Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատամարտիկներին զրկում են ամեն ինչից

Հունվար 29,2008 00:00

Ո՞րն է Երեւանի վարչական սահմանը

Պատերազմում իրենց հարազատին, կերակրողին կորցրած կամ ֆիզիկական կարողություններից զրկված ազատամարտիկների ընտանիքները (չհաշված պետական կերակրամանից սնվող եւ վերոնշյալ խավի խնդիրներով «մտահոգ» կազմակերպությունների որոշ առաջնորդներին) այսօր սրտնեղած են իշխանությունների նկատմամբ, որոնք նման կարգավիճակ ունեցողների համար գրում են արտոնությունների մասին որեւէ օրենք, հաստատում, հետն էլ ամրագրում այն շրջանցելու մի անհաջող ճանապարհ:

Հեղինե Շահբազյանն իր միակ որդուն կորցրել է 1992-ին՝ արցախյան թեժ մարտերի ժամանակ, երբ մահապարտների կարիքն այնքան շատ էր զգացվում: Տիկին Հեղինեն առանց որդու ապրում է արդեն 15 տարի: Այդ երկարուձիգ տարիների ընթացքում պետությունն երեք մեդալ է հանձնել (հետմահու) նահատակ զինվորի ընտանիքին եւ ընդամենը 700 քմ վարձակալական մի հողակտոր՝ 1994-ին, որն այժմ գտնվում է Աջափնյակ համայնքի վարչական տարածքում (1994-ին գտնվել է Երեւանի Շահումյանի շրջանում): Զոհվածի ընտանիքն այն բարեխղճորեն մշակել եւ տիրապետում է 14 տարի, վճարում հողահարկն ու ոռոգման ջրի վարձերը: ՀՀ հողային օրենսգրքում կա հոդված, որի 64-րդ հոդվածը իրավունք է տալիս այդ ընտանիքներին՝ օգտվել անհատույց սեփականաշնորհման իրավունքից: Այդ իրավունքից կարող են օգտվել «Հողի սեփականաշնորհում իրականացրած համայնքներում բնակվող՝ զոհված եւ հաշմանդամ դարձած ազատամարտիկների, «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անձանց, չորս եւ ավելի երեխա ունեցող ընտանիքները, որոնք չեն օգտվել հողի սեփականաշնորհումից, նախկինում չեն ստացել (ձեռք բերել) տնամերձ կամ բնակելի տան շինարարության եւ դրա սպասարկման համար հողամաս»: Ընդ որում՝ օրենսդիրն օրենքում հստակեցրել է, որ նշյալ արտոնությունից մարդիկ կարող են օգտվել մինչեւ 2007-ի հունիսի 30-ը: Տիկին Հեղինեն էլ, ցանկանալով սեփականաշնորհել նշյալ հողակտորը՝ մինչեւ ժամկետի լրանալը մեկ տասնյակից ավելի անգամ դիմել է քաղաքապետարան, Մարդու իրավունքների պաշտպանին, պաշտպանության նախարարություն՝ խնդրելով միջնորդել օրինական իր իրավունքից օգտվելու համար: Քաղաքապետարանի անշարժ գույքի կառավարման բաժնից նախ պատասխանել են, որ դրա համար իրավական հիմքեր չկան, իսկ հետագայում նույն կառույցից գրավոր տեղեկացրել են. «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետի համաձայն՝ համայնքների վարչական սահմաններում գտնվող պետության եւ համայնքների սեփականությանը պատկանող հողերը մշտական օգտագործման է տրամադրում համայնքի ղեկավարը (Երեւան քաղաքում՝ Երեւանի քաղաքապետը): Աջափնյակի թաղային համայնքի եւ Հ. Շահբազյանի միջեւ 700 քմ մակերեսով հողամասի համար կնքված պայմանագրից ծագող իրավունքները պետական գրանցում չեն ստացել, եւ պայմանագիրը համարվում է առոչինչ: Հայաստանի Հանրապետության 23.05. 2006թ. ընդունված «ՀՀ հողային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքով, ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված դեպքերում հողի սեփականաշնորհում իրականացրած համայնքներում բնակվող զոհված եւ հաշմանդամ դարձած ազատամարտիկները, ովքեր չեն օգտվել հողի սեփականաշնորհումից, նախկինում չեն ստացել (ձեռք բերել) տնամերձ կամ բնակելի տան շինարարության եւ դրա սպասարկման համար հողամաս, կարող են օգտվել սեփականության իրավունքով անհատույց հողամաս տրամադրելու իրավունքից: Երեւան քաղաքի համայնքներում սեփականաշնորհում չի իրականացվել եւ վերը նշված անձանց նկատմամբ չեն կարող կիրառվել ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի դրույթները»:

Եթե մի փոքր ուշադիր կարդանք վերոնշյալ օրենքը՝ մի շարք հարցեր կառաջանան: Նախ, «…համայնքների վարչական սահմաններում գտնվող պետության եւ համայնքների սեփականությանը պատկանող հողերը մշտական օգտագործման է տրամադրում համայնքի ղեկավարը (Երեւան քաղաքում՝ Երեւանի քաղաքապետը)»: Այստեղ հարց է առաջանում, եթե Երեւանը կազմված է համայնքներից, որոնցից մեկն էլ Աջափնյակն է, ապա ո՞վ է անհատույց մշտական օգտագործման տրամադրելու հարցը լուծելու՝ քաղաքապե՞տը, թե՞ Աջափնյակի համայնքապետը: Հետեւաբար, ո՞րն է Երեւանի վարչական սահմանը՝ քաղաքապետի լիազորություններին ենթակա: Չեն նկատել, որ մարդն իրավունք ունի նաեւ վաղեմության ուժով տիրապետել այդ հողակտորը, քանի որ 10 տարուց ավելի տիրապետում է այն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել