Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

Հունվար 26,2008 00:00

\"a\"
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք վեցերորդ

Գլուխ վեցերորդ

ԲԱԶՄԱԶԱՎԱԿ ՉԲԵՐԸ

«Մյուս անգամ որ Մարսել գնամ՝ քեզ անպայման խաբար կանեմ»,- ասացի Հրուշին, եւ ինքն ասաց՝ «քեզ էդ մի անգամն էլ էր հերիք. մյուս անգամ ե՛ս եմ գնալու», եւ ես հարցրի՝ «ե՞րբ», եւ ինքն ասաց՝ «երեւի ամիսուկեսից» եւ ժպտալով հարցրեց՝ «ուղարկելու բանման չունե՞ս», եւ ես ասացի՝ «մարդկանց նեղություն տալ չեմ սիրում. առանց էդ էլ վեշերդ շատ կըլնեն», եւ ինքն ասաց՝ «հեչ էլ նեղություն չի. մարդկանց որ լավություն ես անում, մի քիչ էլ պիտի նեղություն քաշես» եւ ավելացրեց՝ «առանց նեղության լավություն չի ըլնում», եւ ես ասացի՝ «ճիշտ ա», եւ ինքն ասաց՝ «ես մարդկանց լավություն անելուց հաճույք եմ ստանում», եւ ես ասացի՝ «էն գլխից էիր ըտենց», եւ ինքն ասաց՝ «զատո՝ դու ես շատ փոխվել», եւ ես հարցրի՝ «դեպի վա՞տը», եւ ինքը ծիծաղեց ու ասաց՝ «չնայած էն վախտերն էլ մի բան չէիր» եւ ծիծաղելով ավելացրեց՝ «բայց, ամեն դեպքում, ահագին փոխվել ես», եւ ես ծիծաղեցի ու հարցրի՝ «արտաքինի՞ց», եւ ինքը պատասխանեց ու ասաց՝ «ընդհակառակը. արտաքինից համարյա չես փոխվել», եւ ես ասացի՝ «արտաքինից դու էլ չես փոխվել», եւ ինքը ծիծաղեց ու ասաց՝ «համա՜ թե կեղծավորն ես, հա՜» եւ ավելացրեց՝ «էն առաջին անգամ որ քեզ ծանոթություն չտայի, դժվար էլ ինձ ճանաչեիր», եւ ես հարցրի՝ «ե՞րբ», եւ ինքն ասաց՝ «աղջիկս որ նոր էր Ալեքսի հետ պսակվել», եւ ես ասացի՝ «ինչքան հիշում եմ, առաջինը ե՛ս քեզ ճանաչեցի», եւ ինքն ասաց՝ «քեզ ա թվում» եւ ավելացրեց՝ «դու որ ինձ չճանաչեցիր, մի մոմենտ մտածեցի՝ ես է՛լ չճանաչելու տամ, բայց որ մեր մասին գրածդ հիշեցի, մոտիկացա ու ծանոթություն տվի», եւ ես զարմացած ասացի՝ «բայց էդ վախտ ձեր մասին բան չէի գրել», եւ ինքն ասաց՝ «ո՞նց չէիր գրել. մեր սաղ դասարանցիների անունները թերթի մեջ պոչպոչի շարել էիր», եւ ես հարցրի՝ «պոեմիս մասին ե՞ս ասում», եւ ինքը քմծիծաղով ասաց՝ «էդ պոեմ էր, հա՞», եւ ես ասացի՝ «հա», եւ ինքը ծիծաղեց ու ասաց՝ «այսինքն, «Անուշն» էլ ա պոեմ, էդ քո գրածն է՞լ», եւ ես ասացի՝ «փաստորեն, ըտենց ա ստացվում», եւ ինքն ասաց՝ «էս վեպդ ոնց որ ավելի հաջող ա» եւ մի քիչ մտածեց, ավելացրեց՝ «բայց ամենահաջողը մեր մասերն են», եւ ես ասացի՝ «ինձ էլ ա ըտենց թվում», եւ ինքը ժպտաց ու հարցրեց՝ «որ էդ օրը քեզ ծանոթություն չտայի, ի՞նչ էիր գրելու», եւ ես ծիծաղեցի ու ասացի՝ «եսիմ», եւ ինքն ասաց՝ «փաստորեն, ինձ ահագին ծախսի տակ ես գցում», եւ ես հարցրի՝ «ո՞նց եմ ծախսի տակ գցում», եւ ինքն ասաց՝ «փաստորեն, ամեն շաբաթ քո էդ «Առավոտն» առնում եմ», եւ ես հարցրի՝ «լրիվ կարդո՞ւմ ես», եւ ինքն ասաց՝ «օբշի աչքի եմ անցկացնում ու որ տենում եմ մեր անունները չկան, էլ մանրամասն չեմ կարդում», եւ ես հարցրի՝ «ձեր հատվածները լրիվ էի՞ր կարդում», եւ ինքն ասաց՝ «մեր հատվածները մի քանի անգամ էի կարդում. որ պարապ եմ ըլնում, էդ հատվածները հիմի էլ եմ կարդում» եւ ավելացրեց՝ «էդ մեր հատվածների վախտ մի քանի օրինակ էի առնում», եւ ես հարցրի՝ «խի՞», եւ ինքն ասաց՝ «ընկերուհիներիս ու հարեւաններիս էի բաժանում, որ իրանք էլ կարդան» եւ ավելացեց՝ «մի-մի օրինակ էլ աղջկաս ու Ալեքսին եմ ուղարկել», եւ ես ոգեւորված հարցրի՝ «իրանք է՞լ են կարդացել», եւ ինքն ասաց՝ «աղջիկս հիմի է՛լ ա կարդում», եւ ես զարմացած հարցրի՝ «ամեն շաբաթ թերթ ե՞ս ուղարկում», եւ ինքն ասաց՝ «չէ. ինքը ինտերնետով ա կարդում» եւ հարցրեց՝ «չգիտե՞ս, որ էդ գրածներդ ինտերնետի մեջ էլ կա», եւ ես ասացի՝ «գիտեմ», եւ Հրուշն ասաց՝ «աղջիկս կոմպյուտերի ու ինտերնետի գծով ա մասնագիտացել», եւ ես ասացի՝ «գիտեմ. ասել ես», եւ ինքն ասաց՝ «ընենց որ, շատ սխալ արիր, որ գյոզերով Մարսել թռար. իրանք քեզ գլխների վրա կընդունեին», եւ ես ժպտացի ու ասացի՝ «պատկերացնում եմ», եւ ինքն ասաց՝ «դժվար էլ պատկերացնես», եւ ես ասացի՝ «փաստորեն, իրանց կենսագիրն եմ», եւ ինքն ասաց՝ «փաստորեն, մեր մասին առաջին անգամ ա թերթի մեջ գրվում», եւ ես ասացի՝ «փեսիդ մասին գրած կըլնեն», եւ ինքը ծիծաղեց ու ասաց՝ «ըսենց գեղարվեստական դժվար թե գրած ըլնեն», եւ ես ծիծաղեցի ու ասացի՝ «ձեր հատվածներն ավելի շուտ դոկումենտալ են, քան՝ գեղարվեստական» եւ մի քիչ մտածեցի ու ավելացրի՝ «ոչ ավելացրել եմ, ոչ էլ՝ պակասացրել. ոնց որ պատմել ես՝ ըտենց էլ գրել եմ», եւ ինքը ժպտաց ու ասաց՝ «բայց, խոսքը մեր մեջ, լավ էլ ստացվել էր», եւ ես ասացի՝ «ուրիշներն էլ են էդ կարծիքին», եւ ինքը ծիծաղեց ու հարցրեց՝ «մեզանից բացի՝ ուրիշ կարդացող էլ կա՞», եւ ես ասացի՝ «հո մենակ ձեր մասին չե՞մ գրում», եւ ինքը ծիծաղեց ու ասաց՝ «ում մասին որ գրում ես, երեւի հիմնականում էդ մարդիկ են կարդում», եւ ես ասացի՝ «երեւի», եւ ինքն ասաց՝ «բայց աղջիկս ինտերնետի մեջ ծերից ծեր ա կարդում. չես հավատո՞ւմ», եւ ես ասացի՝ «հավատում եմ», եւ ինքն ասաց՝ «ինքը փոքրուց էլ կարդացող էրեխա էր, բայց որ էդ վայրենու ձեռն ընկավ, ամեն ինչ կիսատ թողեց», եւ ես ասացի՝ «էդ վայրենու ձեռը որ չընկներ, էս երկրորդ փեսիդ դժվար թե հանդիպեր», եւ ինքը մի քիչ մտածեց ու ասաց՝ «էդ էլ ես ճիշտ ասում», եւ ես ասացի՝ «փաստը մնում ա փաստ, որ առաջին փեսիդ պատճառով եք էս երկրորդին հանդիպել», եւ ինքը զարմացած հարցրեց՝ «այսինքն, իմ չարչարանքները հե՞չ», եւ ես հարցրի՝ «ի՞նչ չարչարանքներ», եւ ինքը նեղացած ասաց՝ «հերիք չի՝ գրածիդ մեջ իմ ամագն ահագին պակասացրել էիր, հիմի էլ լրիվ ե՞ս ուզում հեչ անես», եւ ես ասացի՝ «քո գլխավոր ամագն էն ա, որ էդքան սիրուն աղջիկ ես լույսաշխարհ բերել. աղջիկդ որ սիրուն չըլներ, էդ ֆրանսիացի փեսեդ դժվար թե սիրահարվեր», եւ Հրուշն ասաց՝ «մինչեւ աչքովդ չտենաս, աղջկաս սիրունությունը դժվար թե պատկերացնես» եւ անմիջապես պայուսակը բաց արեց ու պայուսակից մի լուսանկար հանելով՝ մեկնեց ինձ եւ ասաց՝ «ավելի լավ ա մի անգամ աչքովդ տենաս, քան՝ հազար անգամ լսես», եւ ես նայեցի ու տեսա. Հրուշի աղջիկն իսկապես գեղեցկուհի էր, եւ չնայած Հրուշը մեր դասարանի ամենաբարձրահասակ աղջիկն էր, իր դուստրը ե՛ւ Հրուշից էր բոյով, ե՛ւ իր ֆրանսիացի ամուսնուց, եւ թոռներն էլ էին Հրուշին ահագին նման, եւ երբ ավելի ուշադիր նայեցի, տեսա, որ Հրուշի գեղեցկուհի աղջիկն ու թոռներն իմ համադասարանցի ընկեր ու Հրուշի երբեմնի ամուսին Գուգոյին էլ էին ահագին նման, եւ երբ էդ կարծիքս Հրուշին հայտնեցի, ինքը գոռաց՝ «դրա անունը մոտս չտա՛ս» եւ ավելացրեց՝ «էդ ընկերդ, փաստորեն, սաղ կյանքս հարամ արեց», եւ ես հարցրի՝ «իրանից ոչ մի խաբար չկա՞», եւ Հրուշն ասաց՝ «էդ ռուս բոզի հետ իբր թե ընտանիք ա կազմել, էրկու հատ էլ մանրմունր էրեխեք ունեն», եւ ես հարցրի՝ «որտեղի՞ց գիտես», եւ ինքն ասաց՝ «իրա բարեկամներից», եւ ես հարցրի՝ «ինքը գիտի՞, որ աղջիկդ ֆրանսիացու հետ ա ամուսնացել», եւ Հրուշն ասաց՝ «հա. բարեկամները խաբար են արել», եւ ես հարցրի՝ «բա չի ուզո՞ւմ աղջկան ու թոռներին տենա», եւ Հրուշն ասաց՝ «էն էլ ո՜նց ա ուզում» եւ ավելացրեց՝ «բարեկամներին գրել ա, որ ինձանից էրեխեքի հասցեն ուզեն», եւ ես հարցրի՝ «չես տվե՞լ», եւ Հրուշն ասաց՝ «գի՞ժ եմ, ինչ ա. էդ դառմայեդին որ էրեխեքի հասցեն տամ, կգնա՝ ամիսներով շնչներին կնստի» եւ հոգոց հանելով ավելացրեց՝ «հազիվ ենք էդ գյոռնափշտիկից պրծել», եւ ես ասացի՝ «շա՜տ ես չարացած», եւ ինքը վրդովված ասաց՝ «ո՞վ իմ տեղն ըլներ՝ չչարանար», եւ ես ասացի՝ «ինչքան չըլնի՝ հարազատ աղջիկն ա», եւ Հրուշը չարացած նայեց ինձ ու գոռաց՝ «էդ հարազատ աղջկանից ինչքան դու ես խաբար էղել, էդքան էլ՝ ինքը», եւ ես ծիծաղելով ասացի՝ «աղջիկդ որ էդքան սիրուն ա, էդ գործում, փաստորեն, Գուգոյի ամագն էլ կա», եւ Հրուշը զարմացած հարցրեց՝ «ի՞նչ ամագ», եւ ես ծիծաղեցի ու ասացի՝ «կարող ա էդ աղջկադ ուրիշից ունենայիր, հեչ էլ սիրուն չըլներ», եւ Հրուշն ասաց՝ «աղջկաս սիրունության գաղտնիքը վերջերս եմ պարզել», եւ ես զարմացած հարցրի՝ «ո՞նց ես պարզել», եւ ինքը ժպտաց ու ասաց՝ «ձեր «Առավոտից» եմ պարզել», եւ ես ավելի զարմացա ու հարցրի՝ «ո՞նց», եւ ինքը ծիծաղեց ու ասաց՝ «շատ հասարակ. «Առավոտի» մեջ էր գրած», եւ ես հարցրի՝ «ի՞նչ էր գրած», եւ Հրուշն ասաց՝ «շաբաթ օրերը որ «Առավոտ» եմ առնում, մնացած հոդվածներն էլ եմ ծերից ծեր կարդում», եւ ես հարցրի՝ «հետո՞», եւ ինքն ասաց՝ «մի քանի շաբաթ առաջ «Առավոտի» մեջ գեղեցկուհիների մասին նյութ կար», եւ ես հարցրի՝ «ի՞նչ նյութ», եւ ինքն ասաց՝ «էդ հոդվածի մեջ գրված էր, որ Սոֆի Լորենի ու էլի շատ գեղեցկուհիների մայրերը շատ գեշ են էղել, բայց էդ գեշերից իսկական գեղեցկուհիներ են ծնվել», եւ ես ասացի՝ «առաջին անգամ եմ լսում», եւ ինքն ասաց՝ «երեւի մենակ քո գրածն ես կարդում», եւ ես ասացի՝ «էդ ասածդ հոդվածն աչքովս չի ընկել», եւ Հրուշն ասաց՝ «պարզվում ա՝ էդ գեղեցկուհիներից մեծ մասի մայրերն Աստծո գեշն են էղել, բայց իրանց աղջկերքը չտեսնված սիրուն են ծնվել», եւ ես հարցրի՝ «էդ հոդվածի մեջ է՞ր գրված», եւ ինքն ասաց՝ «հա» եւ ավելացրեց՝ «պատճառներն էլ էր գրված», եւ ես ասացի՝ «պատճառը ո՞րն ա», եւ Հրուշը ծիծաղեց ու ասաց՝ «ձեր թերթի մեջ էր տպված, բայց ինձնից ես հարցնում», եւ ես ասացի՝ «հիմի չես ասելո՞ւ», եւ ինքն ասաց՝ «որ ասեմ՝ կշշմես» ու ավելացրեց՝ «պարզվում ա, էդ սաղ գեղեցկուհիների մայրերն իրանց հղիության ժամանակվա մեծ մասը բնության մեջ են անցկացրել», եւ ես հարցրի՝ «հետո՞ ինչ», եւ Հրուշը բացատրեց ու ասաց՝ «փաստորեն, իրանց հղի ժամանակ աչքների առաջ բնության գեղեցկությունն ա էղել. էդ հոդված գրողն ապացուցում ա, որ կինարմատը հղի ժամանակ որ սիրուն ու գեղեցիկ բաներ ա տենում, պտուղն էլ ա սիրունանում ու գեղեցկանում», եւ ես հարցրի՝ «հոդվածի հեղինակի անունը չես հիշո՞ւմ», եւ Հրուշն ասաց՝ «անունը չեմ հիշում, բայց արտասահմանցի ժուռնալիստ էր. որ մերոնք գրած ըլնեին՝ չէի հավատա», եւ ես ասացի՝ «էդ հոդվածը չեմ կարդացել», եւ Հրուշն ասաց՝ «պարզվում ա՝ Սոֆի Լորենի մայրն իրա հղիության ամբողջ ժամանակը բնության մեջ ա անցկացրել» եւ ավելացրեց՝ «շատ գեղեցիկ բնություն ա էղել՝ գետակով բանով», եւ ես հարցրի՝ «բա որ բնությունը սիրուն չըլնի՞», եւ Հրուշը ծիծաղեց ու ասաց՝ «բնությունն ամեն տեղ էլ սիրուն ա», եւ ես ասացի՝ «օրինակ, Արթիկի կողմերի բնությունը հեչ էլ սիրուն չի», եւ Հրուշն ասաց՝ «չգիտեմ. Արթիկ չեմ էղել», եւ ես ասացի՝ «ուզում եմ ասեմ՝ բնությունն էլ ա գեշ ըլնում», եւ Հրուշն ասաց՝ «էդ հոդվածի մեջ մենակ գեղեցիկ բնության մասին էր գրած», հետո մի քիչ մտածեց, ավելացրեց՝ «որ Աննայովս հղի էի, հղիությանս վերջին հինգ ամիսները Մեղրիում էի ապրում. էդ տեղերի բնությունն ուղղակի չտեսնված ա», եւ ես հարցրի՝ «Մեղրիո՞ւմ խի էիր ապրում», եւ Հրուշն ասաց՝ «էդ ոչուփուչը մեղրեցի էր, չէ՞», եւ ես զարմացած հարցրի՝ «ոչուփուչն ո՞վ ա», եւ Հրուշն ասաց՝ «ընկերդ՝ նախկին մարդս», եւ ես ասացի՝ «չգիտեի, որ մեղրեցի ա», եւ Հրուշը ծիծաղեց ու ասաց՝ «փաստորեն, իմն էլ ա էդ վարիանտը», եւ ես հարցրի՝ «ո՞ր վարիանտը», եւ Հրուշը ծիծաղեց ու ասաց՝ «Սոֆի Լորենի», եւ ես ասացի՝ «այսինքն», եւ ինքն ասաց՝ «որ Մեղրիի էդ սիրուն բնության մեջ հղիությանս էդ վերջին ամիսներն անցկացրի, դրա համար էլ աղջիկս էդքան սիրուն ա», եւ ես հարցրի՝ «բայց խի՞ Մեղրիում անցկացրիր», եւ Հրուշն ասաց՝ «որովհետեւ էդ գյոռնափշտիկն ինձ էդ վիճակում թողել՝ էլի ռուսաստաններ էր ջհանդամվել, ու իրա ծնողներն ինձ ուղարկեցին Մեղրի, որ վերջին ամիսներս էնտեղ անցկացնեմ», եւ ես ասացի՝ «հիմի ամեն ինչ հասկացա», եւ ինքը հարցրեց՝ «ասում ես՝ Արթիկի կողմերի բնությունը գեշ ա՞», եւ ես ասացի՝ «համենայնդեպս՝ սիրուն չես ասի», եւ ինքը հարցրեց՝ «մարդիկ էլ ե՞ն գեշ», եւ ես ասացի՝ «սովորական մարդիկ են. մեջները գեշեր էլ կան, սիրուններ էլ», եւ ինքն ասաց՝ «հետաքրքիր ա», եւ ես հարցրի՝ «ի՞նչն ա հետաքրքիր», եւ ինքն ասաց՝ «էդ հոդվածի մեջ մենակ գեղեցիկ բնության մասին էր գրված», եւ ես ասացի՝ «որովհետեւ էդ հոդվածը գեղեցկուհիների մասին ա էղել», եւ ինքն ասաց՝ «հա. գեղեցկուհիների մասին էր», եւ ես ծիծաղեցի ու ասացի՝ «ձեզ շատ ես թերագնահատում», եւ ինքը հարցրեց՝ «ո՞ւմ եմ թերագնահատում» եւ ես ասացի՝ «քեզ ու մարդուդ՝ Գուգոյին», եւ ինքը հարցրեց՝ «ի՞նչ իմաստով ես ասում», եւ ես ասացի՝ «էրկուսդ էլ տեսքով էիք. հենց ձե՛ր աղջիկը պիտի գեղեցկուհի ըլներ», եւ Հրուշը ծիծաղեց ու ասաց՝ «չգիտեի, որ գրողների մեջ էլ են կեղծավորներ ըլնում», եւ ես ասացի՝ «կեղծավորության հարց չկա. ինչ որ ճիշտն ա՝ էն եմ ասում», եւ Հրուշը հոգոց հանեց, տխուր ժպտաց ու ասաց՝ «ինձանից ի՞նչ ա մնացել. էն ջահել վախտերս որ ասեիր՝ էլի կարող ա հավատայի», եւ ես ծիծաղեցի ու ասացի՝ «բայց ջահել վախտդ ես էդ գեղեցկուհուդ ունեցել», եւ Հրուշը մի քիչ մտածեց, ծիծաղեց ու ասաց՝ «համոզեցիր», եւ ես ասացի՝ «հենց ձեր աղջիկը պիտի գեղեցկուհի ըլներ», եւ Հրուշը ծիծաղեց ու ասաց՝ «գումարած Մեղրիի բնությունը», եւ ես ասացի՝ «բնությունը ոչ մի կապ չունի», եւ Հրուշն ասաց՝ «որ էդ հոդվածը կարդացած ըլնեիր՝ ըտենց չէիր ասի» եւ ավելացրեց՝ «երեւի վեպիցդ բացի ուրիշ բան չես կարդում», եւ ես ծիծաղեցի ու ասացի՝ «վեպս չեմ կարդում, գրում եմ», եւ ինքը զարմացած հարցրեց՝ «գրելուց հետո գոնե մի անգամ չես կարդո՞ւմ», եւ ես ասացի՝ «մի քանի անգամ եմ կարդում», եւ ինքն ասաց՝ «որ մեկ-մեկ էլ կողքից ուրիշ բաներ կարդաս՝ հեչ չի խանգարի», եւ ես հարցրի՝ «ի՞նչ ուրիշ բաներ», եւ ինքն ասաց՝ «թեկուզ էդ հոդվածի պես բաներ», եւ ես ասացի՝ «օրվա թերթերը պարտադիր կարդում եմ», եւ ինքն ասաց՝ «շատ ճիշտ ես անում» եւ ավելացրեց՝ «գրողը պիտի շատ կարդա, որ ամեն ինչից տեղեկություն ունենա», եւ ես ասացի՝ «ճիշտ ես ասում», եւ ինքն ասաց՝ «պիտի շատ կարդաս, որ գրելու նյութ ունենաս», եւ ես ասացի՝ «ես գրելու նյութս հիմնականում կյանքից եմ վերցնում», եւ ինքը մի քիչ մտածեց ու ասաց՝ «էդ էլ ա վարիանտ», եւ ես ասացի՝ «կյանքի նյութն ավելի հետաքրքիր ա», եւ ինքը ծիծաղեց ու ասաց՝ «մեր պատմությունը նկատի ունե՞ս», եւ ես ասացի՝ «թեկուզ», եւ ինքն ասաց՝ «մեր էդ պատմության պես բան հազարից մեկ ա պատահում», եւ ես ասացի՝ «կարդացողները չեն հավատում. մտածում են՝ ինձնից եմ հնարել», եւ ինքն ասաց՝ «էդ տեսակ բանը հնարե՞լ կըլնի», եւ ես ասացի՝ «կարդացողները շատ են զարմանում», եւ ինքը ժպտաց ու ասաց՝ «ավելի զարմանալի բաներ էլ են կյանքում պատահում», եւ ես հարցրի՝ «օրինակ», եւ ինքը խորամանկ ժպտաց ու ասաց՝ «ասեմ, որ գրե՞ս. կարող ա՞ հոնորարը նաղդ ես տվել», եւ ես ասացի՝ «ամեն բան հո չե՞մ գրում. պիտի հետաքրքիր ըլնի», եւ ինքը խորամանկ ժպտաց ու ասաց՝ «շատ հետաքրքիր ու շատ զարմանալի պատմություն ա», եւ ես հարցրի՝ «ի՞նչ պատմություն», եւ Հրուշն ահագին ծիծաղեց, հետո ծիծաղելով ասաց՝ «քո գրող դառնալու պատմությունը», եւ ես զարմացած հարցրի՝ «դրա ի՞նչն ա հետաքրքիր», եւ ինքը նորից ծիծաղեց ու ծիծաղելով հարցրեց՝ «մանկուց ե՞ս երազել գրող դառնաս», եւ ես միանգամայն լուրջ պատասխանեցի ու ասացի՝ «չէ», եւ ինքն էլի ծիծաղեց ու ծիծաղելով հարցրեց՝ «բա ո՞նց էղավ. ո՞նց գրող դառար», եւ ես ասացի՝ «չեմ հիշում», եւ ինքը նորից ծիծաղեց ու ասաց՝ «որ հիշես ու էդ մասին գրես, շատ հետաքրքիր կըլնի», եւ ես ասացի՝ «դրա ի՞նչն ա հետաքրքիր», եւ ինքը լրջացավ ու ասաց՝ «ես, օրինակ, մեծ հետաքրքրությամբ կկարդամ. ախր դու ինձնից հազար անգամ վատ էիր սովորում» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «էն բեդովլաթից բեթար ծույլիկ էիր», եւ ես հարցրի՝ «ի՞նչ բեդովլաթ», եւ Հրուշը դեմքը ծռմռեց ու ասաց՝ «էն գյոռնափշտիկից», եւ ես հարցրի՝ «ի՞նչ գյոռնափշտիկ», եւ ինքը զայրացած գոռաց՝ «լավ էլ հասկանում ես՝ ում մասին ա խոսքը. թե՞ անպայման ուզում ես էդ անասունի անունը բերանովս ասեմ», եւ ես հարցրի՝ «Գուգոյին նկատի ունե՞ս», եւ ինքը զայրույթից կարմրած ասաց՝ «իրանից ավելի անասուն՝ մեկ էլ էն առաջին փեսես էր», եւ ես ասացի՝ «ուզում ես ասես՝ Գուգոյից էլ էի՞ վատ սովորում», եւ Հրուշն ասաց՝ «սովորելու իմաստով էրկուսդ էլ նույն մակարդակի էիք», եւ ես ասացի՝ «որ դպրոցս փոխեցի, հետո սկսեցի ավելի լավ սովորել», եւ Հրուշը քմծիծաղով ասաց՝ «որ մեր դպրոց էկար, արդեն էրկու հատ դպրոց փոխել էիր», եւ ես ասացի՝ «շատ ուժեղ հիշողություն ունես», եւ ինքը ժպտաց ու հարցրեց՝ «վերջնական քանի՞ հատ դպրոց փոխեցիր», եւ ես մտածեցի ու ասացի՝ «չորս», եւ ինքը ծիծաղեց ու ասաց՝ «լա՛վ մտածի», եւ ես մի քիչ էլ մտածեցի ու ասացի՝ «հինգ», եւ ինքը ծիծաղեց ու ասաց՝ «որ նորմալ սովորող ըլնեիր, խի՞ պիտի հինգ հատ դպրոց փոխեիր», եւ ես ասացի՝ «վերջին էրկու դպրոցներում համեմատաբար լավ էի սովորում», եւ ինքը ծիծաղեց ու ասաց՝ «պատկերացնո՜ւմ եմ», եւ ես ասացի՝ «ինստիտուտում էլ եմ լավ սովորել», եւ ինքն ասաց՝ «ես իմ աչքի տեսածն եմ ասում» եւ ժպտալով ավելացրեց՝ «էդ ինստիտուտ ընդունվելդ էլ պակաս գրելու թեմա չի», եւ ես ասացի՝ «արդեն գրել եմ», եւ ինքն ասաց՝ «ես մենակ մեր մասերն եմ կարդացել» եւ ավելացրեց՝ «ավելի ճիշտ՝ մեր մասերից սկսած եմ սկսել կարդալ», եւ ես ասացի՝ «էս վեպը առանձին գրքերով տպել եմ. կտամ՝ սկզբից մինչեւ վերջ կկարդաս», եւ ինքը ժպտաց ու ասաց՝ «մեծ հաճույքով կկարդամ. մանավանդ՝ ինստիտուտ ընդունվելուդ մասերը», եւ ես ասացի՝ «ինստիտուտ ընդունվելուս մասին առաջին հատորիս մեջ մանրամասն գրել եմ», եւ ինքը հարցրեց՝ «բա մեր պատմությո՞ւնը որ հատորի մեջ ա», եւ ես ասացի՝ «երկրորդ», եւ ինքը հարցրեց՝ «սաղ իրար հետ քանի՞ հատոր ա», եւ ես ասացի՝ «վեց հատոր արդեն գրել եմ, բայց չորսն եմ գրքով տպել» եւ ավելացրի՝ «քեզ անպայման կտամ», եւ Հրուշն ասաց՝ «տուր. կուղարկեմ էրեխեքին», եւ ես ասացի՝ «քեզ առանձին կտամ, ձերոնց՝ առանձին» եւ ծիծաղելով ավելացրի՝ «ինչքան չըլնի՝ վեպիս հերոսներն եք», եւ Հրուշը ծիծաղեց ու ասաց՝ «առաջ որ ասում էին՝ գրական հերոս, ինձ թվում էր՝ իսկական հերոս են», եւ ես ծիծաղեցի ու ասացի՝ «կոնկրետ դու՝ իսկական հերոս ես. իսկական հերոսը պոզովպոչով ա՞ ըլնում», եւ Հրուշն ասաց՝ «աղջիկս էլ ա հերոս. էրկուսս էլ շատ մեծ դժվարություններ անցանք», եւ ես ասացի՝ «կարեւորն էն ա, որ դժվարություններն արդեն անցել են», եւ ինքը բռունցքով ծառին խփելով ասաց՝ «թո՛ւ-թո՛ւ-թո՛ւ. սատանի ականջը խուլ», եւ ես ասացի՝ «հա», եւ ինքն ասաց՝ «մի ամսից երեւի մոտները գնամ. հույս ունեմ՝ մինչեւ գնալս էդ հատորներդ կտաս, որ տանեմ իրանց», եւ ես ասացի՝ «անպայման», եւ ինքը հարցրեց՝ «հեռախոսիս համարը հո չե՞ս կորցրել», եւ ես ասացի՝ «չէ. մոտս գրած կա», եւ ինքն ասաց՝ «էդ գրքերդ որ տամ իրանց՝ շատ կուրախանան», եւ ես ասացի՝ «ճիշտ ես անում, որ շուտ-շուտ ես մոտները գնում», եւ Հրուշն ասաց՝ «մենակ էն վախտ եմ գնում, երբ իրանք իմ պահանջն զգում են» եւ ծիծաղելով ավելացրեց՝ «քո խորհուրդին հետեւում եմ», եւ ես զարմացած հարցրի՝ «ի՞նչ խորհուրդ», եւ ինքը ժպտաց ու ասաց՝ «ասում էիր՝ շատ մի գնա. թող մարդիկ հանգիստ ապրեն», եւ ես ավելի զարմացած ասացի՝ «շառ ես անում. ե՞րբ եմ քեզ ըտենց բան ասել», եւ ինքը ծիծաղեց ու ասաց՝ «մենակ որ ասած ըլնեիր՝ լավ ա. գրել է՛լ ես» եւ ծիծաղելով ավելացրեց՝ «էդ տեղը կարմիր գրիչով ընդգծել եմ», եւ ես ասացի՝ «չեմ հիշում, որ քեզ ըտենց բան ասած ըլնեմ», եւ Հրուշը ժպտաց ու ասաց՝ «լավ չի, որ ասածներդ ու գրածներդ մոռանում ես. էդ նախադասությունդ կարմիրով ընդգծել եմ. որ զանգես՝ բառ առ բառ կկարդամ», եւ ես ասացի՝ «որ ասում ես՝ հավատում եմ», եւ ինքն ասաց՝ «ի՞նչ շահ ունեմ խաբեմ» եւ ծիծաղելով ավելացրեց՝ «ընենց որ՝ քո խորհուրդին հետեւում եմ. իրանց հանգիստ եմ թողում», եւ ես ծիծաղեցի ու ասացի՝ «շատ ճիշտ ես անում», եւ Հրուշը ժպտաց ու ասաց՝ «մենակ էն վախտ եմ գնում՝ երբ որ իրանք են իմ կարիքն զգում», եւ ես հարցրի՝ «հիմա կարիքդ զգում ե՞ն», եւ ինքը ժպտաց ու ասաց՝ «էն էլ ո՜նց են զգում. մի ամիս հետո ավելի շատ կզգան», եւ ես հարցրի՝ «ի՞նչ իմաստով», եւ ինքը կարմրելով ու ժպտալով ասաց՝ «հերթական իմաստով. չբեր աղջիկս երրորդն ա ունենալու», եւ ես զարմացած հարցրի՝ «ե՞րբ», եւ ինքը պատասխանեց ու ասաց՝ «իրանց հաշվարկներով՝ ամառվա վերջերին» եւ ավելացրեց՝ «մայիսին արդեն ֆիզարձակուրդ կգնա. ընենց որ՝ իմ կարիքն էնտեղ շատ ա զգացվելու», եւ ես ասացի՝ «աղջիկդ, փաստորեն, բազմազավակ մայր ա դառնում», եւ Հրուշը ծիծաղեց ու ասաց՝ «պատկերացնում ես, չէ՞. չբերը՝ բազմազավակ մայր» եւ ծիծաղելով ավելացրեց՝ «փաստորեն, վեպիդ բովանդակությունը հարստացնում ենք», եւ ես ծիծաղեցի ու ասացի՝ «հա», եւ ինքը ծիծաղեց ու ասաց՝ «արդեն գիտեմ, որ էս ամեն ինչը գրելու ես, դրա համար էլ հետդ ըսենց զգույշ եմ խոսում», եւ ես ասացի՝ «որ գրելու չըլնեի՝ անզգույշ կխոսայի՞ր», եւ ինքը ծիծաղեց ու ասաց՝ «որ գրելու չըլնեիր՝ վաբշե հետդ չէի խոսա. փաստորեն, քո միջոցով պատմության մեջ ենք մտնում» եւ մի քիչ մտածեց ու ծիծաղելով ավելացրեց՝ «հայ ժողովրդի պատմության», եւ ես ծիծաղելով ասացի՝ «կարող ա Ֆրանսիայի պատմության մեջ էլ մտնեք», եւ ինքը ծիծաղեց ու ասաց՝ «որ էդ վեպդ ֆրանսերեն թարգմանվի, կարող ա Ֆրանսիայի պատմության մեջ էլ մտնենք», եւ ես ասացի՝ «էդ ֆրանսիացի փեսեդ որ ուզի՝ թարգմանել կտա», եւ Հրուշը հանկարծակի լրջանալով ու արհամարհական ինձ նայելով ասաց՝ «իշտահդ քացախ. դու լայաղ չարիր իրան մի հատ սառոշկա տանես, ուզում ես ինքը քու էդ գրածները ֆրանսերեն թարգմանել տա՞», եւ ես ծիծաղեցի ու ասացի՝ «ձեր համար եմ ասում. դուք եք պատմության մեջ մտնելու», եւ ինքը ծիծաղեց ու ասաց՝ «հա, հիշեցի. պատմությունից էլ էիր շատ թույլ. Շինելը քեզ միշտ էրկուս էր նշանակում», եւ ես ասացի՝ «շատ ուժեղ հիշողություն ունես», եւ ինքը զարմացած հարցրեց՝ «խի դու Շինելին չես հիշո՞ւմ», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «Շինելին հիշում եմ, բայց էրկուսներս չեմ հիշում», եւ Հրուշը ծիծաղեց ու ասաց՝ «ձեռնտու չի, դրա համար էլ չես հիշում», բայց ես ոչ միայն Մետաքսի Տիմոշենկոյի անվան դպրոցի մեր պատմության դասատու Շինելին եմ հիշում, այլեւ՝ Հրուշի ասած էդ անթիվ ու անհամար երկուսներս, ու նաեւ հիշում եմ, որ Շինելի էդ անթիվ ու անհամար երկուսների պատճառով երրորդ անգամ դպրոցս փոխեցի, եւ հիմա որոշ ժամանակ Հրուշից կտրվելով ու շեղվելով՝ ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ Մետաքսի Տիմոշենկոյի անվան դպրոցի մեր պատմության դասատուի Շինել մականունը պատերազմական ծագում ու նշանակություն ուներ. ինքը Հայրենական մեծ պատերազմից հաղթանակած վերադառնալով ու Մետաքսի Տիմոշենկոյի անվան դպրոցում աշխատանքի անցնելով՝ երբեւէ չհրաժարվեց իր մարտական ձմեռային հանդերձանքից՝ շինելից, եւ իմ աշակերտության ձմեռներին էլ նույն էդ շինելի մեջ էր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել