Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԻՄԱ ԴԱՍԱԽՈՍԸ ՆԱԵՎ «ՊԱՀԵՍՏԱՊԵՏ» Է

Հունվար 29,2008 00:00

Կրեդիտային համակարգի ներմուծմամբ՝ փոխվել է դասախոսի ավանդական կերպարը

Հայաստանում կատարվող կրթական բարեփոխումներին զուգահեռ, փոխվել է նաեւ դասախոսի ավանդական կերպարը: Եթե նախկինում դասախոս ասելիս պատկերացնում էինք տարիքով անձնավորություն, որն ակնոցներն աչքերին ուշադիր լսում է, թե ուսանողն ինչպես է պատասխանում քննական տոմսի հարցերին, ապա այժմ պատկերն այլ է. համարյա չկան ո՛չ պատկառելի տարիքով դասախոսներ, ո՛չ էլ քննության ընդունման ավանդական ձեւեր:

Բուհերում նոր է ավարտվել քննաշրջանը, որի ընթացքում դասախոսների քննական սեղանի անբաժանելի մասն էին կազմում հաշվիչը եւ կուրսի մատյանը՝ բացակայության մասին նշումներով: Դասախոսի սեղանին դրված տրցակով թերթիկներն էլ իրենց պատվավոր տեղն ունեին, որոնց նայելով՝ ոչ ոքի մտքով չէր կարող անցնել, որ դրանք ծառայում են որպես ստուգման գրքույկ: Մինչ ուսանողները տեղերում պատրաստում էին իրենց քննական պատասխանները, դասախոսը մի պահ վերածվում էր, ինչպես նրանցից մեկն ասաց՝ «պահեստապետի», քանի որ նախ հաշվում էր դասամատյանում բացակայությունների թիվը, հետո հաշվիչով որոշում, թե հատկացված միավորի քանի տոկոսին է արժանի ուսանողը: Եվ եթե մինչ քննաշրջանը՝ դասախոսներն ու ուսանողները դժգոհում էին, թե կրեդիտային համակարգի մասին ոչինչ չգիտեն, հիմա, երբ քիչ թե շատ պատկերացում ունեն, կրկին դժգոհում են, որ դեռ չեն համակերպվել այս նորամուծությանը:

Տեխնիկական գիտությունների թեկնածու, ԵՊՀ դասախոս Հրաչ Բայադյանը մեզ հետ զրույցում փաստեց. «Այս համակարգին անցնելը միջազգային թելադրանք է: Ցավոք, կրեդիտային համակարգի մասին հիմա էլ ամեն ինչ շատերի համար հասկանալի չէ: Փորձում ենք մերը նմանեցնել Արեւմուտքի կրթահամակարգին, փոխարենը նախ հասկանալու, թե ինչպիսին է նրանց համակարգը: Վերջինս ենթադրում է կրթության ոլորտի, հիմնականում՝ համալսարանների կոմերցիալացում, երբ գիտելիքը դառնում է ապրանք, եւ գուցե դրա լավագույն մետաֆորը կրեդիտն է»: Հետաքրքրվեցինք՝ մի՞թե կրեդիտային համակարգի անցման սկզբնական փուլը խոստումնալից չէ: Հ. Բայադյանը պատասխանեց. «Չեմ կարող ասել, թե Հայաստանում այսօր որեւէ բան խոստումնալից է, նույնը վերաբերում է նաեւ կրեդիտային համակարգին: Եթե չենք կարողանում ինչ-որ ձեւով ստեղծել ամբողջական կրթահամակարգ, ապա կրեդիտայինը այդ միջավայրում շատ բան չունի անելու: Բացի այդ, նոր համակարգի ստեղծումը կրեդիտայինով չի սկսվել, դրա սկիզբը բակալավրիատ-մագիստրատուրա համակարգն էր: Այլ բան է, որ կրեդիտային համակարգը մի քիչ ավելի մեխանիկական տարրեր ունի, քան մյուս կրթական տարրերը եւ գուցե այն ավելի հեշտ է ներդնել»:

Ըստ փիլիսոփայական գիտությունների թեկնածու, դոցենտ Հովհաննես Հովհաննիսյանի՝ կրեդիտային համակարգին անցնելը Հայաստանի համար անխուսափելի էր. «Բավականին լուրջ խնդիրներ կունենայինք, եթե չգնայինք այդ քայլին: Դա պայմանավորված է ե՛ւ արտաքին, ե՛ւ ներքին գործոններով: Պիտի ունենանք այնպիսի համակարգ, որը իր տված գնահատականներով եւ փաստաթղթերով համադրելի լինի եվրոպական չափանիշներին: Նախկինում բանավոր քննության ժամանակ անձնական սիմպատիան, հովանավորչությունը սուբյեկտիվ էին դարձնում գնահատականը, իսկ այժմ ուսանողին գնահատելը հնարավորություն է տալիս ավելի օբյեկտիվ լինել»: «Առավոտը» Հ. Հովհաննիսյանին փոխանցեց ուսանողների դժգոհությունը, թե իրենց գնահատականները նոր գնահատման համակարգի պատճառով զգալիորեն իջել են: Նա պատասխանեց. «Նախկին 5 միավորանոց համակարգում 3-ն էր դրական համարվում, որը 5-ի 60 տոկոսն էր: Գնահատման սանդղակի տրամաբանությունը կառուցված էր նրա վրա, որ եթե ուսանողը լրացրել է հարցի 60 տոկոսը, կստանա դրական գնահատական: Երբ սկսեցինք 8-ը դրական համարել, փաստորեն՝ 60-ից մեր միջին գնահատականն իջեցրինք 40 տոկոսի: Այսօր եվրոպական շատ համալսարաններ 8-10 միավորը դրական չեն համարում: Ավելի է խստացվելու, եւ ամենացածր դրական միավորը 12-ն է համարվելու: Այդ դեպքում ուսանողները պիտի վերանայեն իրենց պարապելու գործընթացը»: Պետական տնտեսագիտական համալսարանի դասախոսները եւս լավ աչքով չեն նայում կրեդիտային համակարգին, սակայն խուսափեցին ավելի ընդլայնված կարծիք հայտնել: Օրինակ՝ աշխատանքի տնտեսագիտության ֆակուլտետի մի խումբ դասախոսներ մեզ խորհուրդ տվեցին խոսել ռեկտորի հետ, քանի որ իրենց բուհում այդպիսի կանոնադրություն կա: Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի իտալերենի դասախոս Էլիզա Գիչունցն էլ փաստեց. «Ուսանողները նշանակված քննության օրը գալիս են ոչ թե իսկապես քննության՝ քննական հարցերի պատասխանելու, այլ ստուգման գրքույկում տարվա ընթացքում հավաքած միավորները գրանցելու: Մի փոքր լարվածություն է առաջանում միայն այն պատճառով, որ ռոտացիոն համակարգն էլ է կրեդիտայինին զուգահեռ կիրառվում եւ մեծանում է մրցակցությունը՝ անվճար տեղերի համար»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել