Լրահոս
Օրվա լրահոսը

Համատեղել ավանդականն ու գիտականը

Հունվար 30,2008 00:00

«Ծերուկն անտանելի է դարձել»,- ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի մասին կարծիք էր հայտնել «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը:

Նա կարծում է, որ «անկախ նրանից՝ ում այսօր կպաշտպանի Հայրիկյանը՝ ԱԻՄ-ականներն ինձ են ձայն տալու»: Բացի նրանից, որ իր շտաբի պետն ԱԻՄ-ական է, թեկնածուն ասում է, որ բազում ԱԻՄ-ականներ զանգահարում են իրեն եւ սատարելու պատրաստակամություն հայտնում: Նա շարունակում է մնալ այն համոզման, որ ԱԻՄ-ում այսօր իր ազդեցությունն ավելի մեծ է, քան Հայրիկյանինը: «2003-ին ԱԻՄ-ը պաշտպանեց Գեղամյանին՝ նախկին կոմունիստին. աբսուրդ է… հիմա ոչինչ չեն անում, Հայրիկյանն էլ ԱՄՆ-ում է: Հայրիկյանն ինքնորոշումը համարում է աստվածատուր իրավունք, բայց 2007-ի խորհրդարանական ընտրություններին չմասնակցեց»,-ասում է նա: Արամ Հարությունյանը կոչ էր արել Հայրիկյանին, որպեսզի ԱԻՄ-ը պաշտպանի իր թեկնածությունը: Դա նա համարում է ԱԻՄ-ը եւ Հայրիկյանին փրկելու միակ ճանապարհը: «Ակնհայտ է, որ ԱԻՄ-ի ղեկավարությունն այսօր չի արտահայտում ԱԻՄ-ականների շահերը»,- գտնում է նա եւ ասում, որ ինքը մեծ ներդրում է ունեցել ընտրական գործընթացներում ԱԻՄ-ի ունեցած հաջողություններում: Քանի որ ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը անձնական եւ գործնական այցով գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում եւ Հայաստան կվերադառնա, հավանաբար, փետրվարի սկզբներին, այս հարցի վերաբերյալ մեկնաբանություններ խնդրեցինք ԱԻՄ գլխավոր քարտուղար Հակոբ Ումրշատյանից: «Մեր բոլոր որոշումներն ընդունվում են նախագահության նիստում. դրանք քննարկումների եւ բանավեճերի արդյունքում ընդունված կոլեգիալ որոշումներ են: Ես չեմ ուզում մեկնաբանել ինչ-որ մեկի ասածները: Աստված արդեն տվել է այդ մարդուն՝ վերցրել է նրա բանականությունը»,- ասաց Հ. Ումրշատյանը:

Այս ընտրապայքարում Արամ Հարությունյանը թեկնածուներին կոչ է անում կոռեկտությունը պահպանել եւ զերծ մնալ առճակատումներից: Նա չի կորցրել հույսը, որ դեռ հնարավորություններ կընձեռվեն, եւ ինքը կբանավիճի նախագահի մյուս թեկնածուների հետ:

Բացի հեռուստաելույթներից եւ ակումբային ասուլիսներից, այս ընթացքում Ա. Հարությունյանն իր գրասենյակում հանդիպումներ է ունեցել այն ընտրողների հետ, ովքեր իր ելույթներից ոգեւորված՝ այցելել են գրասենյակ՝ իր հետ անձամբ զրուցելու եւ հուզող հարցերի պատասխանները ստանալու: Զանգահարում են, ինտերնետի միջոցով են հարցեր ուղղում. արդյունքում՝ մեր զրուցակիցը համոզված է, որ մարդիկ հասկանում են, որ ինքը կարող է լինել յուրաքանչյուրի նախագահը: Այն, որ նույնիսկ մի 80-ամյա տատիկ, այն էլ՝ ձեռնափայտով, չի զլացել եւ բարձրացել է թեկնածուի 8-րդ հարկում գտնվող գրասենյակը, Ա. Հարությունյանն իր համար չափանիշ է համարում: Ճիշտ է, տատիկը սոցիալական խնդիր է ունեցե,լ եւ թեկնածուի գրասենյակում նրան օգնում են պատկան մարմիններից իր հարցի լուծումը ստանալ, բայց Ա. Հարությունյանն ասում է, որ նման դեպքերն իրենք չեն օգտագործում ձայն կորզելու համար: Ընդհանրապես, սոցիալական քաղաքականության առումով թեկնածուն գտնում է, որ մոտեցումները պետք է լինեն հասցեական: Կողմ է բժշկության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրմանը: Գտնում է, որ պետք է տեղ ունենա նաեւ ավանդական բժշկությունը, դրան գիտական մոտեցում պետք է տրվի: «Փոքր ժամանակ երեւի բոլորի վրա էլ գորտնուկներ լինում են: Ես հիշում եմ, որ իմ տատիկը, երբ լուսինը երկու օրական էր լինում՝ տանում էր այգի, այդ գորտնուկի վրա հող էր քսում, ինչ-որ բաներ էր ասում, եւ այն հաջորդ առավոտյան անցնում էր: Դրա բացատրությունը մինչեւ հիմա չկա»,- սեփական օրինակի վրա իր ծրագիրը հիմնավորում է Ա. Հարությունյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել