«Ասպարեզ» ակումբի գրասենյակը հրդեհելու գործով հարուցվել է քրգործ
Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը 3000 դոլար պարգեւ է խոստանում նրան, ով առաջինը ճշգրիտ տեղեկատվություն կհաղորդի ակումբի հրկիզման պատվիրատուի մասին: Նա նաեւ խոստանում է գաղտնի պահել լրատվության աղբյուրի ինքնությունը: Այդուհանդերձ, դեռ ոչ ոք չի համարձակվում որեւէ վկայություն տալ:
Նշենք, որ Լեւոն Բարսեղյանը դեպքի առնչությամբ իրավապահ մարմիններին չի դիմել, ոստիկաններն ինքնակամ են ներկայացել՝ հարցը պարզաբանելու: Հիշեցնենք, որ մոտ 10 օր առաջ՝ գիշերվա կեսին, ակումբի գրասենյակի պատուհաններից մեկը բենզինով այրել էին: Ճիշտ այդ օրը Լեւոն Բարսեղյանը ասուլիս էր հրավիրել եւ քննադատել Գյումրիի հարկային տեսչության պետ Մարտին Զիլֆիմյանին՝ իրեն համապատասխան տեղեկատվություն չտրամադրելու համար: Ուստի մենք պարոն Բարսեղյանից հետաքրքրվեցինք, թե չի՞ կասկածում, որ հենց Զիլֆիմյանը կարող է լինել հրդեհի հեղինակը: Լ. Բարսեղյանը նման կասկածներ չուներ. «Իմ լրագրողական գործունեության ընթացքում բազմիցս եղել են սպառնալիքներ, հեռախոսով հայհոյանքներ եւ այլն, եւ այլն: Վերջերս էլ եղել է մի պետական պաշտոնյայից հայտարարված սպառնալիք՝ զգույշ մնալու եւ պատասխան տալու մասին: Ես դա կապում եմ «Գալայի» հանրահավաքի ժամանակ իմ հնչեցրած կոչերի հետ, բայց ծանոթ լինելով էդ մարդու դաստիարակությանը՝ կարծում եմ, որ նրա ասածը ուղղված էր օրինական պատասխանատվությանը, բայց ոչ թե կուգամ՝ լուսամուտդ կվառեմ կամ կալոսդ կծակեմ թեմային: Դրա համար ես նպատակահարմար չեմ գտնում հրապարակելու էդ մարդու անունը: Ես դեռ որեւէ կոնկրետ անձի չեմ կասկածում, չնայած որ խոշոր հաշվով ինձ թվում է հետեւյալը, որ սա ուղղակիորեն կապ ունի «Գալա» հեռուստաընկերության հետ»:
Լ. Բարսեղյանը պատմեց, որ քննիչն իրեն հարցաքննելիս հետաքրքրվել է, թե վերջին շրջանում Բարսեղյանն ո՞ւմ է քննադատել. «Բոլորին գոնե հայտնի է, որ ես ում քննադատել եմ՝ քննադատել եմ հրապարակավ, այս դեպքում կոնկրետ անուններ եմ տվել եւ քննադատել եմ այդ մարդկանց վարքը՝ Գյումրիի քաղաքապետ, ավագանի, Գրիգոր Ամալյան, Ազգային անվտանգություն եւ այլն: Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի գտնենք նախաձեռնողին եւ շփվենք նրա հետ բոլոր այն կանոններով, որոնք իրենք հարմար կհամարեն, պետք լինի՝ կլոր սեղանի շուրջ կբանավիճենք, պետք լինի՝ մի ուրիշ տեղ կհանդիպենք, մի խոսքով՝ բոլորին ես ուզում եմ հասկացնել, որ խոսքի ազատությունը պաշտպանելու կոչված հիմնարկները՝ ակումբ կլինի, թե ԶԼՄ, պիտի մեր երկրում դառնան անձեռնմխելի, եկեղեցու նման վեր պետք է լինեն ամեն տեսակ խարդավանքներից: Հրդեհելով՝ իրենք խնդիր չեն լուծում, ենթադրենք՝ ամբողջովին վառվեց «Ասպարեզ» ակումբը, ասենք՝ զոհեր էլ տվեցինք, մենք շարունակելու ենք մեր գործունեությունը»,- ասում է Լեւոն Բարսեղյանը:
Նա վստահ է, որ այս գործը եւս չի բացահայտվի ոստիկանների կողմից, ինչպես հանրապետությունում լրագրողների նկատմամբ տեղի ունեցած մյուս բոլոր ոտնձգության դեպքերը: «Ես հանցագործին, խոսքս հարկայինի օպեր-լիազոր Հովիկ Հովհաննիսյանի մասին է, բերեցի-դրեցի ոստիկանների առաջ, մարդը իր ցուցմունքում գրեց, որ ինքը փակել է «Գալայի» տեսախցիկի օբյեկտիվը, բռնել է օպերատոր Գրիգոր Շաղոյանի կոկորդից, սակայն էդքան բանից հետո քննչական բաժինը եզրակացության եկավ, որ հանցակազմի բացակայության պատճառով քրգործ չի հարուցվում: Գիտե՞ք, ես կասկածի տակ չեմ ուզում առնել ոստիկանությունում աշխատող մարդկանց անհատական-մասնագիտական որակը, ես վստահ եմ, որ այնտեղ կան բազմափորձ, հմուտ մասնագետներ, խոսքս ռեժիմի վերաբերմունքի մասին է: Շատ հնարավոր է, որ տեսուչները հանցագործությունը բացահայտեն, եւ վերջում ռեժիմը ասի՝ ձեռ չի տալիս՝ ցրեք-ջրեք, թող գնա»: