Հունվարի 26-ին Կոտայքի մարզում հայտարարել է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը
Երեկ ՀՀ առաջին նախագահ եւ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանն ու նրա համախոհները դիմել էին քարոզարշավի ոչ ստանդարտ ձեւի՝ ավտոարշավի: Նրանց նախաձեռնած եւ Երեւանի փողոցներում ավելի քան մեկ ժամ տեւած մի քանի տասնյակ մեքենաների ավտոերթը ավարտվեց Ավան համայնքում՝ Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի մոտ: ՀՀ առաջին նախագահն ասաց, թե դա ամենեւին էլ պատահական չէ, որ ավտոերթն ավարտվում է Ավանում, որովհետեւ, նրա ձեւակերպմամբ՝ «այստեղ իշխանությունները ամենամեծ դժվարությունները փորձեցին հարուցել մեր շտաբները բացելու, մեր օրինական իրավունքը իրականացնելու համար: Սա պաշտոնական քարոզարշավ է, եւ ոչ ոք իրավունք չունի խանգարել մեզ: Ոչ մի Տարոն Մշեցի կամ Ռուբեն Գերմանացի չեն կարող խանգարել մեզ»:
Իսկ մինչ այդ՝ շաբաթ եւ կիրակի օրերին Տեր-Պետրոսյանը քարոզարշավի ընթացքում այցելեց Կոտայքի եւ Արմավիրի մարզեր: Նրա այցը Կոտայքի մարզ սկսվեց Ջրվեժից, թեեւ եղան նաեւ չնախատեսված հանդիպումներ՝ ճանապարհին հավաքված եւ նրան սպասող մարդկանց հետ, որոնք ուղղակի ուզում էին անձամբ տեսնել Տեր-Պետրոսյանին եւ շփվել նրա հետ: Այդ հանդիպումների ժամանակ ՀՀ առաջին նախագահը հայտարարեց, թե ինքն ու իր թիմը գալիս են նորմալ պետություն ստեղծելու նպատակով: Նորմալ պետություն, ըստ Տեր-Պետրոսյանի, նշանակում է՝ ստեղծել օրինական պետություն, հարեւան պետությունների հետ ապրել հաշտ ու խաղաղ, կարգավորել ղարաբաղյան հիմնախնդիրը, մինչդեռ գործող իշխանությունները, նախագահի թեկնածուի ասելով, տղայավարի հայրենասիրություն են խաղում, որի արդյունքում անցած 10 տարիների ընթացքում դանդաղորեն կորցնում ենք ոչ միայն ԼՂ-ն, այլեւ Հայաստանը:
Իշխանությունների նկատմամբ իրենց արմատական տրամադրվածությամբ աչքի էին ընկնում հատկապես մարզի Գեղադիր գյուղի բնակիչները: Տեր-Պետրոսյանին նրանք դիմավորեցին «Լեւոն արքա, ընտրյալ նախագահ» կարգախոսներով եւ միանգամից կտրուկ պահանջներ դրեցին նրա առաջ՝ ջարդել, փշրել, ոչնչացնել գործող իշխանություններին: «Ոչ: Դրանք չարիք են։ Չարիքին պետք է վանել բարությամբ, վանել սիրով: Մենք գալիս ենք կառուցելու, խաղաղություն ապահովելու, մեր ժողովրդին հնարավորություն տալու՝ իր երկիրը կառուցելու»,- ասաց Տեր-Պետրոսյանը, որի հաջորդ կանգառը Գողթ գյուղում էր: Այստեղ թեկնածուին ընդունեցին աղ ու հացով՝ ԲՀԿ-ական գյուղապետ Արտավազդ Հակոբյանի գլխավորությամբ: Սա այն դեպքում, երբ Կոտայքի մարզպետը հատուկ հրահանգել էր գյուղապետերին Տեր-Պետրոսյանին չդիմավորել: «Յուրաքանչյուր մարդ ունի ընտրելու իրավունք: Ես երբեք որեւէ մի գյուղացու չեմ ասի՝ ձայնդ տուր այս կամ այն թեկնածուին: Դա յուրաքանչյուրի իրավունքն է»,- «Ա1+»-ի հարցին ի պատասխան ասաց Արտավազդ Հակոբյանը: «Երբ ես խոսում եմ իշխանությունների մասին, խոսում եմ իշխանությունների գլխի մասին»,- մարզային իր հանդիպումների ընթացքում շեշտում էր ՀՀ առաջին նախագահը: Եվս մի բան, որ Լ. Տեր-Պետրոսյանը ասում էր Կոտայքի մարզի բնակիչներին՝ «ոստիկանության 90 տոկոսը, ես վստահ եմ, այս ժողովրդի հարազատ զավակն է եւ կանգնած է նրա կողքին: Նրանք ավելի են զզված այս իշխանություններից, քան դուք, որովհետեւ բացի կեղեքվելուց, բացի նվաստացվելուց, նրանց ստիպում են դուրս գալ սեփական ժողովրդի դեմ: Եվ ես վստահ եմ՝ նրանք դուրս չեն գա: Մի վախեցեք: Մեր ոստիկանությունը մեզ հետ միասին կանգնած էր Գորբաչովի տանկերի դեմ: Չկասկածեք, որ այսօր էլ՝ փետրվարի 19-ին նրանք լինելու են մեզ հետ: Նույնը վերաբերում է պետական մարմինների միջին օղակներին. նրանք մեզ հետ են: Նրանք՝ մենք ենք»:
Կոտայքի մարզում ելույթ ունեցավ նաեւ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: Անդրադառնալով ՀՀԿ-ական թեկնածու Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, թե ինքը չի ամաչում ժողովրդից ձայն խնդրել՝ «սիրելի ժողովուրդ, եկել եմ ու ասում եմ՝ խնդրում եմ ինձ ձայներ տվեք, ձեր ձայները ինձ շատ պետք են», Արամ Սարգսյանն ասաց, թե Ս. Սարգսյանը մի օր պատասխան է տալու բոլոր սպանությունների, այդ թվում՝ «Հոկտեմբերի 27-ի» համար: «Նա պետք է պատասխան տա նաեւ Տեր-Պետրոսյանի բարձրացրած հարցերի՝ գազի, վառելիքի, խոշոր տնտեսական հանցագործությունների համար: Դրա համար է ձայն խնդրում, որովհետեւ վախենում է պատասխանատվությունից»,- հայտարարեց Ա. Սարգսյանը:
«Մի քիչ էլ այսպես եթե զարգանանք՝ Սեր ժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի ղեկավարությամբ, Հայաստանից էլ ոչինչ չի մնա: Հայաստանի հարստության կեսից ավելին արդեն նրանց գրպանում է, մյուս կեսն էլ՝ մեր գործարարների ձեռքում, որոնք այսօր չհասկանալով, թե ինչ է իրենց սպառնում, ստորաքարշորեն ծառայում են այս իշխանություններին՝ կարծելով, թե հավերժ պահպանելու են իրենց հարստությունը»,- Գառնիում հայտարարեց Տեր-Պետրոսյանը՝ վստահեցնելով, որ Ս. Սարգսյանի նախագահ դառնալու դեպքում առաջին հարվածը ստանալու են հենց նրա շուրջը կանգնած եւ նրան ստորաքարշորեն ծառայող գործարարները: «Իմ առաջին պատգամը ուղղված է եղել հենց այդ մարդկանց: 10 տարի հետո Սերժ-Քոչարյանը խլելու են այդ մարդկանց վերջին հարստությունն էլ: Նրանք կշտանալ չունեն: Այն, ինչ տարել են, դա իրենց քիչ է: Հիմա Սերժ Սարգսյանը եւս 10 տարի գալու է տանելու այն, ինչ մնացել է»,- հայտարարեց Լ. Տեր-Պետրոսյանը, որին գառնեցիները այսպես հակադարձեցին՝ «Սերժը ղալաթ է անելու»: Տեր-Պետրոսյանը գառնեցիներին ներկայացրեց, թե ինչու 10 տարվա լռությունից հետո որոշել է զբաղվել քաղաքականությամբ. «Ինձ պարզապես սարսափեցնում է այս իշխանությունների շարունակման հեռանկարը: Եվս 10 տարի եւ Հայաստանից բան չի մնա: Այն մարդիկ, ովքեր եկել են հանուն Ղարաբաղի, Ղարաբաղը պաշտպանելու, այսօր իրենց իսկ ձեռքերով Ղարաբաղը տալիս են ադրբեջանցիներին»:
Տեր-Պետրոսյանը հիշեցրեց, որ իր պաշտոնավարության օրոք Լաչինի բնակչությունը 15 հազար էր, շինարարություն էր իրականացվում, մարդկանց գումար էր տրամադրվում, իսկ այսօր 15 հազարից Լաչինում մնացել է 7 հազար մարդ. «Այս մարդկանց Ղարաբաղը պետք չէ, չհավատաք: Եթե Ղարաբաղին մի բան պատահի՝ Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի սիրտը չի ցավելու: Մեր սիրտն է ցավելու, մեր երիտասարդների շիրիմներն են ցավելու, նրանց հիշատակն է պղծվելու: Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի սիրտը կարող է մի քիչ ցավի, բայց կգնան, Մոնտե Կառլոյի կազինոներում կհովացնեն»:
Հունվարի 27-ին Տեր-Պետրոսյանն այցելեց Արագածոտնի եւ Արմավիրի մարզեր: Եղավ Ագարակում, Թալինում, Արտենիում, Արագածում, Քարակերտում, Դալարիկում, Մյասնիկյանում, Հացիկում, Հոկտեմբերում, Նորապատում, Արմավիրում, Մեծամորում: ՀՀ առաջին նախագահը բացառիկ ջերմ ընդունելության արժանացավ հատկապես Թալինում, որտեղ նրան դիմավորեցին սասնա պարով եւ «Լեւոն, Լեւոն» վանկարկումով, իսկ հրապարակում, որտեղ ընթանում էր հանդիպումը, ուղղակի ասեղ գցելու տեղ չկար: Հանդիպումը կարելի էր որակել որպես փայլուն, եթե միայն տեղական իշխանիկներն ու իրավապահները սադրանք հրահրած չլինեին: Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման եկած թալինցիներից մեկը՝ Սարգիս Կարապետյանը, հաստատապես էր որոշել, իր հաշվարկով, տապալել հանդիպումը: «Լեւոն, թալինցիները քեզ հետ չեն»,- նրա այս հայտարարությունը պարզապես հունից հանեց իր համերկրացիներին, որոնք փորձեցին կարգի հրավիրել պարոն Կարապետյանին: «Նա երեւի Սերժ Սարգսյանից մի երկու կոպեկ փող է ստացել: Ու բոլորդ ճանաչում եք Սաքոյին: Կարապետյան Սարգիսը չի կարա որեւէ մեկի վրա ազդի»,- իր զայրացած համերկրացիներին փորձեց հանգստացնել հանդիպումը վարող թալինցին: Այդ ավելի ուշ պիտի պարզվեր, որ նույն օրը սույն Սարգիս Կարապետյանը դիմել է ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզի Թալինի ոստիկանություն՝ նույն օրը ՀՀ նախագահի թեկնածու Լ. Տեր-Պետրոսյանի նախընտրական հանդիպման ժամանակ իրեն Ժ. Սափեյանի, Մ. Սափեյանի, Տ. Բաղդասարյանի եւ մի խումբ այլ անձանց կողմից ծեծի ենթարկվելու մասին հայտարարությամբ: Դեպքի առթիվ Թալինի քննչական բաժնում հարուցվել է քրգործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով, կատարվում է նախաքննություն: Լ. Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբում, իհարկե, մինչ այդ էին Թալինում տեղի ունեցած միջադեպը որակել որպես «պրովոկացիա, ԱԱԾ-ի կողմից սադրանք»: