Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԹԵ ՀԶՈՐ ԵՔ՝ ԻՆՉՈ՞Ւ ԵՔ ԽՈՉԸՆԴՈՏՈՒՄ

Հունվար 30,2008 00:00

Երեկ Եղեգնաձորում այս հարցն իշխանություններին ուղղեց ՀՀ նախագահի թեկնածու, «Օրինաց երկրի» նախագահ Արթուր Բաղդասարյանը:

Արթուր Բաղդասարյանի ոտքերի առջեւ էլ են սկսել գառներ մորթել: Այդպես եղել էր Գեղարքունիք այցի ընթացքում, այդպես եղավ եւ երեկ՝ Եղեգնաձորում: Գառը մորթողը նաեւ արյունով խաչ նկարեց ՕԵԿ առաջնորդի ճակատին ու հետո պարեց նրա առջեւ: Եվ պրն Բաղդասարյանն էլ պարեց՝ նրա այցերի ընթացքում նման տեսարանի ականատես դարձանք առաջին անգամ:

Որքան տեղական իշխանությունները փորձում են Սերժ Սարգսյանի այցերից առաջ լսարան ապահովել՝ դպրոցների, բուժհիմնարկների եւ այլ հաստատությունների միջոցով, այնքան էլ մյուս թեկնածուների առջեւ փորձում են խոչընդոտներ հարուցել, որ հնարավորինս քիչ մարդ հավաքվի: Այս հաստատված «ավանդույթի» եւս մի վկայությունը ստացանք երեկ: Հանդիպման սկզբում ՕԵԿ Եղեգնաձորի մարզային կառույցի պատասխանատու Արմեն Հարությունյանը հայտնեց, որ հունվարի 27-28-ի ընթացքում, երբ իրենք նախապատրաստում էին այդ հանրահավաքը՝ «Մենք հանդիպեցինք մեր հարգարժան իշխանությունների բարձր ճնշումներին, արգելքներին»: Հետո մանրամասնեց, թե համայնքապետերը եւ այլ պատասխանատուները մեքենաների սեփականատերերին ներքին կարգով հանձնարարել են մարդկանց հանրահավաքի չտեղափոխել:

ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանն իր ելույթում հայտարարեց. «Ճնշումները, խանգարելը դարձել են վարվելակերպ՝ այս նախագահական ընտրությունների քարոզարշավի ընթացքում»: Նաեւ նշեց. «Երկիրը դարձել է ֆեոդալների եւ քյոխվեքի պետություն»: Ըստ Մհեր Շահգելդյանի՝ «Այսօր բոլոր տեղերում մենաշնորհ է՝ Գագիկ Ծառուկյան, Սամվել Ալեքսանյան, Միկա Բաղդասարյան: Այդ մարդիկ իշխանությունների համաձայնությամբ եւ թողտվությամբ երկրի տնտեսության բոլոր ճյուղերը բաժանել են իրենց մեջ: Դրա համար է ահա, որ օրեցօր կյանքն ավելի թանկ է դառնում. այդ մենաշնորհ ունեցողները բարձրացնում են գները եւ ձեզ գցում են աղքատության մեջ: Աղքատության մեջ են պահում, որպեսզի հնարավոր լինի ձայները գնել»:

Իսկ ՕԵԿ նախագահն էլ ընդգծեց՝ «Իշխանությունն այնքան տագնապի մեջ է, որ ԱՄՆ նախագահական ընտրություններն ավելի շատ են լուսաբանվում, քան ՀՀ նախագահի ընտրությունները»: Արթուր Բաղդասարյանը մի փաստ մատնանշեց. «Եղեգնաձորում դպրոցի դասատուին կանչում, ասում են՝ գնա, 10 հոգու ցուցակ բեր: Չի՛ կարելի պարտադրելով քվեարկել: Պարտադրանքը ծնում է ատելություն: Ով ուզում է՝ թող գնա, սրտով, ջիգյարով՝ ում ուզում է քվեարկի: Բայց ոչ թե քվեարկի փողով ու պարտադրանքով»:

Սակայն մեջբերենք, թե ինչ հարցեր էին ուղղում եղեգնաձորցիները ՀՀ նախագահի ՕԵԿ թեկնածուին: «Հայ ժողովուրդը 10 տարի տեսել ա տառապանք, չարագործություն: Երկու անձնավորություններ պարզ-պարզ քարուքանդ արեցին հայոց աշխարհը, հայ երկիրը,- ասաց մի տարեց տղամարդ:- Ավելի լավ չի՞ մինչեւ ընտրությունները կազմակերպենք, դուրս գանք, պահանջենք դրանց հրաժարականը՝ նոր ընտրություններ կազմակերպենք»: Հնչեցին ծափեր եւ «Արթուր, նախագահ» բացականչություններ: Ի պատասխան պրն Բաղդասարյանն ասաց. «Մենք վճռական ենք մեր պայքարում, սկզբունքային ենք մեր դիրքորոշումներում եւ հետեւողական ենք լինելու, որպեսզի այս ընտրություններն իրոք լինեն արդար»: «Չի՛ լինելու»,- գոռոցով ընդհատեց նրան հարցը տված տղամարդը: «Չի կարա չլինի,- հակադարձեց «Օրինաց երկրի» ղեկավարը:- Կլինի՝ կռվելու ենք, պայքարելու ենք մեր քվեների, մեր ձայների համար: Բոլոր էն մարդիկ, ովքեր խոչընդոտելու, խանգարելու են, ընտրական հանցագործություններ են անելու՝ դրանց դատելու ենք, պատժելու ենք մինչեւ վերջ»:

Մեկ այլ տարեց տղամարդ պատմեց. «Քոչարյանի 2-րդ անգամ ընտրվելուն ես մի սալդատի հարցրի՝ ասացի, տղա ջան, քեզ ո՞վ ստիպեց, որ ընտրիր Քոչարյանին: Ասաց՝ հորեղբայր, ես Ղարաբաղում էի ծառայում, ընդեղից մեզ լցրին ավտոները՝ բերին Ղափանում ծալած թղթեր տվին, ասին՝ քցեք արկղը: Հիմի նույնը կընտրեն էդ ձեւի»: Արթուր Բաղդասարյանն այսպես արձագանքեց. «Ժողովրդի մեջ փորձում են սերմանել՝ մեկ ա, սենց ա ու վերջ՝ ի՜նչ ընտրություն, ի՜նչ բան: Ես ասում եմ՝ ոչ, չի՛ լինելու նման բան: Դուք ամեն մեկդ ձեր գյուղում, ձեր բնակավայրում պիտի կանգնեք: Մենք էլ սարի պես ձեր մեջքին կանգնած ենք: Պիտի պայքարենք, կռիվ տանք: Ուրիշ տարբերակ չկա»: Եվ հավելեց. «Եթե այսօր էդքան հզոր է իշխանությունը՝ ինչի՞ է ընկել մարդկանց վախեցնում, ինչի՞ են արգելում գալ հանդիպումների: Բա հզոր եք, չէ՞, բա գնացեք՝ արդար անցկացրեք: Ուրեմն՝ այդ ամենը թվացյալ է»:

Հավաքվածներից մեկը ցանկացավ իր խոսքը հնչեցնել հարթակից: Եվ Արթուր Բաղդասարյանին գովերգող մի ամբողջ ելույթ ունեցավ, որի ընթացքում մասնավորապես ասաց. «Մեր քաղաքական գործիչներից շատերն են ձգտում հասնել բարձր աստիճանի, նստել բարձր աթոռների վրա՝ վարչապետ, ԱԺ նախագահ կամ ՀՀ նախագահ: Այս մարդը հասավ այդ գագաթին, բայց այդ բարձունքից տեսնելով մեր թշվառությունը՝ թողեց իր փափուկ աթոռը, իջավ ու խառնվեց մեզ, որպեսզի մեզ առաջնորդի դեպի օրինաց երկիր: Այդպես էր վարվել Դանկոն, որ մթին անտառում՝ ժողովուրդը չէր վստահում իրեն, այդ մարդը սիրտը ջահ դարձրեց եւ իր ժողովրդին դուրս բերեց մթին անտառից: Ավելի՛ն: Այդպես վարվեց Վարդան Մամիկոնյանը՝ տեսնելով անհավասար մարտը, սուսերամերկ միացավ իր ժողովրդին, զոհվեց հանուն իր ժողովրդի եւ կրոնի: Այդպես վարվեց (չզարմանաք) ամենակարող Հիսուս Քրիստոսը. տեսնելով ժողովրդի մոլորությունները՝ նա բազմապիսի չարչարանքներ կրելով՝ խաչ բարձրացավ հանուն ժողովրդի, մոլորությունից փրկելու համար: Այդպես վարվեց պրն Բաղդասարյանը՝ միանալով մեզ, մեզ փրկելու համար»: Այս համեմատությունների հեղինակը, ինչպես հետո պարզեցինք՝ ՕԵԿ անդամ Մելիքսեթ Հարությունյանն էր, որի ելույթն էլի ընդունեցին ծափերով ու բացականչություններով: Ի դեպ, պարզեցինք, որ այս ընտրարշավում ամենաշատ արտասանվող բանաստեղծը Եղիշե Չարենցն է, որի ստեղծագործություններն արդեն ասմունքել են Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Սերժ Սարգսյանը, իսկ երեկ էլ ահա ՕԵԿ այս անդամն արտասանեց՝ փոքր-ինչ վերափոխելով. «Ինչեր միայն չեն կատարի՝ ամբոխները խելագարված»:

Եղեգնաձորից Արթուր Բաղդասարյանն ուղեւորվեց Կապան, որտեղ տեղի ունեցած հանդիպումը, ըստ ՕԵԿ նախընտրական շտաբի՝ անցավ նույնքան ջերմ մթնոլորտում: Իսկ այսօր նախանշված է հանդիպում Սիսիանում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել