Լրահոս
Օրվա լրահոսը

«Սպառնալիքի լեզվով չխոսեք»

Հունվար 29,2008 00:00

Ասում է Արտաշես Գեղամյանը: Բայց արդյոք նրան սպառնացե՞լ են

«Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը հակադարձելով «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի՝ օրերս իր հասցեին հնչեցրած որոշ մտքերի, հիշեցրեց իրենց կողմից ժամանակին արտահայտած կարծիքը, որ «Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ նախագահի թեկնածու առաջադրվելը ոչ այլ ինչ է, քան իշխանությունների նախագիծ: Տրամաբանենք միասին: Բավական է, որ պարոն Քոչարյանը Ծաղկաձորից ի լուր հայության հայտարարեց, որ Տեր-Պետրոսյանը եւ իր թիմակիցները չեն հետապնդվելու թե նախկինում, թե հիմա եւ թե առաջիկայում գործած անօրինականությունների, ինչու չէ՝ հանցանքների համար, եւ անմիջապես աշխուժություն տիրեց պետրոսյանական թիմում: Ծեծուջարդ կազմակերպեցին Արագածոտնի մարզում, ըստ որում՝ ոստիկանության աչքերի առաջ ծեծում էին Արցախի ազատամարտի կամավոր ազատամարտիկներին: Ճիշտ այդ նույն օրը Երեւանից եւ Արարատից խառնաժողով կազմակերպվեց Կոտայքի մարզի Ողջաբերդ գյուղում, եւ այնտեղ Արամ Սարգսյանը սպառնաց ինձ եւ իմ սրբությունների սրբոց ընտանիքին»: Այնուհետեւ պրն Գեղամյանը անդրադարձավ 1996-ին եւ անցում կատարելով մինչեւ 2003 թվականը՝ ասաց. «Երբ սպանեցին հանրաճանաչ հեռուստալրագրող Տիգրան Նաղդալյանին, այդ սպանության մեղքը երկուստեք փորձում էին բարդել Արտաշես Գեղամյանի վրա: Սա էլ երրորդ սպառնալիքն է: Հետաքրքրականն այն է, որ այս կապակցությամբ հիշեցի այն բազում սպառնալիքները, որ հնչում էին իմ հասցեին ԵԽԽՎ-ում ունեցած իմ ելույթներից հետո, եւ ի՞նչ եք կարծում՝ ովքե՞ր էին ինձ սպառնում՝ թուրք-ազերիական պատվիրակները, հիմա ասես էստաֆետը փոխանցել են այստեղ իրենց դրածոներին՝ լեւոնականներին: Ուզում եմ զգուշացնել, կրակի հետ խաղ մի արեք, չէ՞ որ կանխատեսել էի, որ սադրանքներ եք գործելու, ամեն ինչ անելու եք, որ ապակայունանա իրավիճակը: Եվ, իհարկե, «Հայլուրը» «Հայլուր» չէր լինի, եթե Արամ Սարգսյանի՝ հասցեիս ասված սպառնալիքները չմասսայականացներ ՀՀ-ով մեկ: Հների եւ նորերի համագործակցությունը արդեն 10 տարվա պատմություն ունի»:

Պարոն Գեղամյանը հիշեցրեց, որ ոչ մի հանցանք անպատիժ չի մնալու, եւ գալու է հատուցման պահը:

Արժե, թերեւս, Արամ Սարգսյանի ասածների վերծանությունը ներկայացնել ընթերցողին, որպեսզի վերջինս դատի՝ կա՞ր արդյոք այդ խոսքերում որեւէ սպառնալիք: Կոտայքի մարզում Արամ Սարգսյանը հայտարարեց, որ չի ցանկանում նախագահի այլ թեկնածուների անդրադառնալ, սակայն ստիպված է. «Դուրս է գալիս հեռուստաէկրաններին եւ սկսում նվնվալ, լացել, թե իրեն համ իշխանություններն են խփում, համ ընդդիմությունը, որովհետեւ իր մեջ են տեսնում իրական հակառակորդին: Պարոն Գեղամյան, Ձեզ ասեմ՝ դհոլը հենց նրա համար է, որ երկու կողմից էլ խփեն: Դուք եք Ձեզ այդ անհեթեթ իրավիճակում դրել: Այնպես կպատասխանենք, որ շաբաթներով տանից դուրս գալ չեք կարող: Ուղղակի գիտենք, տղաներ ունես, կին ունես, թոռներ ունես, չափը չենք անցնում: Դու էլ մի անցիր սահմանը, գնա քո ընտրարշավով»,- ասաց Արամ Սարգսյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել