Լրահոս
Օրվա լրահոսը

ՉԻ ԿԱՐԵԼԻ ՇԱՀԱՐԿԵԼ «ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27»-Ը»

Հունվար 29,2008 00:00

\"\"ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ խորհրդի անդամ Գագիկ Մելիքյանն ասում է, որ իրենք «սեւ» քարոզչությամբ չեն զբաղվում՝ ի տարբերություն որոշ թեկնածուների:

– Որպես Սերժ Սարգսյանի կենտրոնական շտաբի անդամ, կասե՞ք, թե նախընտրական շ«տաբը ի՞նչ գործունեություն

է ծավալում, երբ հայտնի է, որ ձեր թեկնածուն քարոզարշավն իրականացնում է մենակ, նրան չեն ուղեկցում շտաբի անդամները եւ այլ անձինք:

– Հանրապետականի կենտրոնական շտաբն աշխատում է ամբողջ թափով, իրականացնում ենք բոլոր այն գործառույթները, որ պետք է իրականացնի նախագահի թեկնածուի շտաբը: Իսկ մեր թեկնածուն մենակ չէ, մեր ամբողջ շտաբը, Հանրապետական կուսակցությունը եւ հասարակության մեծամասնությունը մեր թեկնածուի հետ են, եւ իր ընտրողի հետ հանդիպումներում մեր թեկնածուն ուղեկցողների կարիք չունի: Մենք զբաղված ենք նորմալ քարոզչությամբ: Սակայն մենք մեկ բանով միայն չենք զբաղվում եւ հպարտ ենք, որ դա չենք անում՝ մեր շտաբը եւ մեր թեկնածուն թեկնածուներից որեւէ մեկի հասցեին «սեւ» քարոզչություն չի իրականացնում: Կարծում եմ, ամենից ազնիվ քարոզչությունը հենց մենք ենք իրականացնում, երբ զբաղված ենք մեր թեկնածուին ներկայացնելով եւ ոչ թե ուրիշներին վարկաբեկելով: Ի տարբերություն որոշ այլ թեկնածուների, ովքեր իրենց նախընտրական հանդիպումների ժամանակ փոխանակ ընտրողներին իրենց ծրագիրը եւ անելիքները ներկայացնեն, զբաղվում են այս կամ այն թեկնածուի հասցեին «սեւ» քարոզչությամբ՝ մենք զբաղված ենք մեր կատարած գործերի ներկայացմամբ, որը, ի դեպ, ասեմ՝ որոշ թեկնածուներ չեն զլանում «սեփականաշնորհել» եւ ներկայացնել իբր իրենց կողմից կատարված գործեր: Մենք այդ ամենը շատ լավ հասկանում ենք, մարդիկ փորձում են լավը իրենց վերագրել, վատը՝ ուրիշներին, սակայն նույնիսկ այս դեպքերում չենք փորձելու որեւէ մեկի հասցեին սեւ քարոզչություն իրականացնել:

– Սակայն հենց ձեր թեկնածուի հասցեին են հնչում մի շարք մեղադրանքներ, որոնց ուղղակի զարմանալի է, որ չեք պատասխանում, դրանցից մեկն էլ այն է, որ «Հոկտեմբերի 27»-ի հետ կապված լուրջ մեղադրանքներ են հնչում, ասվում է, որ երբ կատարվեց այդ ոճրագործությունը, ձեր թեկնածուն ԱԱ նախարարն էր եւ անմիջական պատասխանատվություն ունի կատարվածին:

– Մենք որեւէ խնդիր չունենք ցանկացած անարդարացի եւ հորինված մեղադրանքի պատասխանել, սակայն միշտ էլ ասել ենք, որ ընտրությունների ժամանակ ուղղակի անբարոյականություն ենք համարում շահարկել «Հոկտեմբերի 27»-ը, չի կարելի ժողովրդի եւ պետության ողբերգությունը շահարկել դիվիդենդներ շահելու համար, ես սա ուղղակի անբարո եմ համարում եւ գտնում եմ, որ, ի վերջո, պետք է վերջ տալ կեղծ շահարկումներին, քանի որ իրականում կան անհերքելի փաստեր, եւ որոշ մարդիկ ավելի լավ կլիներ, որ ընդհանրապես չխոսեին: Ինքս, որպես «Հոկտեմբերի 27»-ի տուժողներից մեկը, որպես այդ ոճրագործության ընթացքում դահլիճում գտնված պատգամավորներից մեկը, ով վերջինն է դուրս եկել դահլիճից՝ երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանի հետ միասին, իրավունք ունեմ ուղղակի սաստել մարդկանց, ովքեր փորձում են շահարկել մեր բոլորի ողբերգությունը: Այն, ինչին մենք ականատես եղանք դահլիճում 1999-ի հոկտեմբերի 27-ին եւ 28-ին, չեմ կարծում, որ մեր ժողովուրդը երբեւէ կմոռանա, եւ համոզված եմ, որ այդ օրերի հիմնական դրվագներին մեր ժողովուրդը քաջատեղյակ է: Միայն մեկ պահ վերհիշենք՝ երբ ոճրագործությունից հետո ԱԺ շենք եկավ նախագահ Քոչարյանը, ոչ անհայտ այն ժամանակ նախարար Վահան Շիրխանյանի կողմից հենց այդ գիշեր Քոչարյանին ներկայացվեց, այսպես կոչված, նոր կառավարության հայտնի ցուցակը, այն պահին, երբ պատգամավորները ահաբեկիչների մոտ պատանդի վիճակում էին եւ օդից էր կախված նրանց կյանքը: Համոզված եմ, Հայաստանում չկա որեւէ մեկը, որ այդ ցուցակի մասին տեղյակ չլինի, այդ մասին բազմիցս գրվեց մամուլում: Ես ուղղակի ուզում եմ հիշեցնել, թե ովքեր էին այդ ցուցակում, եւ նրանք, ովքեր այսօր ամպագոռգոռ հայտարարություններ են անում «Հոկտեմբերի 27»-ի գործի բացահայտման մասին, թող հիշեն նաեւ այդ ցուցակը եւ խորհեն, թե ում էր ձեռնտու «Հոկտեմբերի 27»-ը՝ Վահան Շիրխանյանի գլխավորությամբ. Անդրանիկ Քոչարյան, Մուշեղ Սաղաթելյան, Վանո Սիրադեղյան, Դավիթ Շահնազարյան, Արարատ Զուրաբյան, Շողեր Մաթեւոսյան, Պետրոս Մակեյան, Մաշտոցի Պետո, Վահագն Խաչատրյան: Այդ ցուցակը մի քանի անգամ հրապարակվել է:

– Սակայն ընդունեք, որ նախագահի թեկնածուներից միայն Տեր-Պետրոսյանի ծրագրում կա «Հոկտեմբերի 27-»-ի լիարժեք բացահայտման մասին հատուկ կետ:

– Որպես ժողովրդի մի մասնիկ եւ «Հոկտեմբերի 27»-ի տուժած, ինքս կողջունեմ այդ ոճրագործության լիարժեք բացահայտման նպատակով կատարված ցանկացած քայլ, սակայն չեմ կարծում, շահարկելով սեփական ընտանիքների, էլ չեմ ասում՝ պետական ողբերգությունը, կարելի է դիվիդենդներ շահել: Եվ ամենակարեւորը, խորհուրդ կտամ իրենց, որ վերընթերցեն «Հոկտեմբերի 27»-ի հանցագործների ցուցմունքներից որոշակի հատվածներ, հատկապես՝ Էդիկ Գրիգորյանի, Դերենիկ Բեջանյանի եւ Կարեն Հունանյանի, որտեղ նրանք բոլորը հաստատում են, որ իրենց մեջքին կանգնած են բավականին հզոր ուժեր՝ Վանո Սիրադեղյանի գլխավորությամբ: Ի դեպ, այս մասին եւս բազմիցս գրվել է մամուլում: Մեկնաբանությունները թողնում եմ ընթերցողին, ուղղակի որոշ դրվագներ ուզում եմ հիշեցնել, որ մարդիկ ամպագոռգոռ ելույթներ ունենալուց առաջ մի քիչ մտածեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել