Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՈՆՅԱՆԸ ԵՎ ՄՈՎՍԻՍՅԱՆԸ՝ «CORUS CHESS»-Ի ՀԱՂԹՈՂՆԵՐ

Հունվար 29,2008 00:00

Հայաստանի լավագույն շախմատիստ, գրոսմայստեր Լեւոն Արոնյանը Հոլանդիայի Վեյկ ան Զեե քաղաքում անցկացված շախմատի 20-րդ կարգի գերմրցաշարի «A» խմբում նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ միասին 13 հնարավորից վաստակեց 8,0 միավոր եւ լրացուցիչ գործակիցներով գրավեց առաջին տեղը: Սա Արոնյանի երկրորդ անընդմեջ հաղթանակն է շախմատային հսկաների այս պայքարում: Անցած տարի Լեւոնը Վեսելին Տոպալովի եւ Թեյմուր Ռաջաբովի հետ 8,5-ական միավորով բաժանել էր 1-3-րդ հորիզոնականները:

Վերջին երկու տուրերում Լեւոնը ոչ-ոքի խաղաց, համապատասխանաբար՝ Վասիլի Իվանչուկի (Ուկրաինա) եւ մրցաշարի միակ կին մասնակից Յուդիթ Պոլգարի (Հունգարիա) հետ, իսկ նրա հիմնական մրցակից Կարլսենը նախ հաղթեց Ռուսաստանի ներկայացուցիչ Վլադիմիր Կրամնիկին, ապա միավորը բաժանեց ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովի հետ եւ վաստակած միավորներով հավասարվեց Արոնյանին: 3-4-րդ տեղերը 7,5-ական միավորով բաժանեցին Ռաջաբովը եւ աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան):

Այսպիսով, «Corus Chess»-ի ուժեղագույնների խմբի ամփոփիչ մրցաշարային աղյուսակը հետեւյալ տեսքն ունեցավ:

1. Լեւոն Արոնյան 8,0 միավոր

2. Մագնուս Կարլսեն 8,0

3. Թեյմուր Ռաջաբով 7,5

4. Վիշվանաթան Անանդ 7,5

5. Վասիլի Իվանչուկ 7,0

6. Պետեր Լեկո 7,0

7. Վլադիմիր Կրամնիկ 6,5

8. Մայքլ Ադամս 6,5

9. Շախրիյար Մամեդյարով 6,0

10. Յուդիթ Պոլգար 6,0

11. Վեսելին Տոպալով 6,0

12. Պավել Էլյանով 5,0

13. Բորիս Գելֆանդ 5,0

14. Լյուկ վան Վելլի 5,0

«Corus»-ի երկրորդ դիվիզիոնում (ՖԻԴԵ-ի դասակարգմամբ՝ 15-րդ կարգ) գերազանց հանդես եկավ Սլովակիան ներկայացնող Սերգեյ Մովսիսյանը: Նա իր անվան դիմաց գրանցեց 9,5 միավոր եւ պայքարն ավարտեց որպես միանձնյա առաջատար՝ ամբողջ մեկ միավորով գերազանցելով 2-3-րդ տեղերը բաժանած ֆրանսիացի Էտյեն Բակրոյին եւ անգլիացի Նայջլ Շորթին: Այս հաղթանակը Մովսիսյանին եկող տարի ուժեղագույնների խմբում հանդես գալու իրավունք տվեց: Ցավոք, իր հնարավորություններից խիստ ցածր հանդես եկավ Գաբրիել Սարգսյանը: Նա մրցաշարում տոնեց ընդամենը մեկ հաղթանակ՝ վերջին տուրում հոլանդացի Սփիլմենի նկատմամբ, եւ 5,0 միավորով բաժանեց 12-13-րդ տեղերը:

Տիգրանի գործերը վատ չեն

Այս օրերին մեկ այլ ներկայացուցչական մրցաշար է անցկացվում Մեծ Բրիտանիայում: Դա «Gibtelecom 2008 Masters» միջազգային բաց մրցաշարն է, որին մասնակցում են գրոսմայստերներ, հայաստանցի Տիգրան Լ. Պետրոսյանը եւ ԱՄՆ-ի դրոշի ներքո հանդես եկող Վարուժան Հակոբյանը: Ջիբրալթարում խաղացված վեց պարտիաներից հետո Տիգրանը 4,5 միավորով 203 շախմատիստների մեջ զբաղեցնում է 13-րդ հորիզոնականը, իսկ Վարուժանը 27-րդն է՝ 4,0 միավորով: Երեկ կայանալու էր 7-րդ տուրը, որում Տիգրանը սպիտակներով խաղալու էր նորվեգացի միջազգային վարպետ Ջոն Լյուդվիգ Համմերի, իսկ Վարուժանը՝ կանանց միջազգային գրոսմայստեր Յանգ Չենի հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել