Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՈՆՅԱՆԸ՝ ԿՐԿԻՆ ԱՌԱՋԱՏԱՐ

Հունվար 26,2008 00:00

 Հոլանդիայի Վեյկ ան Զեե քաղաքում ընթացող շախմատի «Corus Chess» գերմրցաշարի ավարտին մնաց երկու տուր:

«A» խմբում պայքարն այնքան անզիջում է, եւ մասնակիցները մրցաշարային աղյուսակում այնքան կիպ են դասավորված, որ մեկ սայթաքումը, թեկուզ կես միավորի կորուստը կարող է ճակատագրական լինել:

Հենց մեկնարկից մշտապես մրցաշարային աղյուսակի առաջին եւ երկրորդ հորիզոնականները բաժանող հայաստանցի գրոսմայստեր Լեւոն Արոնյանը երեկ կայացած 11-րդ տուրում սեւ խաղաքարերով 41-րդ քայլում ֆանտաստիկ գեղեցիկ հաղթանակ տարավ հոլանդացի Լյուկ վան Վելլի նկատմամբ: Եվ ինչպես նշում է այդ հանդիպումը լուսաբանող գրոսմայստեր Անդրեյ Դեւյատկինը, հայ շախմատիստի կիրառած կոմբինացիան պետք է իր արժանի տեղը գտնի շախմատի դասագրքերում:

Տանելով անչափ գեղեցիկ հաղթանակ՝ Հայաստանի լավագույն շախմատիստը շրջանցեց նորվեգացի Մագնուս Կարլսենին, որը սպիտակներով պարտվեց աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդին, եւ մրցաշարի ավարտից երկու տուր առաջ 7,0 միավորով ստանձնեց միանձնյա առաջատարի դերը: Մյուս պարտիաներում գրանցվեցին այսպիսի արդյունքներ. Իվանչուկ-Ադամս՝ 1/2, Պոլգար-Էլյանով՝ 0:1, Տոպալով-Մամեդյարով՝ 1/2, Գելֆանդ-Ռաջաբով՝ 0:1, Լեկո-Կրամնիկ՝ 1/2: 11 տուրից հետո «A» խմբի մրցաշարային աղյուսակն այսպիսի տեսք ստացավ:

1. Լեւոն Արոնյան 7,0 միավոր

2. Թեյմուր Ռաջաբով 6,5

Մագնուս Կարլսեն 6,5

Վիշվանաթան Անանդ 6,5

5 . Վլադիմիր Կրամնիկ 6,0

Մայքլ Ադամս 6,0

Վասիլի Իվանչուկ 6,0

8. Շախրիյար Մամեդյարով 5,5

Վեսելին Տոպալով 5,5

Պետեր Լեկո 5,5

11. Յուդիթ Պոլգար 4,5

12. Պավել Էլյանով 4,0

Լյուկ վան Վելլի 4,0

14. Բորիս Գելֆանդ 3,5:

Այսօր Արոնյանը սպիտակներով խաղում է Ուկրաինայի լավագույն շախմատիստ Վասիլի Իվանչուկի հետ:

«B» խմբում շարունակում է վատ հանդես գալ Գաբրիել Սարգսյանը: Երեկ նա կրեց այս մրցաշրջանում իր չորրորդ պարտությունը եւ 3,5 միավորով ընթանում է նախավերջին՝ 13-րդ տեղում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել