Լրահոս
Օրվա լրահոսը

«ԼՈՒՐՋ ՌԵՖՈՐՄՆԵՐԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՆՔ»

Հունվար 30,2008 00:00

\"\"Գործարար Բարսեղ Բեգլարյանը վստահ է, որ լուրջ ռեֆորմների կարիք ունենք: Պետք է գան բանիմաց, կրթված, նոր, երիտասարդ դեմքեր:

– Հայտնի է, որ դուք Սերժ Սարգսյանի ընկերն ու մտերիմն եք, սակայն քարոզարշավի ընթացքում դուք եւս նրա կողքին չեք կանգնում: Ինչո՞ւ ակտիվորեն չեք մասնակցում ձեր ընկերոջ քարոզարշավին:

– Ես հանրությանը այդքան ծանոթ չեմ, հրապարակային գործիչ չեմ եղել, ընդամենը գործարար եմ: Իսկ եթե ես ցուցադրաբար իր կողքին չեմ կանգնում, հանրապետությունում ով չգիտի, որ եթե Բեգլարյան Բարսեղի ճակատին հրացանը դեմ տան եւ ասեն ձայնդ ուրիշին պետք է տաս, միեւնույն է, ես Սերժ Սարգսյանին եմ ընտրելու:

– Մի հարցազրույցում հայտարարել էիք, որ ընտրվելու դեպքում Սերժ Սարգսյանը պետք է փոխի իր շրջապատը, ի՞նչ եւ ո՞ւմ նկատի ունեք, կասե՞ք նրանց անունները:

– Չեմ ասել, որ Սերժ Սարգսյանը ընտրվելու դեպքում հարկադրված է լինելու որեւէ մեկին փոխել: Իմ այդ հարցազրույցում կան բազմաթիվ «եթե»-ներ: Ասել եմ, որ յուրաքանչյուր մարդ, հանրապետության նախագահ կամ նախարար, կարիք ունի ժամանակ առ ժամանակ վերանայել իր շրջապատը: Հանրությունը սիրում է նոր դեմքեր տեսնել, այսօր կառավարությունում ունենք նոր նախարար՝ ի դեմս Ներսես Երիցյանի, առայժմ նա հասարակության մեջ ընկալվում է որպես բարեփոխիչ, ազնիվ նախարար, թե հետագայում ինչքանով նա կարող է շարունակել իր այս բարի համբավը, ցույց կտա ժամանակը: Իսկ ինչ մնում է անուններ տալուն, կարծում եմ՝ իմ կողմից էթիկայի կանոնների սահմանում չի լինի, եթե ես անուններ տամ, քանի որ հասարակությունը, ավելին՝ Սերժ Սարգսյանը ինձնից լավ գիտի, թե իր շրջապատում ովքեր իր նկատմամբ ազնիվ չեն:

– Ձեր կարծիքով՝ ընտրվելու դեպքում Սերժ Սարգսյանը պետք է փոխի իր քաղաքակա՞ն, թե՞ տնտեսական շրջապատը:

– Վարչապետի պաշտոնը կարող ենք զուտ տնտեսական համարել, եթե նա չունի մեծամասնություն խորհրդարանում: Իսկ եթե, ըստ սահմանադրության, մեծամասնությունը ձեւավորում է կառավարություն՝ վարչապետով, ապա այստեղ տնտեսականը եւ քաղաքականը միաձուլվում են: Ընտրությունների խճանկարը ցույց կտա, թե ինչ կլինի հետո: Քաղաքական մասով ես խնդիր չեմ տեսնում, իսկ տնտեսական մասով կարծում եմ լուրջ ռեֆորմների կարիք ունենք, պետք է գան բանիմաց, կրթված, նոր, երիտասարդ դեմքեր:

– Մի առիթով ասել էիք նաեւ, որ չեմպիոն դառնալը հեշտ է, իսկ չեմպիոնությունը պահելը՝ դժվար, նկատի ունեք, որ այդքան հե՞շտ է երկրի նախագահ ընտրվելը:

– Իհարկե՝ ոչ, երկրի նախագահ ընտրվելը բարդ եւ պատասխանատու գործ է թե պետության, թե հասարակության եւ թե հատկապես՝ ընտրվողի համար: Կարծում եմ, որ երկրի նախագահ պետք է ընտրվի այն մարդը, ում գլխին ի վերուստ կա Աստծո նախախնամությունը: Այս առումով Սերժ Սարգսյանը ամենից բարձր իմիջն ունի, ունի անցած փորձ, ունի շատ հզոր պոտենցիալ, վարչական ռեսուրսներ, նաեւ նա իր կյանքն է դրել արցախյան պատերազմի ամբողջ ընթացքում: Ես կարծում եմ, այս պարագայում ուղղակի միակ արժանի թեկնածուն ինքն է: Եվ քանի որ երկրի նախագահի պաշտոնը ամենապատասխանատուն է, եւ նախագահը պատասխանատու է ժողովրդի եւ Աստծո առաջ, հասկանալի է, որ հենց այստեղ պետք է գործեն բարոյական օրենքները: Այս իմաստով, ոչ մի վայրկյան չեմ կասկածում, որ հենց Սերժ Սարգսյանը կդառնա երկրի նախագահ: Այլ խնդիր է, թե ովքեր են լինելու նրա առաջին խորհրդականները, ինչ թիմով է առաջ շարժելու այս պետությունը, այստեղ ես բավականին մտահոգություններ ունեմ եւ վստահ եմ, 37 տարուց ավելի ճանաչելով նրան, իմանալով նրա անցած ուղին եւ աշխատանքային հարուստ փորձը, որ իր անսպառ հնարավորություններով նա սխալվելու իրավունք չունի:

– Շատերն են հակված ասել, որ Սերժ Սարգսյանի ընտրվելու դեպքում երկրում ոչինչ չի փոխվելու, շարունակվելու է Ռոբերտ Քոչարյանի իշխանությունը, իսկ դա նշանակում է՝ բոլոր այն դժգոհությունները, որ կան գործող իշխանությունների հասցեին, մնալու են նույնը:

– Նախ, մի կենցաղային օրինակ, նույն ընտանիքում, նույն ծնողներից ծնվում են երկու, նույնիսկ զույգ, ժողովուրդն ասում է՝ ջեւիկ, բայց իրարից ամեն ինչով տարբերվող երեխաներ: Իմ խոր համոզմամբ, Սերժ Սարգսյանը բավականին լուրջ ռեֆորմներ է անելու, իհարկե, չեմ կարծում, որ դրանք հեղափոխական կլինեն: Եվ ինչքան տեղյակ եմ մամուլից եւ նաեւ իմ անձնական զրույցները գործող նախագահի հետ, ինքը առայժմ հանգստի կարիք է զգում: Այդ իսկ պատճառով, իր մերձավոր, իշխանական լծակների տիրապետող որոշ շրջանակներ, գուցե արդեն մտածում են, թե ինչ է լինելու իրենց ճակատագիրը, սա բնական է:

– Չե՞ք կարծում, որ երկիրը նորմալ երկիր կդառնա, եթե բոլորը՝ ե՛ւ իշխանություններին մերձ գործարարները, ե՛ւ շարքային մանր ու միջին գործարարները գործեն հավասար դաշտում: Ընտրվելու դեպքում արդյո՞ք Սերժ Սարգսյանը բավարար ուժ կգտնի իր բոլոր մերձավորներին ասել, թե բավական է, անցեք նորմալ հարկային եւ տնտեսական հավասար դաշտ, այլեւս արտոնյալներ չեն լինելու: Դուք պատրա՞ստ եք այդպես աշխատել:

– Նախ, ես այսօր էլ այդպես եմ աշխատում: Եվ նրա ընտրվելու դեպքում իմ կյանքում ոչինչ չի փոխվելու: Իսկ եթե փորձեմ ձեր հարցին ավելի մանրամասն պատասխանել, պիտի հիշեցնեմ, որ ընդամենը 10-12 տարի է, ինչ պատերազմական ակտիվ գործողություններից դուրս ենք եկել, իսկ աշխարհում հայտնի է, որ պատերազմական ժամանակաշրջանից հետո որպես կանոն նախնական կապիտալի ձեւավորումը տեղի է ունենում վայրի եւ այդ ընթացքում որոշ գործարարներ օրենքի խախտումներով են տիրանում որոշակի կապիտալի:

– Բայց բիզնեսը սկսելուց դուք արտոնյալ վիճակում չե՞ք եղել:

– Ոչ մի արտոնյալ վիճակում չեմ եղել, ինչ- որ տեղ գուցե իմ բախտը բերել է, Աստծո նախախնամություն էր, թե իմ գործարար հմտությունները, հավատացնում եմ, արտոնյալ վիճակում չեմ եղել եւ կարող եմ դա ապացուցել: Եվ, ընտրվելու դեպքում, Սերժ Սարգսյանը ուղղակի պարտավոր է այդ կամքը ցուցաբերել եւ բոլորին բերել հավասար իրավական եւ հարկային դաշտ: Պետք է մեկընդմիշտ վերջ տրվի հովանավորչությանը, անհավասար դաշտին, հակառակ դեպքում՝ մենք պետություն չենք դառնա: Ես վստահաբար կարող եմ ասել, որ Սերժ Սարգսյանը իր ներքին որակներով գնալու է դրան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել