Լրահոս
Օրվա լրահոսը

ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԸ ՄԻԱԲԱՆՎԵԼՈՒ ԿՈՂՄՆԱԿԻՑ ԵՆ

Հունվար 26,2008 00:00

ՀՀ նախագահի մոտալուտ ընտրություններին ընդառաջ՝ «Առավոտի» նամականին փոխվել է. սովորաբար գերակշռող սոցիալական բնույթի նամակները իրենց դիրքերը զիջել են քաղաքական վերլուծություններին եւ կոչերին:

Հիշեցնելով «ցուրտ ու մութ տարիները», մեր նամակագիրներից մեկը՝ Ռուդոլֆը, որը չի ցանկացել հրապարակել իր ազգանունը, այլ միայն՝ մասնագիտությունը՝ դասախոս, նկատում է. «Իհարկե, այդ տարիներն ունեին նաեւ օբյեկտիվ պատճառներ, սակայն ինչո՞ւ հետագա տարիների ընթացքում արդարանալու շատ թույլ փորձեր էին կատարվում, եւ նոր է միայն Բագրատյանը, այնուհետեւ՝ Լեւոնն իր ճառում մանրամասնում այդ երեւույթի պատճառները, որոնց մի մասը անհամոզիչ էին: Միգուցե մտածում էին, որ այլեւս հույս չկա իշխանության գալու, իսկ արդարանալն իմաստ չունի, որովհետեւ ժողովուրդն էլ, նրա կարծիքն էլ երկրորդական են, ուշադրության ոչ արժանի»: Հակադարձելով «ՀՀՇ-ական հոդվածագիրներին», որոնք «բոլոր ընդդիմադիրներին համոզում են՝ քարը փեշից թափել եւ համախմբվել Լեւոնի շուրջ», մեր նամակագիր Ռուդոլֆը ասում է՝ «ամենամեծ քարերը Լեւոնի փեշերում են»: Ապա եզրակացնում է. «Եթե Լեւոնի նպատակն իրոք ժողովրդին այս վիճակից դուրս բերելն է, ապա նա պետք է կանգնի որեւէ ընդդիմադիր թեկնածուի կողքին, թեկուզ Դավիթ Հակոբյանի, էլ չեմ ասում, որ ընդդիմության մեջ կան մարդիկ, որոնց նկատմամբ նա մեղքի մեծ բաժին ունի: Առաջին հերթին նկատի ունեմ Վազգեն Մանուկյանին ու ՀՅԴ-ն: Բայց կարո՞ղ է նա այդ անել, ունի՞ այդքան կամքի ուժ՝ իր ամբիցիաները հաղթահարելու համար: Նշված պահվածքով նա կգրավեր մարդկանց սրտերը եւ մյուս նախագահականը սարերի հետեւում չէ, ժողովուրդը հենց իր ասածի նման կխնդրեր, որ նա դառնա նախագահ: Լեւոնը պետք է քավարան անցնի, սակայն նրա շրջապատը այնքան է ոգեւորված նորից իշխանության գալու հեռանկարով, որ կորցրել է իրատեսությունը եւ խորհուրդ տալ իր առաջնորդին չի կարող»:

Իսկ ահա Կոտայքի մարզի բնակիչ Իլյիչ Մելքոնյանը, որը բաց նամակ է գրել ընդդիմադիր թեկնածուներին, ճիշտ հակառակն է մտածում: Ըստ նրա՝ «միակ մարդը, որի շուրջ կարելի է եւ անհրաժեշտ, որ համախմբվի ողջ ընդդիմությունը, Լեւոն Տեր-Պետրոսյանն է»: Եվ բացատրում է, թե ինչու՝ «այդ անձնավորությունը նախագահում էր հանրապետության ամենածանր օրերին», ու թվարկում այն բոլոր խնդիրները, որոնց առկայության պայմաններում երկրի ղեկավարությունը ստանձնեց այն ժամանակ դեռ անփորձ երիտասարդ Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ երկրաշարժ, որի հետեւանքները դեռ չեն վերացել, փախստականների աննախադեպ հոսք, որոնց խնդիրները դեռ չեն լուծվել, հանցավոր տարրերի ակտիվացում, պատերազմ, ՍՍՀՄ փլուզման արդյունքում կաթվածահար եղած տնտեսություն եւ արդյունաբերություն, շրջափակում եւ այլն: Այս երկարաշունչ թվարկումից հետո Իլյիչ Մելքոնյանը շարունակում է. «Եղան սխալներ, վրիպումներ, ցուրտ-խավար-զրկանքներ, բայց ազգաբնակչությունը չտրտնջաց, իսկ հանրապետությունը վստահորեն այդ վիճակից դուրս եկավ՝ երկրաշարժից տուժածներին ձեռք մեկնեց աշխարհը, կրիմինալը ջախջախվեց, անդորրն ու օրինականությունը վերականգնվեցին, պատերազմում հաղթանակեցինք, արդյունաբերության եւ գյուղատնտեսության մեջ կայացավ սեփականաշնորհման գործընթացը, շրջափակումը մեղմացվեց՝ դեպի Իրան եւ այլ երկրներ տանող կյանքի ճանապարհով, վերագործարկվեց ատոմակայանը… Դժվար էր, բայց արվեց, իսկ երբ առաջացավ հասարակական պահանջ, Լեւոն Տեր-Պետրոսյանը, բարոյական մարդուն վայել, հրաժարական տվեց»:

Եվս մի բաց նամակ՝ ուղղված ՀՀ նախագահի թեկնածուներին, «Առավոտը» ստացել է Լեփսիուսի անվան թիվ 88 դպրոցի հիմնադիր տնօրեն, թոշակառու Վասիլ Հարությունյանից: Նա բոլոր թեկնածուներին համախմբման կոչ է անում, չմասնավորեցնելով, սակայն, թե ո՞ւմ շուրջ: Փոխարենը բացատրում է, թե՝ ընդդեմ ում: «Հայոց այրեր, եղբայրներ, մի կողմ նետեք «բռնցքամարտի ձեռնոցները», խղճով ու սիրով լցվեք մեր ժողովրդի համար կենսական գործին, ձգտեք ոչ թե ամեն գնով երկրի տիրակալ, այլ՝ ժողովրդի սիրելի ղեկավարը դառնալ»,- ասում է պարոն Հարությունյանը: Ըստ նրա՝ մեր բոլոր պրոբլեմների մեղավորը մեր «դարավոր ոսոխն» է. «Այսօր թուրքը անամոթաբար նորից հենարան է փնտրում մեզ մոտ եւ պատրաստակամություն հայտնում ամեն գնով օգնել իրեն ձեռնտու ուժերին, եւ Հայաստանը դարձնել ծաղր ու ծանակի թատերաբեմ՝ աշխարհին «ներկայացնել» մեզ՝ անհաշտներիս: Մեր միաբանությանը խփում է կուսակցացավը, որը ժողովրդին տրոհելու, բազմաթիվ մասերի բաժանելու, կազմալուծելու դատապարտելի երեւույթ է, եւ այն ոչինչ չունի, այսպես կոչված, դեմոկրատիայի հետ: Ժողովուրդը հավաքական հզոր ուժ է, պետք չէ արհեստականորեն բաժանել մասերի…»:

Կուսակցությունների դեմ է արտահայտվում նաեւ մեր մյուս նամակագիրը՝ լրագրող Լեւոն Անանիկյանը, որը նախ հիշում է, թե ինչպես էին սովետական տարիներին իրեն՝ հացի գործարանի այն ժամանակվա բանվորին, առաջարկում մտնել Կոմկուսի շարքերը, որպեսզի հաց գողանա: Ու եզրահանգում է. «Հիմա էլ մտածում եմ, որ մարդիկ կուսակցության շարքերն են ընդունվում գողանալու-չբռնվելու նպատակով: Ճիշտ է, այն ժամանակ իշխող եւ գողացող կուսակցությունը մեկն էր: Հիմա էլ առանձնապես բան չի փոխվել, միայն թե կուսակցություններն են շատացել: Ես միշտ էլ դեմ եմ եղել կուսակցականացմանը: ՀՀՇ վարչության նիստերում, երբ քննարկման է դրվել ՀՀՇ-ն կուսակցություն դարձնելու հարցը, միշտ էլ դեմ եմ քվեարկել՝ մեր ամենաազնիվ, ամենագեղեցիկ ու մեր ազգին պատիվ բերող Շարժումը սրբորեն պահելով հոգուս խորքերում: Հիշեք, ո՞վ էինք մենք՝ 80-ականների վերջում եւ 90-ականների սկզբում: Իսկ երբ ՀՀՇ-ն անցավ իշխանության, մեր շարքերում շատացան առնետները, որոնք հետագայում փախան, մտան… ու մինչեւ հիմա էլ ներսում են, մի անցքից ուշիուշով հետեւում են իրադարձությունների զարգացմանը: 90-ականների երկրորդ կեսին շատ իրադարձություններ եղան՝ մեծ ու փոքր, զազրելի ու զզվելի, որոնք վերաճեցին այսօրվա: Կուսակցությունները սնկի պես ծլեցին, սակայն ընդդիմություն չդարձան: Իսկ որ ընդդիմություն չկա՝ մեղավոր են իշխանությունները: Իշխանության գալով, առաջին հերթին հարկավոր է հոգ տանել ընդդիմության ստեղծմանը, որպեսզի իշխանության հասած մարդիկ իրենք չփչանան: Այսինքն՝ չմեծամտանալ, թույլ չտալ իրենց ժառանգներին հղփանալ, ուրիշի ունեցվածքին աչք չդնել, չգողանալ ու չթալանել սեփական քրտինքով ապրելամիջոցներ վաստակող հեռու ու մոտիկ մարդկանց»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել