Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր միտումներ արտ-շուկայում

Հունվար 26,2008 00:00

\"\"Իմպրեսիոնիստների ու մոդեռնիստների գործերն անցյալ տարի ավելի «էժան» էին, քան ժամանակակից արվեստի ներկայացուցիչներինը:

Անցյալ տարի արտ-շուկայում աննախադեպ ռեկորդներ են գրանցվել՝ արժեւորվել են ժամանակակից արվեստի գործերը կամ փոխվել են արվեստասերների նախասիրությունները: Օրինակ, փետրվարին Լոնդոնի Christie`s աճուրդում վաճառվել է Անգլիայի ամենահայտնի եւ ամենասկանդալային նկարիչ Ֆրենսիս Բեկոնի 1956թ. արված «Դիմանկարի էտյուդ II» աշխատանքը, որը $27.5 միլիոնով ձեռք է բերել ամերիկյան «Ռիչարդ Գրեյ» պատկերասրահը: Մեկ ռեկորդ էլ նյույորքյան Sotheby`s-ում է գրանցվել՝ մայիսին: Մարկ Ռոտկոյի «Սպիտակ կենտրոնը» (1950 թ.), վաճառվել է $72,8 մլն-ով: Փաստորեն, վերջինս XX դարի ամենաթանկ նկարչի կարգավիճակ է ձեռք բերել: Նոյեմբերին Christie`s-ում նրա կտավները կրկին բարձր գնով վաճառվեցին, մասնավորապես՝ «Կարմիր, երկնագույն, նարնջագույնը»՝ $34 մլն-ով, «Մուգը բացի վրա» կտավը՝ $12 մլն-ով եւ «Սեւ եւ մոխրագույնը»՝ $10 մլն-ով: Որոշ իմաստով այս արվեստագետը ամերիկյան միլիոնատերերի նկարիչ է, որովհետեւ նրա «գներն» ու առաջատար դիրքերը շուկայում հաստատում են հենց միլիոնատերեր-կոլեկցիոներները: «Սպիտակ կենտրոնը» ժամանակին պատկանել է ամերիկացի բանկիր եւ բարեգործ Դեյվիդ Ռոքֆելերին, որը 1960թ. նկարը ձեռք էր բերել $10000-ով: (Այն տարիներին դա մեծ գումար էր): Այլեւս թանկ են վաճառվում նաեւ պոպ-արտի ներկայացուցիչ Էնդի Ուրխոլի գործերը: Նրա «Կանաչ մեքենայի վթարը» աշխատանքը վերջերս Christie`s-ում վաճառվել է $71,7 մլն-ով: Sotheby`s-ի մայիսյան աճուրդում բառացիորեն «թռել» են նաեւ բրիտանացի սյուրռեալիստ Ֆրենսիս Բեկոնի կտավների գները: Նրա «Ինոկենտի X պապի դիմանկարի էտյուդը» մուրճի հարվածից հետո «հեռացել» է $52,8 մլն-ով:

Անցյալ տարի նոյեմբերին Christie`s-ի թոփ տասնյակում հայտնվեցին նրա՝ $33 մլն-անոց «Ինքնանկարը» եւ $45.9 միլիոնանոց «Ցլամարտ N1» էտյուդի երկրորդ տարբերակը: Բայց այս նկարչի ֆենոմենը գոնե ունի որոշակի բացատրություն: Բեկոնը հավատարիմ է գեղանկարչության եվրոպական ռեալիստական ավանդույթներին, իսկ սոցհարցումները փաստում են, որ մարդիկ ռեալիստական գեղանկարչությունն ավելի հեշտ են ընկալում, քան աբստրակտը:

Վերջին տասնամյակի ամենաթանկ ամերիկացի նկարիչ է համարվում պոպ-արտիստ Ջասպեր Ջոնսը, նրա կտավներից մեկը վաճառվել է $11 մլն-ով, իսկ Եվրոպայում՝ Պիտեր Դոյգը: Վերջինիս՝ անորոշ ու ոմանց համար անընկալելի նկարները վաճառվում են $11.4 -12 մլն-ով: Դոյգից արդեն առաջ է անցել մեկ այլ բրիտանացի՝ Լուսյեն Ֆրեյդը, որի «Իբը եւ նրա ամուսինը» գործը վերջերս վաճառվեց $19.4 մլն-ով: Շատերին հետին հորիզոնականներ է մղել նաեւ Ջեֆ Կունսը, որի «Սիրտը» (աշխատանքը տարօրինակ, հսկա սիրտ է՝ ոսկյա թելով առաստաղից կախված) վաճառվել է $23 մլն-ով: «Թանկանոցների» թոփ-տասնյակի երրորդ հորիզոնականում է Դեմիեն Խերստը: Նրա ստեղծած ադամանդակուռ գանգը՝ «Քանզի սա սերն է առ աստված» վերնագրով, վաճառվել է $100 մլն-ով:

Միջազգային արտ-շուկայի վերջին միտումները վկայում են, որ իմպրեսիոնիստների եւ մոդեռնիստների՝ ժամանակին բարձր գնահատվող ստեղծագործությունները անցյալ տարվանից մղվել են երկրորդ պլան՝ իրենց տեղը զիջելով ժամանակակից արվեստին: Օրինակ, Պոլ Գոգենի հանրահայտ «Առավոտը», որը փորձագետները գնահատել էին մինչեւ $60 մլն, Sotheby`s աճուրդի տանը հազիվ $39.2 մլն «հավաքեց», իսկ Վան Գոգի՝ ագռավներով բնապատկերը, որը նկարվել է հեղինակի մահից օրեր առաջ, ընդհանրապես գնորդ չունեցավ: Պիկասոյի հայտնի գործերից մեկն էլ, որ $100 մլն էր գնահատվել, չվաճառվեց: Չնայած այս տխուր պատկերին, www.skatepress.com կայքի հաշվարկներով, արտ-շուկայի ամենաթանկ կտավը եղել եւ մնում է Վան Գոգի «Դոկտոր Գաշեի դիմանկարը»՝ $119 մլն: Նրա ներկայիս տերը այդ աշխատանքը գնել է միայն նրա համար, որ այդտեղ տեսել է իրեն: Իմպրեսիոնիստներից Կլոդ Մոնեն այն բացառիկներից է, որ իր դիրքերը չի զիջել: Նրա «Ջրային հովտաշուշանները» Sotheby`s-ում վերջերս վաճառվել է $ 36.6 մլն-ով, իսկ «Վաթերլոո կամուրջը՝ ամպամած եղանակին»՝ Christie`s-ում՝ $35.5 մլն-ով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել