Լրահոս
Օրվա լրահոսը

Տարվա անդրանիկ լուրջ մրցումը

Հունվար 29,2008 00:00

«Աշխատանք» մարզական ընկերության դահլիճում հանգստյան օրերին անցկացված հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի մեծահասակների առաջնությանն ընդհանուր առմամբ մասնակցեց 80 ըմբիշ:

Հանրապետության չեմպիոն դարձան Ռոման Ամոյանը՝ 55 կգ, Խոսրով Մելիքյանը՝ 60, Արտակ Հարությունյանը՝ 66, Էդգար Բաբայանը՝ 74, Տիգրան Սահակյանը՝ 84, Արման Գեղամյանը՝ 96, Արա Առաքելյանը՝ 120:

Սա, ըստ էության, մեր ազգային հավաքականի թեկնածուների համար առաջին լուրջ մրցումն էր անցած տարվա սեպտեմբերին Բաքվում կայացած աշխարհի առաջնությունից հետո եւ ընտրական բնույթ էր կրում: Դրա համար էլ պայքարի մեջ ներգրավվել էին գրեթե բոլոր առաջատար ըմբիշները, որոնք նախաօլիմպիական այս շրջանում ձգտում էին վերահաստատել իրենց բարձր կարգը: Չէին մասնակցում հարեւան հանրապետության մայրաքաղաքում օլիմպիական ուղեգրեր նվաճած 120 կգ քաշային Յուրի Պատրիկեեւը, Արման Ադիկյանը՝ 66 կգ (նրանք հիմա անհատական մարզումներով նախապատրաստվում են օլիմպիական խաղերին), ինչպես նաեւ Դենիս Ֆորովը՝ 84 կգ, որը, այդուհանդերձ, մեկ շաբաթից հավաքականի կազմում այդ քաշային կարգի հանրապետության չեմպիոնի եւ արծաթե մեդալակրի հետ միասին մեկնելու է Իրան՝ միջազգային մրցաշարի: Գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը առաջնության ավարտին «Առավոտին» ասաց. «Ավելի շատ ըմբիշներ կարող էին մրցագորգ մտնել, սակայն գերադասելի է, որպեսզի լինի որակ, այլ ոչ թե քանակ: Այս առաջնության արդյունքներով՝ մեր մարզչական խորհուրդը ընտրելու է այն ըմբիշներին, որոնք կպայքարեն օլիմպիական նոր ուղեգրեր նվաճելու համար: Պեկինից առաջ նախատեսված է այդպիսի երեք մրցաշար. ապրիլի 3-6-ին Ֆինլանդիայում կայանալիք Եվրոպայի առաջնությունը, որտեղ յուրաքանչյուր քաշային կարգում խաղարկվելու է մեկ ուղեգիր (հաջորդաբար, լավագույն արդյունքը), մայիսի 8-11-ին՝ Իտալիայում (չորս ուղեգիր) եւ մայիսի 23-25-ին՝ Նովի Սադում (երեք) կայանալիք ընտրական մրցաշարերը: Իմ կարծիքով, մենք արդեն նվաճված երկու ուղեգրերին կարող ենք ավելացնել եւս երեքը կամ չորսը: Քաշային կարգեր կան, որտեղ ունենք մոտավորապես հավասար հնարավորություններով ըմբիշներ ու բացառված չէ, որ վերը նշված մրցումներ գործուղվեն տարբեր մարզիկներ»:

Խոսելով դոպինգի մասին, Լեւոն Ջուլֆալակյանն ասաց, որ իր ղեկավարած թիմում արգելված խթանիչների օգտագործման դեպքեր չեն արձանագրվել: Տարբեր ժամանակներում հակադոպինգային ծառայություններն անակնկալ եկել, նմուշներ են վերցրել ու ամեն անգամ տղաները «մաքուր» են եղել: «Մարզիկները եւ մարզիչները խստորեն նախազգուշացված են: Եվ Աստված մի արասցե, եթե հանկարծ օրենքի խախտում գրանցվի՝ անձնապես խիստ պատասխանատվության կկանչվեն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել