Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՎՍ ՄԻ ԻՐԱՑՄԱՆ ԳՈՏԻ

Հունվար 29,2008 00:00

\"\"Մոտ 50 ընտանիք վտարման վտանգի տակ էՀյուսիսային պ

ողոտայի, Բուզանդի, Կոզեռնի վտարված հարյուրավոր բնակիչներին շուտով կմիանան նաեւ Տերյանի 127 եւ 131 շենքերի բնակիչները: Նրանց նույնպես պատրաստվում են վտարել՝ հանուն պետության բացառիկ, գերակա շահի: Իսկ շահը «Ռեգիոն Ինվեստ» ՍՊԸ-ի ցանկությունն է՝ այդ տարածքում «էլիտար» շենքեր կառուցելու: Բնակիչներին արդեն պայմանագրեր են հրամցրել՝ ստիպելով կա՛մ ստորագրել դրանք ու ինքնակամ դուրս գալ, կա՛մ սպասել ԴԱՀԿ-ի միջնորդությամբ վտարմանը:

Տարածքը, որը գտնվում է Ճարտարագիտական համալսարանի հարեւանությամբ, իրացման գոտի է ճանաչվել կառավարության նախորդ տարվա որոշմամբ:

Կառուցապատող «Ռեգիոն Ինվեստ» ՍՊԸ-ն բնակիչներին մինչեւ հուլիսի 1-ը ժամկետ է տվել, որպեսզի համաձայնության գան: Չնայած ընկերությունը պայմանագրով բնակիչներին գումարային փոխհատուցում է առաջարկել, սակայն ոչ մի բնակիչ չի համաձայնում այդ պայմաններով բնակարանը զիջել: «Ընկերությունը 1 քմ-ն այնքան էժան է գնահատել, որ այդ գումարով մենք չենք կարող կենտրոնում գոնե 1 սենյականոց բնակարան գնել: Ներկայումս կենտրոնում 1 քմ-ի շուկայական արժեքը 2000 դոլար է, իսկ ընկերությունը մեր բնակարանների 1 քմ-ն հաշվել է ընդամենը 850 դոլարով»,- դժգոհեցին բնակիչները:

Այն բնակիչները, որոնք հրաժարվում են գումարային փոխհատուցում վերցնել, կառուցապատողը մեկ այլ առաջարկ էլ է արել՝ համապատասխան տարածքով բնակարան տալ իր իսկ կառուցելիք «էլիտարում»: Սակայն Տերյան 127 շենքի բնակչուհի Լալա Բդոյանի խոսքերով՝ «էլիտարում» իրենց բնակարանների մակերեսով բնակարան չկա, բոլորը չափսերով ավելի մեծ են, ուստի այս առաջարկին համաձայնելու դեպքում բնակիչները պետք է հավելյալ տարածքի համար հազարավոր դոլարներ վճարեն, այսինքն՝ կառուցապատողից տարածք գնեն: «Իմ բնակարանից ինձ վտարում են ու դեռ ե՞ս պիտի իրենց վճարեմ: Թող հանգիստ թողնեն, ես չեմ ուզում նոր բնակարան, ուզում եմ իմ տանն ապրել»,- ասաց Լ. Բդոյանը:

Նկատենք, որ «Ռեգիոն Ինվեստը» «էլիտար» շենքերը պատրաստվում է կառուցել մի քանի տարուց: Նրանց, ովքեր պիտի սպասեն «էլիտարից» բնակարան ստանալուն, ընկերությունն առաջարկել է վարձով բնակվելու համար ամսական 50 հազար դրամ տրամադրել՝ երկուսուկես տարի ժամկետով: Մինչդեռ, բնակիչների խոսքերով՝ ոչ մեկը չի երաշխավորում, որ նշված ժամկետում շենքը պատրաստ կլինի եւ իրենք չեն մնա անօթեւան: Բացի այդ, ընկերության տրամադրած գումարը անգամ ծայրամասերում մեկ սենյականոց բնակարան վարձելու համար չի բավականացնի:

Նշենք, որ ըստ «Ռեգիոն Ինվեստի» առաջարկած պայմանագրի, եթե բնակիչը սահմանված ժամկետից ուշ ազատի բանկարանը, ապա ամեն ուշացած օրվա համար պարտավոր է կառուցապատողին վճարել 4,500 դրամ, իսկ եթե ուշացման ժամկետը գերազանցում է 10 օրը՝ դրան հաջորդող յուրաքանչյուր օրվա համար՝ 13,500 դրամ, 25 օրվա ընթացքում չազատելու դեպքում՝ բնակչին կտան կառուցապատողի սահմանած գումարը եւ հարկադրաբար կվտարեն բնակարանից:

Կառուցապատողի հետ «լեզու չգտնելով», բնակիչները դիմել են վարչապետի վերահսկողական ծառայություն, որտեղից պատասխանել են, որ դա ԾԻԳ-ի գործառույթն է եւ բնակիչներին բացատրել են՝ «եթե հրաժարվեք պայմանագիրը ստորագրել, ապա, միեւնույն է, դատարանի որոշմամբ կվտարվեք»:

Տերյան 127 եւ 131 շենքերի բնակիչները դիմել են նաեւ ԾԻԳ-ի գրասենյակ: ԾԻԳ-ից նրանց հորդորել են դիմել դատարան. «Սկզբում ԾԻԳ-ի տնօրենը մեզ ասաց, որ կառուցապատողը կգա, մեզ հետ կբանակցի եւ գուցե համաձայնության գանք: Հետո էլ խոսքը փոխեց ու ասաց՝ դե, սա էլ առեւտուր է, համաձայն չեք գնահատման հետ՝ դիմեք դատարան, թող մի երրորդ մարմին գնահատի ձեր տները: Իսկ անկախ գնահատողները խուսափում են գործ ունենալ իրացման գոտու բնակիչների հետ: Բացի այդ, վստահ չենք, որ դատարանը մեր օգտին վճիռ կկայացնի: Մինչ օրս չի եղել դեպք, որ գործը լուծվի իրացման գոտու բնակչի օգտին»:

Օգտվելով նախընտրական շրջանից, բնակիչները դիմել են նաեւ մի շարք պատգամավորների եւ կուսակցությունների: Մինչ օրս միայն «Ժառանգությունն» է արձագանքել:

Չնայած վարչապետի ենթակայությամբ գործող պաշտոնյաները բնակիչներին հորդորել են դիմել դատարան, քանի որ ամեն ինչ օրենքի շրջանակներում է կատարվում, օրերս Սերժ Սարգսյանը Կենտրոն համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ, երբ Տերյան փողոցի վերը նշված շենքերի բնակիչները իրենց հարցով դիմել են վարչապետին, նա բնակիչների գլխի տակ փափուկ բարձ է դրել. «Ես դեմ եմ, որ որեւէ սեփականատեր մեր բնակիչների հաշվին գերշահույթներ ստանա, ես կողմ եմ, որ հարցը լուծվի հասարակության օգտին»: Վարչապետը բնակիչներին հորդորել է չստորագրել պայմանագրերը, մինչեւ նոր բնակարաններում սեփականության վկայականներ չտան. «Եթե համաձայն չեք՝ մի ազատեք ձեր տարածքները, ձեր պահանջներն առաջ տարեք»: Բնակիչների հարցին, թե իրենց խնդրով կոնկրետ ո՞ւմ դիմեն, պարոն Սարգսյանը պատասխանել է՝ «թաղապետին»: Այսօր իրացման գոտու բնակիչները պատրաստվում են դիմել Կենտրոնի թաղապետ Գագիկ Բեգլարյանին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել