք խոստովանում, որ 1990-ից սկսած՝ ՀՀ քաղաքացիներս, նաեւ ես՝ որ տարբեր պաշտոններ եմ զբաղեցրել եւ լծակներ եմ ունեցել, որպես քաղաքացի մեր թիվ մեկ պարտականության մեջ՝ խախտված իրավունքների ու ազատությունների վերականգնման համար պայքարում, թերացել ենք»: Ու համոզված է, որ մեղքը քավելու լավագույն ձեւը գործով այն շտկելն է: Երկարատեւ լռությունից, գիտական աշխատանքով արդյունավետ զբաղվելուց հետո առաջին նախագահի վերադարձը պայմանավորում է պատասխանատվության զգացումով՝ չարածը կարեւորելու, այն անելու պատասխանատվությամբ: «Ես՝ որպես քաղաքացի եւ հասարակական գործիչ, գործում եմ, շարունակում եմ իմ քարոզ-արշավը: Երբ կգա համատեղ աշխատանքի հաջորդ փուլը, կսկսեմ ավելի լավ իրականացնել իմ իրավունքների պաշտպանության գործը: Այդ ժամանակ ավելի կոնկրետ եւ օգտակար կլինի թույլ տրված սխալների մասին խոսակցությունը՝ դրանք բացառելու համար»,- ասում է Ա. Բլեյանը: Տեր-Պետրոսյանի «չարածի» մեջ մեր զրուցակիցը հատկապես կարեւորում է ադրբեջանցիների եւ թուրքերի հետ հաշտության համաձայնության հաստատագրումը, եւ դա է համարում մեր երկրում բաց հասարակության կայացման գրավականը: «Շարունակ գուշակում են՝ ո՞վ կհաղթի: Ինձ համար հաղթանակը նաեւ նոր որակի քաղաքական ընդդիմության կայացումն է: Հասարակությունը չի կարող չշահել առաջին նախագահի քաղաքական գործունեության հրապարակայնացումից: Ուզում եմ հավատալ, որ ընտրությունը ցանկացած արդյունքի դեպքում քվեարկությամբ չի ավարտվի, եւ ետընտրական շրջանը կդառնա հասարակական մարտահրավերների բարդությանը համապատասխան՝ նոր որակի քաղաքական ընդդիմության ձեւավորման ժամանակը, որին ես կմասնակցեմ իմ համեստ ուժերով»,- եզրափակեց մեր զրուցակիցը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել