Լրահոս
Օրվա լրահոսը

ԽՈՉԸՆԴՈՏԵԼ ԵՆ ՑՈՒՅՑԸ

Հունվար 30,2008 00:00

Հունվարի 28-ին օպերայի դահլիճում բանակի 16-ամյակին նվիրված տոնակատարությանը «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ներկայացել էր յուրօրինակ կերպով. «Քանի որ մեր բանակի հիմնադրման գործում շատ մեծ ներդրում ունի Ժիրայր Սեֆիլյանը, որն այսօր հանիրավի անազատության մեջ է, եւ այս տոնը նաեւ նրա տոնն էր՝ ես հագել էի վերնաշապիկ, որը պարբերաբար կրում եմ նմանատիպ միջոցառումների ընթացքում»: Պատմեց, որ պայմանավորվել էր «Այլընտրանքի» համակիր Վարդգես Գասպարյանի հետ, որ միջոցառման վերջում պիտի պարզեն կարգախոսներ՝ դուրս եկողների ուշադրությունը քաղբանտարկյալների խնդրի վրա հրավիրելու նպատակով: «Բայց արդեն դահլիճում էի՝ մեր պատգամավորների հետ, երբ ինձ զանգեց Վարդգես Գասպարյանը: Ու պարզվեց, որ նա խախտելով մեր պայմանավորվածությունը՝ շուտ է եկել եւ կանգնել է՝ կարգախոսներով,- ասաց Զարուհի Փոստանջյանը:- Ասաց, որ իրեն մի 20 ոստիկան են շրջապատել: Ու ես միայն վերնաշապիկով դուրս եկա՝ այդ ցրտին: Հետո փորձեցի վերադառնալ, որ վերարկուս վերցնեմ, ինձ ներս չթողեցին: Բայց էլի լավ է, որ ի վերջո՝ բերեցին, տվեցին վերարկուս: Կանգնեցի՝ ոստիկաններով շրջապատված: Եկել էր Երեւանի ոստիկանապետ Ներսես Նազարյանը, նաեւ Արթուր Մեհրաբյանը՝ բազմաթիվ բարձրաստիճան ոստիկաններ, որոնց մեջ էին նաեւ մի քանիսը նրանցից, ովքեր մեզ մարզադաշտում քաշքշել էին: Պահանջեցին, որ գնանք այդտեղից»: Սակայն «Ժառանգության» պատգամավորը զանգել, կանչել էր լրագրողների: Եվ երբ նրանք սկսել էին նկարահանել ու ձայնագրել կատարվողը՝ ոստիկանները նահանջել էին. «Կարծում եմ, Ներսես Նազարյանի հրամանով՝ ասացին, լավ, հանգիստ թողեք դրանց՝ թող ինչքան ուզում են կանգնեն: Համերգի ընթացքում մնացի դրսում: Իսկ երբ ավարտվեց համերգը, մեզ միացան նաեւ Անահիտ Բախշյանը, Ստեփան Սաֆարյանը եւ այլք: Եվ բոլոր դուրս եկողներին ասում էինք՝ այսօր նաեւ Ժիրայր Սեֆիլյանի տոնն է, խնդրում ենք, շնորհավորեք»: Առանձին բարձրաստիճան պաշտոնյաներ արձագանքելով այս առաջարկին՝ բավական հետաքրքիր մանրամասներ էին բացահայտել, որոնց գուցե անդրադառնանք առաջիկայում:

Հ. Գ. Ի դեպ, այդ համերգը վերածվեց Սերժ Սարգսյանի քարոզչության՝ «Առա՛ջ, Հայաստան» երգով: Համերգն ամբողջությամբ ցուցադրվեց Հ1-ով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել