Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՈՐ ԱՆՈՒՆ՝ ԲԱԼԵՏԱՅԻՆ ԱՐՎԵՍՏՈՒՄ

Հունվար 26,2008 00:00

Սեւակ Ավետիսյանը հայկական բալետի հետ հույսեր է կապում

Օրերս Հայաստանի թատերական գործիչների միության (ՀԹԳՄ) «Թատրոն» երկշաբաթյա պարբերականի շնորհանդեսին միության նախագահ Հակոբ Ղազանչյանն իր խոսքում նշեց, որ վերջապես մասնագետներն ունեցան արտահայտվելու միջոց եւ, որ ամենակարեւորն է, ներկայացումներով «չեն զբաղվի» թատերական ոլորտից անտեղյակ լրագրողները: Պրն Ղազանչյանը հավանաբար մոռացել է, որ հայաստանյան թատերարվեստում դեռեւս կա ոլորտ, որը չունի իր քննադատները: Խոսքը բալետային արվեստի մասին է: Այս դաշտը բաց է մնացել դեռեւս խորհրդային տարիներից, մինչդեռ առաջին բալետային ներկայացումը՝ Դելիբի «Կոպելիան» (բեմադրիչ՝ Վ. Արիստակեսյան), բեմադրվել է 1926թ., իսկ առաջին բալետային խումբը ստեղծվել՝ 1933թ., նորաբաց Ազգային օպերային թատրոնում, որն էլ առաջին անգամ հանդես է եկել Ալ. Սպենդիարյանի «Ալմաստ» օպերայում: 1935-ին էլ բեմադրվել է Չայկովսկու «Կարապի լիճը», իսկ ազգային առաջին բալետը՝ Ա. Խաչատրյանի «Երջանկությունը», հանդիսատեսի դատին է հանձնվել 1939թ.:

«Առավոտը» երեւանյան գրադարաններից փորձեց ձեռք բերել հայկական բալետի պատմությանը վերաբերող գրականություն, սակայն՝ ապարդյուն, փոխարենը մեզ հրամցրին գրականագետների ու բանասերների հեղինակությամբ հրատարակած բրոշյուրներ՝ հայկական բալետի ճանաչված դեմքերի՝ Բելլա Հովնանյանի, Վանուշ Խանամիրյանի, Հովհաննես Դիվանյանի եւ այլոց մասին: Կարծում ենք՝ ժամանակն է, որ Կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտում ստեղծվի բալետի տեսության եւ պատմության բաժին: Այսօր բալետի երիտասարդ արտիստներից շատերը մի տեսակ որոնումների մեջ են՝ պարզ պատճառով. չկա մասնագիտական քննադատություն:

«Առավոտը» 2007թ. վերջին ներկա գտնվելով Մինկուսի «Դոն Քիշոտ» բալետային ներկայացմանը, նկատեց Բազիլի մենապարը կատարող Սեւակ Ավետիսյանին, որը բրավոներ «քամեց» հանդիսատեսից: Նա շուրջ 2 տարի է՝ ինչ աշխատում է ազգային օպերային թատրոնում, առաջին բեմելը սպայի մենապարն է եղել՝ Բիզե-Շչեդրինի «Կարմենում», ապա Կարենն ու Արմենը՝ Խաչատրյանի «Գայանեում»: Երիտասարդ արվեստագետը «Առավոտին» հայտնեց, որ փետրվարի վերջին Խաչատրյանի «Գայանեով» թատրոնի բալետային խումբը կմեկնի Աբու Դաբի: Ս. Ավետիսյանն ասաց, որ չի կարողանում համակերպվել վերջին տարիներին հնչող այն մտքին, թե Հայաստանում բալետը մեռած արվեստ է. «Անցյալ տարի ծանոթացա մենեջեր Գրիգոր Պետրոսյանի հետ, որը հետաքրքրված է բալետի արտիստներով: Հենց նրա շնորհիվ է Ռուբեն Մուրադյանը մասնակցել Բրազիլիայում անցյալ տարի կայացած բալետի արտիստների ամենամյա միջազգային մրցույթին ու արժանացել դափնեկրի կոչման»: Ս. Ավետիսյանը նշեց, որ հավանաբար ամռանը նույն մենեջերի միջոցով ինքն էլ ուժերը կփորձի որեւէ միջազգային մրցույթում:

Արտիստին ակնարկելով երգչուհի Սոնա Շահգալդյանի տեսահոլովակում իր մասնակցության մասին, հարցրինք՝ ակադեմիական թատրոնի մենապարողի համար նվաստացուցիչ չէ՞ տեսահոլովակներում նկարահանվելը: «Նվաստացուցիչ չէ այնքանով, որ գոնե շոուախեղդ եղած մեր ժամանակներում անգամ բալետային արվեստ չսիրող մարդը իր նախընտրած երգիչ-երգչուհու կողքին, թեկուզ ստիպված, բայց հաղորդակցվում է բալետի հետ: Ես հույս ունեմ, որ կգա ժամանակ եւ մեր ազգը կհպարտանա ոչ միայն այսօր եվրոպաներում հանդես եկող մեր մենապարողներով, այլեւ մեր թատրոնի բալետի խաղացանկը կհարստանա լավ ներկայացումներով»,- պատասխանեց Սեւակ Ավետիսյանը: Նաեւ հայտնեց, որ հին ու բարի ժամանակների նման առաջիկայում ազգային օպերային թատրոնում էլ կկազմակերպվեն զուտ բալետային երեկոներ, որոնք, մեր կարծիքով, ոչ միայն կփոխհատուցեն թատրոնի աղքատ խաղացանկը, այլեւ երիտասարդ շնորհալիներին լայն հանրությանը ներկայանալու հնարավորություն կտան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել