Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՐՔԵՐԸ ՇԻԿԱՆՈՒՄ ԵՆ

Հունվար 30,2008 00:00

\"\"ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի շտաբը իշխանություններին մեղադրում է նախընտրական իրավիճակը վերահսկողությունից դուրս բերելու մեջ:

Միայն անցած երկու օրերին միանգամից երկու քրգործեր են հարուցվել ՀՀ առաջին նախագահ եւ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի համակիր-թիմակիցների դեմ: Դրանցից մեկը հարուցվել է երեկ՝ ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի քննչական վարչությունում, ՀՀ «Քրեական օրենսգրքի» 258 եւ 316 հոդվածների՝ համապատասխանաբար «խուլիգանություն» եւ «իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ գործադրելու սպառնալիք արտահայտելը», հատկանիշներով: Ըստ ՀՀ ոստիկանության երեկ տարածած հաղորդագրության՝ «հունվարի 28-ին ոստիկանության Երեւան քաղաքի վարչությունում ճանապարհային ոստիկաններից զեկուցագրեր են ստացվել, որ նույն օրը ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի ավտոմեքենան ուղեկցող մոտավորապես 150-200 ա/մ-ների վարորդները Բաղրամյան պողոտայի եւ Դեմիրճյան փողոցի խաչմերուկում չեն ենթարկվել կանգ առ ազդանշանին եւ իրենց նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով շարունակել են երթեւեկությունը Բաղրամյան պողոտայով՝ դուրս գալով հանդիպակաց ուղեմաս, որով իրական վտանգ են ստեղծել ինչպես տեսուչների, այնպես էլ փողոցային երթեւեկության մյուս մասնակիցների կյանքի համար»:

Երեկ «Առավոտն» արդեն տեղեկացրել էր, որ ՀՀ ճանապարհային ոստիկանությունը դուրս է եկել «ավտոորսի» եւ դեռ հունվարի 28-ին էր փորձել ավտոերթին մասնակցած մեքենաները տանել տուգանային հրապարակ: Այդ «օպերացիան» երեկ իր շարունակությունն է ունեցել արդեն հարուցված քրգործի շրջանակներում: ՀՀ ոստիկանությունից «Առավոտի» հարցին ի պատասխան ասացին, թե՝ երեկ, երեկոյի դրությամբ, տուգանային հրապարակ է տարվել ընդամենը չորս ավտոմեքենա: Ըստ մեր տեղեկությունների, դրանց թվում են` Տեր-Պետրոսյանին աջակցող գործարար պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի եղբոր՝ Սարիբեկ Սուքիասյանի, ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանի, Տեր-Պետրոսյանի՝ Էրեբունիի շտաբի անդամներից մեկի, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի եւ Խաչատուր Սուքիասյանի անվտանգության ծառայության մեքենաները: Երեկ, ժամը 16:00-ի սահմաններում էլ Ճանապարհային ոստիկանության ավելի քան մեկ տասնյակ աշխատակիցները մի տեւական ժամանակահատված խցանել էին Խանջյան փողոցի ճանապարհային երթեւեկությունը «Սիլ պլազա» հյուրանոցի մոտ, որտեղից փորձում էին տուգանային հրապարակ տանել Տեր-Պետրոսյանի թիմակիցներից մեկին պատկանող 88 ՕՏ 882 պետհամարանիշի «Մերսեդես» ավտոմեքենան:

Տեր-Պետրոսյանի աջակիցների դեմ հարուցված մյուս քրգործը՝ ՔՕ 118-րդ հոդվածի հատկանիշներով՝ ծեծելը կամ բռնի գործողություններ կիրառելը, ՀՀ ոստիկանության Թալինի բաժնի քննչական բաժնի վարույթում է: Երեկ այստեղ հարցաքննության էր կանչվել հունվարի 27-ին Թալինում տեղի ունեցած միջադեպի մասնակից, «Հանրապետություն» կուսակցության անդամ Ժորա Սափեյանը: Հիշեցնենք, որ մի քանի այլ անձանց թվում Ժ. Սափեյանին եւ նրա եղբորը մեղադրում են այդ օրը Տեր-Պետրոսյանի հանդիպման ժամանակ թալինցի Սարգիս Կարապետյանին ծեծելու մեջ: Ժ. Սափեյանին երեկվա դրությամբ դեռ մեղադրանք չէր առաջադրվել, նա հարցաքննվում էր որպես վկա: Հիշեցնենք, որ այս օրերին Ժ. Սափեյանի եւ նրա ընտանիքի մյուս անդամների գործը, որպես քաղաքական հետապնդումների ենթարկվածի եւ 2003 եւ 2004թթ.-երին ընդդիմության հանրահավաքներին մասնակցելու համար երկու անգամ ապօրինաբար վարչական կալանքի ենթարկվածի, գտնվում է Եվրոպական դատարանի վարույթում:

Երեկ ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբը հիշյալ, նաեւ հունվարի 28-ին Կապանի ոստիկանության աշխատակիցների կողմից Կապանի նրա նախընտրական շտաբը բռնի ուժով փակելու, հունվարի լույս 27-ի գիշերը Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ Վանաձորի նախընտրական շտաբի ցուցանակը եւ մոտակայքում փակցված գովազդային պաստառը, ինչպես նաեւ հունվարի լույս 28-ի գիշերը Արաբկիրի ենթաշտաբի ցուցանակը անհայտ անձանց կողմի պոկելու փաստերի առնչությամբ հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է. «Հայաստանի ավազակապետական իշխանությունները՝ ահաբեկված ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական քարոզարշավի ավելի ու ավելի հզորացող ընթացքից, սկսել են դիմել սադրիչ, ապօրինի քայլերի»:

Հայտարարության մեջ Թալինում տեղի ունեցած միջադեպը գնահատվել է որպես «իշխանությունների անմիջական մասնակցությամբ կազմակերպված սադրանք, ինչից օգտվելով իրավապահ մարմինները Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ Թալինի նախընտրական շտաբի ակտիվին հրավիրում են ոստիկանության բաժին` ըստ էության կաթվածահար անելով նախընտրական շտաբի աշխատանքը»: Շտաբը բացի այն, որ իշխանություններին զգուշացրել է, որ նրանք են կրելու «այս գործողությունների անկանխատեսելի հետեւանքների ողջ պատասխանատվությունը», նաեւ իր նվիրվածությունն է հայտնել «ավազակապետական իշխանության դեմ պայքարի գործին եւ ունի այդ գործը ավարտին հասցնելու համար անհրաժեշտ վճռականություն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել