Լրահոս
Օրվա լրահոսը

Գրքերը «հանգրվանել» են հատակին

Հունվար 29,2008 00:00

Մարտունի քաղաքի միավորված՝ Մանկական եւ Կենտրոնական գրադարանները անմխիթար վիճակում են

Արդեն քանի ամիս է, ինչ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Մանկական գրադարանը չի գործում: Նախկինում այն տեղակայված էր մշակույթի պալատի շենքում, որն այժմ վերանորոգվում է: Մանկական գրադարանը պետք է միավորվի Մարտունու կենտրոնական գրադարանի հետ: Սակայն այստեղ էլ չկան շենքային պայմաններ, ուստի Մանկական գրադարանի 17000 կտոր գրքերը կապոցներով դրված են Կենտրոնական գրադարանի նախկին գրապահոցում, որտեղ միշտ «երգում» է քամին, խոնավությունից գրքերը փչանում են:

«Մարդու սիրտ կտոր-կտոր է լինում, երբ տեսնում է, որ էս թառլան գրքերը փչանում են: Բոլոր գրքերը «հիվանդ» են: Անգամ փոքրերին չենք կարողանում սպասարկել, մերժված են հեռանում ա

յստեղից»,- ասում է Սուսաննա Ադիլխանյանը, որը 30 տարի աշխատում է Մարտունու կենտրոնական գրադարանում:

Նշենք, որ Կենտրոնական գրադարանի շենքը կառուցվել է 1936 թ.: 1985-ին մասնակիորեն վերանորոգվել է միայն տնօրենի աշխատասենյակը: Ամբողջ շենքը անմխիթար վիճակում է, գրապահոցի ու ընթերցասրահի հատակը փտած է: Մոտ յոթ տարի առաջ գրադարանի 70000 կտորից բաղկացած ֆոնդը տեղափոխեցին ընթերցասրահ, իսկ վթարային դարձած գրապահոցը փակեցին: Այդ պատճառով էլ, երբ երկու տարի առաջ Քաղաքային գրադարանը միավորվեց Կենտրոնական գրադարանի հետ, գրքերի համար այլեւս տեղ չգտնվեց, եւ դրանք «հանգրվանեցին» հատակին: «17000 դրամի համար ուղղակի հերոսություն է գրապահոց մտնելը. փտած հատակն ամեն վայրկյան կարող է փուլ գալ, գրապահարաններն էլ՝ շրջվել»,- ասում է գրադարանի աշխատակից Ռոզա Ժամհարյանը:

Գրադարանի պայմաններից գոհ չեն նաեւ ընթերցողները: Ուսանող Անուշը դժգոհում է, որ գրադարանն այժմ ընթերցասրահ չունի. «Եթե ընթերցասրահ լիներ, շատ լավ կլիներ: Ընթերցասրահի մթնոլորտը մի տեսակ տրամադրում է կարդալ: Թե չէ հիմա, երբ բառարանից կամ հանրագիտարանից պետք է լինում օգտվել՝ կաբինետներից մեկում ենք կարդում, իսկ այդպես հարմար չէ»:

«Երբեմն գիրքը վերցնում ես ու հետո զղջում՝ այնքան վատ վիճակում է այն լինում, որ վախենում ես ձեռք տալ: Հաճախ գրքերի միջից էջեր են պակաս, կամ այնքան են մաշված, որ տառերը չեն երեւում: Մեկ-մեկ գրքերը սոսնձում, կազմում եմ, ապա նոր հանձնում»,- ասում է 16-ամյա Աննան:

Ամեն դեպքում բոլորն էլ ստիպված են այս գրադարանից օգտվել, քանի որ այն միակն է Մարտունի քաղաքի եւ շրջակա 17 գյուղերի համար:

Գրադարանի աշխատակիցները հույս ունեն, որ հերթական ձմեռն էլ մի կերպ կանցկացնեն, տանիքը կամ հատակը դեռ փուլ չեն գա, մինչեւ քաղաքապետարանը մի լուծում գտնի: Ըստ Մարտունու քաղաքապետարանի քաղաքաշինության եւ գյուղատնտեսության բաժնի պետ Սամվել Բաղդասարյանի՝ հնարավոր է, որ մյուս տարի գրադարանի շենքը վերանորոգվի. «Եթե ֆինանսական միջոցները բավականացնեն, գուցե եւ նոր շենք կառուցվի գրադարանի համար, եթե ոչ՝ ապա կաշխատենք վերանորոգել: Ամեն դեպքում գրադարանը մեր ուշադրության կենտրոնում է»:

Գրադարանի աշխատակիցները պաշտոնյաների խոսքերին թերահավատորեն են վերաբերվում՝ հոգնել են սպասելուց ու դատարկ խոստումներից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել