Լրահոս
Օրվա լրահոսը

ՓԱԿԵՑԻՆ ՈՒ ԿՆՔԵՑԻՆ

Հունվար 29,2008 00:00

Երեկ Կապանում մարզային ոստիկանության մոտ երկու տասնյակ ոստիկաններ մարզային ոստիկանապետի երկու տեղակալների՝ Խաչատրյանի, Ավետիսյանի եւ Կապանի միլպետ Գեւորգյանի գլխավորությամբ ներխուժել են ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ Կապանում միակ նախընտրական շտաբն ու ստիպել այնտեղ եղած մարդկանց, այդ թվում՝ շտաբի պետ Ռոման Նավասարդյանին, անմիջապես լքել տարածքը: Պատճառաբանությունն այն է եղել, որ տարածքի սեփականատերը, իբր, մարզպետին դիմում է գրել՝ պնդելով, որ չի ուզում զբաղվել քաղաքականությամբ եւ ուզում է, որ իրեն օգնեն սեփական տարածքը ազատել տալ: Իհարկե, շտաբի պետ Ռ. Նավասարդյանը կատարվածի իր՝ ավելի իրական թվացող վարկածն ունի. տարածքի սեփականատիրոջը կանչել են, ճնշումների ենթարկել եւ պարտադրել, որ նա հրաժարվի իրեն պատկանող տարածքը Տեր-Պետրոսյանի շտաբին տրամադրելու մտքից: Սա այն դեպքում, երբ տարածքը, որպես շտաբ, գործում էր արդեն 25 օր, վարձակալված է եղել երկու ամիս ժամկետով, ինչի համար շտաբի ներկայացուցիչները վճարել էին: Այն, որ սեփականատիրոջ վրա ճնշում է եղել, վկայում է նաեւ այն փաստը, որ թեեւ սեփականատերը շտաբի պետ Ռ. Նավասարդյանի հետ համաձայնության է եկել երկու օր տրամադրել՝ այլ տեղում նոր տարածք վարձակալելու համար, այդուհանդերձ, ոստիկաններն իրենք են միջամտել եւ ստիպել դուրս գալ տարածքից: Շտաբի աշխատողները հրաժարվել էին լքել տարածքը՝ նախ պահանջելով դատարանի համապատասխան որոշում: Ոստիկանության աշխատակիցները քաշքշել էին շտաբի անդամներին, նաեւ ծեծկռտուք էր եղել: Ի վերջո, ոստիկանությանը հաջողվել է տարածքն ազատել, մուտքի դուռը կապարակնքել եւ հսկող ոստիկաններ նշանակել, որ շտաբը հանկարծ նորից չբացվի: «Սա ուղղակի ոստիկանական ուժի գործադրում է տարածքի սեփականատիրոջ նկատմամբ՝ պահանջելով հրաժարվել թեկուզ բանավոր պայմանագրից: Ըստ էության, այս գործարքից նա գումար է վաստակում: Եթե մարդ հրաժարվում է գումար վաստակելուց, դա աբսուրդ է»,- երեկ «Ա1+»-ին ասել է Սյունիքում գտնվող իրավապաշտպան Արթուր Սաքունցը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել