Լրահոս
Օրվա լրահոսը

«ԿԱՐՈ՛Ղ Է ԶԲԱՂՎԵԼ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ»

Հունվար 29,2008 00:00

Երեկ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի ՀՀԿ-ական կողմնորոշման մասին ասաց Հրանուշ Խառատյանը

«Ուրբաթ» ակումբի երեկվա հյուրը ազգագրագետ, ՀՀ կառավարության կրոնի եւ ազգային փոքրամասնությունների հարցերով վարչության պետ Հրանուշ Խառատյանն էր, թեման՝ ՀՀ-ում կրոնական ազատությունն ու խտրականությունը: Հ. Խառատյանի խոսքերով, մեր երկրում, օրենքի համաձայն, պետությունը չի միջամտում քաղաքացիների կրոնական ընտրությանը. «Պետություն-կրոն առնչությունները սահմանափակվում են ընդամենը կրոնական կազմակերպություններին իրավական կարգավիճակ տալով եւ հետեւելով, որ այդ կազմակերպությունները գործեն իրավունքի շրջանակներում: Թե՛ օրենքներով եւ թե՛ գործողություններով ՀՀ իշխանությունները կրոնական կառույցների հետ ուղղակի իմաստով ակտիվ առնչություններ չունեն: Կրոնի մասին օրենքը լուրջ վերանայման կարիք ունի»: Հ. Խառատյանը փաստեց, որ մեր պետությունը հատկապես վերջին տարիներին սկսել է վերադարձնել բոլոր այն շինությունները, որոնք պատկանում էին ոչ միայն հայ առաքելական, այլեւ կաթոլիկ, ասորական, ռուս ուղղափառ եկեղեցիներին: Տիկ. Խառատյանը անդրադարձավ նաեւ միջազգային «Համաներում» կազմակերպության վերջերս հրապարակած զեկույցին, ըստ որի՝ ՀՀ-ն հայտնվել էր այն երկրների շարքում, որտեղ առկա է կրոնական խտրականություն: «Ես գտնում եմ, որ այդ գնահատականը բավական անհավասարակշիռ է եւ կառուցված է բացառապես «Եհովայի վկաների» կողմից տրված իրավիճակի գնահատականի հիման վրա: Վերջինս չի քննարկվել Հայաստանի այն կառույցների հետ, որոնք այդ զեկույցում ներառված են իբրեւ դերակատարներ, եւ որոնց գործողություններն էլ գնահատվել են խտրական վերաբերմունքի դրսեւորումներ: Իմ կարծիքով, այդ գնահատականը ոչ միայն անհարկի, այլեւ անտեղի էր: Պարզապես բերված են օրինակներ, թե ինչպես են «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության առանձին անդամներ ենթարկվել տարբեր մակարդակի ֆիզիկական բռնությունների՝ իրենց քարոզչության ժամանակ, ու նաեւ ինչպես մեր իրավապահ մարմինները ժամանակին չեն արձագանքել այդ բռնություններին: Զեկույցը ամենեւին էլ Հայաստանի կրոնական իրավիճակը չի ներկայացնում, այն չպետք է կոչվեր Հայաստանի կրոնական իրավիճակի գնահատական, որովհետեւ այնտեղ անդրադարձ կա միայն «Եհովայի վկաների» եւ երկրի հարաբերություններին»,- հավելեց Հ. Խառատյանը: Ինչ վերաբերում է ալտերնատիվ ծառայությունից խուսափած «Եհովայի վկա» երիտասարդների ձերբակալությանն ու պատժի կրման դեպքերին, ըստ Խառատյանի, դա նույնպես զեկույցում դիտվել է խտրականություն. «Բողոքի առանցքում ընկած է այն, որ գործում է զինվորական վերահսկողություն»:

Ըստ բանախոսի, չնայած Հայաստանում որեւէ կրոնական խտրականություն չկա, բայց բնակչության կողմից շատ են դժգոհությունները՝ «Եհովայի վկաների» մասին: «Դժվար թե «Եհովայի վկաների» թիկունքում կանգնած լինեն այնպիսի գերհզոր ուժեր, որոնք ուզում են մեր երկիրը ապակայունացնել: Կարծում եմ, որ երբ «Եհովայի վկաների» հասարակական իմիջը տատանվում է, նրանք ուղղակի փորձում են իրենց իմիջի շուրջ քննարկումները միշտ ակտիվ պահել»,- նկատեց նա:

Լրագրողների հետաքրքրությանը, թե ՀՀ կառավարության կրոնի եւ ազգային փոքրամասնությունների հարցերով վարչության պետն ինչպես է վերաբերվում այն փաստին, որ վարչապետ Սերժ Սարգսյանի քարոզարշավին մասնակցում է Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, տիկ. Խառատյանը պատասխանեց. «Ընդհանրապես լավ չեմ գնահատում: Մյուս կողմից՝ աշխարհում բոլոր հոգեւորականներն էլ կարող են լինել կուսակցական ու զբաղվել կուսակցական գործունեությամբ: Ցանկացած քաղաքացի կարող է զբաղվել քաղաքականությամբ, ունենալ կուսակցական հայացքներ: Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը եւս, որպես ՀՀ քաղաքացի, ունի այն բոլոր իրավունքները, ինչպես ես եւ դուք, սակայն իրավունք չունի անելու որեւէ հայտարարություն՝ Արարատյան թեմի անունից»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել