Լրահոս
Օրվա լրահոսը

«Իդեալ» համակարգի «իդեալական» սպասարկումը

Հունվար 30,2008 00:00

Ընկերությունը հրաժարվում է իր պարտավորություններից

Բնակարանիս «Մերկուրի» ջրատաքացուցիչը Նոր տարվա նախօրերին փչացավ: Հոգ չէ, մտածեցի, երաշխիքային կտրոն ունեմ, իսկ «Իդեալ» համակարգը, դատելով գովազդից, լուրջ կազմակերպություն է եւ, ամենայն հավանականությամբ, արագ կվերացնի խափանումը:

Փչանալու պահից՝ դեկտեմբերի 29-ից, սկսեցի զանգահարել երաշխիքային կտրոնի վրա նշված հեռախոսահամարներով, բայց՝ իզուր, որեւէ մեկը հեռախոսներին այդպես էլ չպատասխանեց: Հունվարի 7-ին վերջապես զանգիս պատասխանեցին ու բացատրեցին, որ ես անսարքության մասին պետք է տեղյակ պահեմ այն խանութին, որտեղից գնել եմ սարքը: Մի քանի անգամ գնացի խանութ, բայց այն փակ էր: Նորից զանգահարեցի երաշխիքային ծառայություն, սակայն որեւէ մեկը չպատասխանեց: Այլ ելք չգտնելով՝ որոշեցի այցելել կտրոնի վրա նշված հասցե՝ Թբիլիսյան խճուղի 25: Շենքի անվտանգության ծառայության աշխատակիցն ինձ բացատրեց, որ իզուր եմ իրենց մոտ եկել, եւ որ պետք է այցելեմ Քոչարի 10 հասցեում գտնվող խանութ-սրահ: Գնացի: Խանութում ինձ բացատրեցին, որ որեւէ վարպետ մեր տուն չի գալու եւ սարքի տեղափոխմամբ չի զբաղվելու, այն ինքս պետք է բերեմ խանութ: Հունվարի 9-ին սարքը տարա, որի դիմաց ստացա մի կտրոն, որտեղ գրված էր, որ վերանորոգումից հետո ինձ հետ կկապվեն:

Մի երկու օրից ինձ զանգահարեց խանութի աշխատակիցն ու բացատրեց, որ սարքը փչացել է իմ մեղքով, որ երաշխիքային սպասարկում չի լինելու եւ որ ես պետք է վճարեմ: Նույն պահին ուղեւորվեցի խանութ ու վճարեցի պահանջվող 5 հազար դրամը, որի դիմաց որեւէ կտրոն չստանալով եւ սարքս շուտով հետ ստանալու հավաստմամբ՝ հեռացա: Հունվարի 14-ից սկսած, եթե ոչ ամեն օր, գոնե 2 օրը մեկ զանգահարել եմ խանութ՝ իմանալու համար պատրա՞ստ է այն, թե՝ ոչ: Վերջապես սարքը տանելուց 17 օր հետո, հունվարի 25-ին, զանգահարեցին: Կարծեցի վերջ, արդեն պատրաստ է: Բայց ինձ տեղեկացրին, որ նոր խափանում են հայտնաբերել, որ կրկին իմ մեղքով փչացել է սարքի մեկ այլ դետալ եւս, որն այս անգամ արդեն արժե 10 հազար 400 դրամ:

Իհարկե՝ տհաճ է: Գուցե որոշել են ինձնից ուղղակի գումա՞ր կորզել: Հարցնում եմ, թե ինչո՞ւ հենց սկզբից, կես ամիս առաջ, ինձ չասվեց բոլոր եղած անսարքությունների մասին, բայց հասկանալով, որ ոչինչ ապացուցել չեմ կարող եւ իզուր են լինելու բոլոր վեճերը, քանի որ սարքը 17 օր է՝ ինչ իրենց մոտ է եւ եթե ցանկանան, սարքի բոլոր դետալները հերթով ինձ կառաջարկեն գնել, որոշեցի առանց վիճելու՝ վճարել: Վճարեցի պահանջվող 10 հազար 400 դրամը եւ ստացա հունվարի 26-ի առավոտյան մինչեւ ժամը 11-ը սարքը հետ ստանալու խոստում ու այս անգամ էլ առանց վճարը հավաստող կտրոնի՝ հեռացա: 26-ին սարքը չստացա: 27-ին կիրակի էր, իսկ 28-ին զանգիս ի պատասխան տեղեկացրին, որ սարքը պատրաստ է, բայց փակ են իրենց պահեստները եւ որ այնտեղ՝ վերեւում (Թբիլիսյան խճուղում), չեն աշխատում եւ, որ ես, չնայած բոլոր պահանջվող ծառայությունների դիմաց կանխավ վճարել եմ, որ սարքս արդեն քսան օր է, ինչ իրենց մոտ է, նորից պետք է համբերատար սպասեմ իրենց զանգին:

Այստեղ մտահոգիչը, իհարկե, այն չէ, որ ես չնախատեսված ծախսեր եմ արել: Եթե իմ մեղքով է անսարքությունն առաջացել՝ ոչ ոք պարտավոր չէ այն ինձ համար ձրի վերանորոգել, բայց զարմացնում է նախապես վճարված սպասարկման որակը: Զարմացնում է հաճախորդի նկատմամբ դրսեւորված արհամարհանքը: Զարմացնում է առանց հիմնավոր պատճառի կամ առանց պատճառները հաճախորդին հստակ բացատրելու՝ նրան սպասեցնելու աշխատաոճը: Զարմացնում է, որ եվրոպական կահավորմամբ ու հագուկապով մատուցվում է սովետական ծառայություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել