Լրահոս
Օրվա լրահոսը

Ասք ծննդավայրի

Հունվար 26,2008 00:00

Լույս է տեսել Իգնատ Մամյանի նոր գիրքը՝ «Երկիր Ծննդավայր», որը նվիրված է հեղինակի հայրենի քաղաք Նոյեմբերյանին, նրա պատմությանն ու մարդկանց:

Այս առիթով «Առավոտը» հյուրընկալեց գրողին:

– Ե՞րբ է գրվել գիրքը, ի՞նչ նպատակով ու ընդգրկումներով եւ ինչպե՞ս եք կարողացել ապահովել այսպիսի շքեղ ու բազմաքանակ հրատարակություն:

– «Երկիր Ծննդավայր» վերնագիրն իմ մեջ կար շատ վաղուց, այսինքն՝ գրքի ստեղծումն իմ վաղեմի երազանքն էր: Ես սիրում եմ իմ ծննդավայրը, նրա ազնիվ, աշխատասեր ու բարեպաշտ մարդկանց եւ գրողի իմ վաստակը, իմ երկու տասնյակ գրքերը ինձ համար ոչինչ չէին արժենա, եթե լույս աշխարհ չգար այս երազելի գործը: Նրանք, ովքեր եղել են Նոյեմբերյանում, շփվել մարդկանց հետ, հյուրընկալվել նրա որեւէ օջախում, պիտի որ հասկանան ինձ: Ժամանակին իմ անվանի ընկերներից մեկը ինձ մեղմաբար քննադատեց «փոքր տարածքի հայրենասիրության» մեջ: Դա, երեւի, այնքան էլ ճիշտ չէր, թե չէ արցախյան պատերազմի ծանր օրերին ի՞նչ գործ ունեի հարավային ռազմաճակատի խրամատներում: Բայց ես ընդունում եմ ընկերոջս «մեղադրանքը» եւ հպարտ եմ դրանով, այո, իմ մանկության ընկեր խոզարած Ալբերտ Անանյանը ինձ համար յոթ անհայրենիք ակադամիկոս արժե…

Իմ հին երազանքն ու Նոյեմբերյանի քաղաքապետ, իմ ընկեր Սերյոժա Ամիրաղյանի ցանկությունը համընկան իրար եւ եղավ «Երկիր Ծննդավայր» գիրքը: Նրա ստեղծման ու տպագրության համար անհրաժեշտ միջոցները հայթայթեց քաղաքապետը եւ խորին շնորհակալություն պիտի հայտնեմ հատկապես մեր հայրենակից, երիտասարդ գործարար Արման Ամիրաղյանին՝ նյութական մեծ աջակցության համար: Գրքի որոշ հատվածներ գրված էր շատ տարիներ առաջ. իմ հիմնական նյութը ստեղծվեց վերջին մեկ տարվա ընթացքում:

– Այդ գործում ձեզ օգնողներ եղա՞ն:

– Այո, իհարկե: Իմ գլխավոր խորհրդատուն անվանի նկարիչ, պրոֆեսոր Հենրիկ Մամյանն էր: Նյութերի հավաքման առումով շնորհակալ եմ Ֆելիքս Գիշյանին, Գարեգին Զալինյանին, Հրաչիկ Գիշյանին, Հենրիկ Վ. Մամյանին եւ էլի մի շարք նոյեմբերյանցիների:

– Ի՞նչ տպաքանակով է հրատարակվել «Երկիր Ծննդավայրը» եւ որտե՞ղ է վաճառվում:

– Տպագրվել է առայժմ հազար օրինակով, որի առաջին խմբաքանակը՝ 500 օրինակ, ուղարկվել է Նոյեմբերյան: Այնտեղ կիրացվի նաեւ երկրորդ խմբաքանակի մեծ մասը, չենք մոռանա նաեւ երեւանաբնակ նոյեմբերյանցիներին: Ասեմ նաեւ, որ գիրքն ուղեկցվում է իմ սցենարով նկարահանված «Մանկության սարերի կանչը» տեսաֆիլմով, որը ներկայացնում է նոյեմբերյանցու երկրորդ հայրենիքի՝ սարաշխարհի կյանքը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել