Լրահոս
Օրվա լրահոսը

Վատագույն ավանդույթները շարունակվում են

Հունվար 26,2008 00:00

Դիտարկումներ ժամանակակից Հայաստանի կյանքից

Ես քաղաքացիների այն թվին եմ պատկանում, որը գոհունակությամբ է ընդունում վերջին տարիներին Երեւանում ծավալվող շինարարությունը, քաջ գիտակցելով հանդերձ, որ ամեն ինչ չէ, որ համապատասխանում է քաղաքաշինության տարրական կանոններին կամ լավ ճաշակի պահանջներին: Այնուամենայնիվ, այն հանգամանքը, որ քաղաքի կեղտոտ եւ առնետներով բնակեցված նկուղները կարգի են բերվում եւ վերածվում կոկիկ խանութների կամ սրճարանների, ինձ ուրախացնում է: Ի վերջո, քաղաքի կառուցապատման սկզբունքների մասին կարելի է բանավիճել հավերժ եւ ոչ մի բանի չհասնել, սակայն գալիս է ժամանակը, երբ անհրաժեշտ է գործել: Մասնավորապես, Մարշալ Բաղրամյան պողոտայի տրանսպորտային ծանրաբեռնվածությունը թեթեւացնելու մասին խոսակցությունները գնում են անցյալ դարի 70-ական թվականներից, բայց 2007-ին միայն գործնական մոտեցում ցուցաբերվեց, ինչի համար շատ շնորհակալ եմ:

Սակայն ես չեմ հանդիպել որեւէ վարորդի, որին գոհացներ ավտոմեքենաների հոսքը թեթեւացնելու համար նախատեսված այդ կառույցները: Բոլորը համոզված են, որ խցանումների խնդիրը էստակադան չի լուծել եւ, բացի դրանից, հայտնվեցին փոխադրամիջոցների համար վտանգավոր նոր շրջադարձեր: Օրեր առաջ երթուղային տաքսիում ուղեւորներից մեկը վստահ տոնով տվեց հետեւյալ բացատրությունը. «Իսկ դու գիտե՞ս, թե ինչու են կառուցել այդ էստակադան: Այստեղ պետք է ստորգետնյա անցուղի սարքեին, բայց Հայրապետյան եղբայրները թույլ չտվեցին: Իսկ նրանց ո՞վ դեմ կգնա: Եվ այդ պատճառով կառուցեցին այս մղձավանջը»: Որքան էլ անհեթեթ լինեն նման կարծիքները, դրանք տարածվում են, դառնում սովորական եւ դրանց ի հայտ գալը, այնուամենայնիվ, որոշակի հիմքեր ունի: Ամեն քայլափոխի մենք հանդիպում ենք դրվագների, որոնք ապացուցում են օլիգարխիկ բուրգային համակարգի ամենազորությունը. ցանկացած ինքնուրույն որոշում ընդունելու միակ հնարավորությունը զգալի միջոցների տիրանալն է կամ իշխանությանը հաղորդակից լինելը:

Դրա փոխարեն քաղաքացիների վրա անջնջելի տպավորություն է թողել արդեն հիշատակված տրանսպորտային կառույցի հանդիսավոր բացումը: Ավագ սերնդի ներկայացուցիչները հիշում են, որ Խորհրդային Միությունում խոշոր շինարարության ավարտը կամ «արտադրական նվաճումները» զուգակցվում էին որեւէ հոբելյանի հետ: Երկրի ղեկավարի հոբելյանին կամ պետական տոների առթիվ բացվում էին գործարաններ, արձակվում էին տիեզերանավեր, կազմակերպվում էին բերքահավաքներ: Ոչ մի լավ բան դրանից չէր ստացվում՝ գործարանները սկսում էին աշխատել նախատեսված հզորության կեսի չափով, «հոբելյանական» տիեզերանավերը շարքից դուրս էին գալիս, հավաքած բերքը փտում էր պահեստներում: Բայց դրա փոխարեն հանդիսավոր զեկույցում նշվում էր, թե հերթական հոբելյանը «նշանավորվեց արտադրական հաջողություններով»: Մի խոսքով, աչքակապություն: Ես համոզված եմ, որ ՍՍՀՄ-ի փլուզման պատճառներից մեկը դա է:

Պարզվում է, մեր անկախ եւ ժողովրդավարական երկրում սույն կոմունիստական ավանդույթը վերածնվում է: Բոլորին հայտնի է, որ նման միջոցներով միավորներ են հավաքվում գալիք նախագահական նախընտրական կամպանիայի համար եւ ոչ մեկին չի հետաքրքրում, թե ինչ գումարներ են լրացուցիչ ներդրվելու կառուցած օբյեկտները նորոգելու համար: Կարեւոր է, որ ՆՐԱ խոստացած օրը քաղաքի խճուղիներով սլանալու է կառավարական մեքենաների շարասյունը:

…Չեմ կարող չհիշել ռեպորտաժը Գիտությունների ազգային ակադեմիայից. գիտնականներին այցելել էր հայտնի բարերար Գագիկ Ծառուկյանը: Կլոր ակադեմիական սեղանի շուրջը նստած էին գիտնականներ, ում ազգանունները հայտնվում են աշխարհի ամենահեղինակավոր գիտական ամսագրերում, որոնց հայտնագործությունները եւ աշխատությունները հայտնի են տարբեր երկրներում եւ որոնք, ցավոք, ողջույնի նվաստացուցիչ ուղերձներ էին հղում վերոհիշյալ գործարարի հասցեին, որովհետեւ նա միջոցներ էր հատկացրել գիտության զարգացման եւ գիտնականների թոշակները ավելացնելու համար: Իհարկե, ամբողջ աշխարհում հաջողակ գործարարները աջակցում են գիտությանը, բնակչության առողջապահությանը, հատկացումներ են անում սոցիալական տարբեր հիմնադրամների, սակայն այդ ամենը իրականացվում է այլ կերպ, առանց որեւէ մեկին ծիծաղելի վիճակի մեջ գցելու: Բոլոր քիչ թե շատ զարգացած երկրներում հասկանում են, որ բարերարները բարեգործություններ են անում ոչ թե զուտ մարդասիրական զգացումից, ինչպես կարծում են այսօրվա մեր օլիգարխները, այլ այն պարզ պատճառով, որ միայն նորմալ զարգացող եւ առողջ հասարակության պայմաններում է հնարավոր այդ գործարարների գոյությունը: Աշխարհում պետության եւ ձեռներեցների այդ փոխշահավետ համագործակցությունը ձեւակերպված է օրենսդրությամբ, եւ բարերարները ստանում են համապատասխան տնտեսական արտոնություններ:

Արժանապատիվ ոչ մի երկիր թույլ չէր տա զանգվածային հեռուստատեսությամբ ներկայացնել ավտոմեքենաների «ոսկե» համարանիշերի աճուրդը: Ցինիզմի ինչ մակարդակի կարելի է հասնել, որպեսզի երկրում, որտեղ բնակչության քառորդ մասը գտնվում է աղքատության շեմին, ուղիղ հեռարձակմամբ ցուցադրել սեփական ավտոմեքենայի համարանիշը 10 000 դոլարով գնելու «հանդեսը»:

…Իրական ժողովրդավարությունը ձեռնտու չէ ճակատագրի բերումով իշխանավոր դարձած մի խումբ մարդկանց: Եթե հանկարծ նրանք իշխանությունը ձեռքից բաց թողնեն, ակնհայտ կդառնա իրենց անկարողությունն ու ողորմելիությունը: Իշխանության ուժային ճնշմամբ նրանք ստիպում են իրենց հետ հաշվի նստել ունակ գործարարներին եւ մենեջերներին: Նրանք չեն կարողանում լիարժեք ծավալել իրենց գործունեությունը, քանի որ գործում է կլանային մենաշնորհը արտադրական տարբեր ճյուղերում, ապրանքների ներմուծման դաշտում եւ ամենուրեք տիրում է կոռուպցիան:

Իհարկե, վաղ թե ուշ այդ համակարգը քանդվելու է՝ նույնիսկ ԽՍՀՄ-ը քանդվեց: Բայց արժե՞, արդյոք, ժամանակ եւ սերունդներ կորցնել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել