Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԵՂԵՑԻԿ, ԵՐԲԵՄՆ ԷԼ՝ ԶՎԱՐՃԱԼԻ ՄՏՔԵՐ

Հունվար 26,2008 00:00

Ինչ են խոստանում ՀՀ նախագահի թեկնածուները

Փոքր հաճույքներ՝

կինո, թատրոն եւ…

Ներսես Շնորհալի

Ինչպես խորհրդարանական ընտրությունների ժամանակ՝ կուսակցությունների, այնպես էլ ՀՀ նախագահի թեկնածուների նախընտրական ծրագրերը դրախտ են խոստանում մշակույթի, երիտասարդության, կրթության եւ գիտության ոլորտների համար: Կան թեկնածուներ էլ, որ ընդհանրապես չեն անդրադարձել այդ ոլորտներին, իսկ, օրինակ, Սերժ Սարգսյանն ու Լեւոն Տեր-Պետրոսյանը բավական ժուժկալ են գտնվել այդ հարցերում:

ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր նախընտրական ծրագրում կամ, ինչպես հեղինակն է անվանում՝ «Հանդարտ խոհերում» խոստանում է. «Առողջապահության, կրթության, գիտության ոլորտներում պետական ծրագրերի դերի եւ տեսակարար կշռի մեծացում, հավաստագրային եւ հասցեագրված ֆինանսավորման համակարգերի ներդրում, մասնավոր կապիտալի ներգրավվածության ընդլայնում, ապահովագրական եւ հիպոթեքային հիմնադրամների հնարավորությունների լիարժեք օգտագործում, բուհական ուսման վարձերի ձեւավորումը կանոնակարգող եւ դրանց աճը զսպող մեխանիզմների կիրառում, Հայաստանի բուհերի օժտված ուսանողների կրթությունն արտասահմանում կազմակերպելու նպատակով պետական հատուկ հիմնադրամի ստեղծում»: Մեկնաբանելով իր խոսքով՝ «կորուսյալ դրախտի» հուշը, երբ «որոշակի առումով բավարարված էր նաեւ հայ ժողովրդի ազգային հպարտությունը՝ շնորհիվ աշխարհաճանաչ հայ գիտնականների, զորավարների, գրողների, արվեստի գործիչների, մարզիկների նվաճումների», երբ «Տիգրան Պետրոսյանի, Յուրի Վարդանյանի, «Արարատ» ֆուտբոլային ակումբի հաջողությունները ուրախության անսպառ աղբյուր էին հանդիսանում հայ ժողովրդի համար, միաժամանակ շոյելով նրա հայրենասիրական զգացումներն ու ազգային արժանապատվությունը»՝ նախագահի թեկնածուն վերադառնում է ներկա ու փաստում, որ մարդիկ այժմ զրկված են ամենատարրական բաներից: Լ. Տեր-Պետրոսյանի ծրագրում նշվում է, որ Հայաստանում ընդամենը երազում են «միջոցների սղության պատճառով զուրկ չմնալ մարդկային փոքր հաճույքներից՝ ընթերցանությունից, թատրոն կամ սրճարան հաճախելուց»: Իսկ թե ինչպես պետք է հասարակ մահկանացուները հասնեն այդ ամենին, ըստ ծրագրի, պատասխանը մեկն է՝ հեռացնել ներկա իշխանություններին:

ՀՀԿ առաջնորդ եւ ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանն էլ մյուսների նման խոստանում է ապահովել մեր երազած Հայաստանը: Այնուհետեւ հետեւում են շատ սենտիմենտալ նախադասություններ. «Հայաստանում, որին մենք ձգտում ենք, պետք է տիրի փոխադարձ հարգանքի, սիրո եւ ներողամտության մթնոլորտ… Հայաստանում, որին մենք ձգտում ենք, պետք է ապահովվի անվտանգ, արժանավայել կյանք եւ ինքնարտահայտման հնարավորություն՝ մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացու համար»: Ինչպես արդեն նշել ենք, պրն Սարգսյանի նախընտրական ծրագրում եւս կրթության, գիտության եւ մշակույթի ոլորտների մասին համարյա ոչինչ չկա: Ընդամենը մի երազանք- նախադասություն է. «Ցանկացած հայ ընտանիքի համար կրթությունը եւ գիտելիքը լինելու են ամենամեծ պահանջարկ վայելող արժեքները»: Փոխարենը նա մեջբերում է անում հայ միջնադարյան մշակույթի տիտաններից մեկից, այն էլ ոչ մշակութային «նպատակով»: «Քաղաքացիական հասարակություն կառուցելու լավագույն մոտեցումը տվել է Ներսես Շնորհալին. «Միասնություն՝ գլխավորում, ազատություն՝ երկրորդայինում, եւ սեր՝ ամեն ինչում»,- գրված է ծրագրում: ՀՀԿ թեկնածուի ծրագրում էլ կան ռոմանտիկ, սիրունիկ արտահայտություններ. «Աշխարհով մեկ սփռված հայերի զգալի մասի քաղաքական, մշակութային, տնտեսական հետաքրքրությունների կենտրոնը Մայր հայրենիքն է: Աշխարհասփյուռ հայությունն իրապես շահագրգռված է Հայաստանի զարգացմամբ… Մեր մրցակցային առավելությունը համայն հայության միացյալ ներուժն է»: Կամ. «Մշակույթը կամրապնդի հայերի կապն ամբողջ աշխարհում, դրանով իսկ հստակեցնելով մեր ուրույն տեղը քաղաքակրթությունների երկխոսությունում»:

Պրն Սարգսյանը փաստում է, որ «21-րդ դարում ունենալ կրթության ցածր մակարդակ՝ նշանակում է ունենալ ցածր կենսամակարդակ»: Հետո էլ հավելում՝ «Անհրաժեշտ է ընդունել նոր օրենքներ, վերակառուցել գիտության եւ կրթության համակարգը, ստեղծել այնպիսի կառույցներ, որոնք հնարավորություն կտան համախմբել համայն հայության գիտական եւ մտավոր ներուժը»:

Ինչո՞ւ է լռում ծրագիրը

«Ժողովրդական կուսակցության» նախագահ Տիգրան Կարապետյանի ծրագիրը դեռ չի հրապարակվել, սակայն նա «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ իր եւ կուսակցության ծրագրերի միջեւ էական տարբերություններ z Ինչ վերաբերում է ԺԿ ծրագրին, այն գիտակրթական ոլորտում սոցիալական շեշտադրումներ ունի: Ավելին, ծրագրի սոցիալական բաժնում է խոսվում «մտավոր ներուժի՝ ազգի հիմնական ռեսուրսը լինելու մասին»: Բոլորի նման ԺԿ-ն էլ դեկլարատիվ հայտարարություններ է անում, թե գիտությունը եւ կրթությունը ՀՀ զարգացման գերակա ուղղությունն ու երաշխիքն են: Հայ ազգին «ադամանդներով» ողողած, այլեւս պոետ ՀՀ նախագահի թեկնածու Տիգրան Կարապետյանի կուսակցության ծրագրում մշակույթի մասին առանձին կետ, որպես այդպիսին, չկա:

ՀՀ նախագահի թեկնածու, ԵՊՀ դասախոս, մաթեմատիկոս Արամ Հարությունյանը իր նախընտրական ծրագրում, վերնագրերը հանած, ընդամենը 10 տող է հատկացրել կրթությանը, գիտությանն ու մշակույթին: «Պետք է բարձրացնել դպրոցի դերը եւ ապահովել դպրոցից բուհ սահուն անցումը: Անհրաժեշտ է օրենսդրական բարեփոխումներով ապահովել ներբուհական ժողովրդավարությունը, որը կնպաստի բուհերում ֆինանսական միջոցների ծախսման թափանցիկությանը եւ բուհի աշխատակիցների սոցիալական վիճակի բարելավմանը»,- գրված է նրա ծրագրում: Ա. Հարությունյանը կարեւորում է նաեւ գիտության հիմնարար ճյուղերի եւ նոր տեխնոլոգիաների զարգացումը՝ ապահովելով այդ ոլորտների հենակետային եւ թեմատիկ ֆինանսավորման թափանցիկությունն ու անհրաժեշտությունը: Նա երազում է վարել այնպիսի մշակութային քաղաքականություն, որը «կնպաստի անհատի եւ հասարակության ստեղծագործական ներուժի դրսեւորմանը՝ պահպանելով ազգի հոգեւոր ժառանգությունը»: Իսկ թե ինչպես՝ այդ մասին ծրագիրը «լռում» է:

Վերակառուցել գիտությունը՝ «Ութի խմբի»

աջակցությամբ

Սոնյայի եւ Մամիկոնի որդու՝ ԱՄ առաջնորդ Արտաշես Գեղամյանի նախընտրական ծրագիրը գեղեցիկ ձեւակերպումներով հավակնում է հայտնվել լիրիկական ծրագրերի առաջին հորիզոնականում: «Կրթության ոլորտում իմ առջեւ դրած խնդիրները ձեւավորվել են՝ հաշվի առնելով XXI դարում ինովացիոն հասարակություններին ներհատուկ մարտահրավերները: Ես ելնում եմ նրանից, որ կրթությունը յուրաքանչյուր պետության առաջընթացի հիմքն է»,- գրված է թեկնածուի ծրագրում: Նա գտնում է, որ անհրաժեշտ է կրթության համակարգի արդիականացմանը՝ պետական աջակցություն, որպեսզի այն առավելագույնս համապատասխանի գլոբալ էկոնոմիկայի պահանջներին: Ի տարբերություն մյուս թեկնածուների, Գեղամյանն ավելի հեռուն է գնացել: Նա «Կրթությունը XXI դարում» ազգային նախագծի կենսագործման կարեւոր նախապայման է համարում աշխարհի առաջատար երկրների («Ութի խմբի») աջակցությունը, որոնք 2006 թ. հուլիսի 16-ին Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովում ընդունեցին «Կրթությունը XXI դարի ինովացիոն հասարակությունների համար» հռչակագիրը: «Իմ կողմից առաջարկվող «Կրթությունը XXI դարում» ազգային նախագիծը աջակցություն կստանա «Ութի խմբի» երկրների կողմից, քանի որ դրանում ամրագրված նպատակներն ու խնդիրներն ամբողջովին համահունչ են ընդունված հիշատակածս հռչակագրի բուն գաղափարին, որի կենսագործմանը օժանդակելու իրենց պատրաստակամությունն են հայտնել աշխարհի առաջատար պետությունները: Կրթության, գիտության եւ մշակույթի բնագավառում ընթացիկ խնդիրների լուծումը պահանջում է ինչպես հեռանկարային համապատասխան ծրագրի բազայի ստեղծում, այնպես էլ դրանք իրականացնելու համար գործուն միջոցների ձեռնարկում»,- համոզված է թեկնածուն: Գեղամյանը խոստանում է լուծել հանրակրթական դպրոցի առջեւ ծառացած հիմնական խնդիրները, այդ թվում՝ կրթական ողջ համակարգի գերակա ֆինանսավորման, կրթության բնագավառում կապիտալ շինարարության, ուսուցիչների համար կացարաններ կառուցելուն նպատակաուղղված պետական ֆինանսավորման, կրթության բնագավառի բոլոր աշխատողների աշխատավարձերի զգալի բարձրացման հարցերը: Ա. Գեղամյանը որոշել է իր՝ նախագահ ընտրվելու դեպքում պետական աջակցություն ցուցաբերել հեռավոր եւ մերձավոր արտասահմանի հայկական հանրակրթական դպրոցներին, Սփյուռքում նպաստել հայկական դպրոցի դերի բարձրացմանը, կրթության հիմքում էլ դնել «ազատության ու պատասխանատվության ոգով դաստիարակությունը, մատաղ սերնդի մտավոր, հոգեւոր եւ ֆիզիկական զարգացման համար հավասար ու արդար պայմանների ստեղծումը»: Նախագահ Գեղամյանը «վտանգավոր» կարող է լինել մասնավոր բուհերի համար, որովհետեւ իր ծրագրում խոստանում է կիրառել մասնավոր բուհերի ատեստավորման եւ արտոնագրման ավելի խիստ պահանջներ: Ինչ վերաբերում է մշակույթին, ապա թեկնածուն ավելի քան համոզված է, որ «ազգային մշակույթի պահպանումը, վերածնունդը եւ զարգացումը պարտադիր պայման են կյանքի մյուս բոլոր բնագավառներում հաջողության հասնելու համար», նաեւ ազգի համախմբման կարեւորագույն միջոց: Եվ հետեւում է եւս մի գեղեցիկ ձեւակերպում. «Այսօր, հայոց պետականության կայացման ներկայիս ծանր ժամանակներում, միայն մշակույթը կարող է ապահովել ազգի ինքնատիպությունը, պետության եւ հասարակության սոցիալական, բարոյական, հոգեբանական բնութագրերի կայունությունը»:

Մշակույթի բնագավառում պրն Գեղամյանի առաջնահերթ խնդիրն է լինելու աջակցել մշակույթի գործիչներին՝ նրանց ստեղծագործական գործունեության համար բարենպաստ պայմաններ ստեղծելուն, տաղանդների բացահայտմանը եւ ինքնադրսեւորմանը, մշակույթի պետական հովանավորության ապահովմանը: Նա խրախուսելու է մշակույթի գործիչներին բարոյապես եւ նյութապես, բայց այնպես է անելու, որ «խրախուսումը պայմանավորված լինի բացառապես գեղագիտական նկրտումներով, ելնի զուտ գեղարվեստական ընկալումներից՝ անկախ մնալով քաղաքական կոնյունկտուրայից»: Դառնալով ՀՀ նախագահ, նա ճանաչելու է Հայաստանի Հանրապետության էթնոմշակութային բազմազանությունը եւ պետականորեն պաշտպանելու է «որպես հասարակության սեփականություն»: Պրն Գեղամյանը խոստանում է ընդլայնել Հայաստանի բուհերում սփյուռքահայ ուսանողների ուսումնառության հնարավորությունները, նոր թափ հաղորդել սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման դասընթացներին:

ՀՀ նախագահի թեկնածու, ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը իր ծրագրում ափսոսում է, որ «չգիտես ինչու, իրական հաղթանակները փնտրում ենք հայոց պատմության հեռավոր անցյալում, այնինչ դրանք առկա են նաեւ մեր կողքին եւ մեր միջոցով են իրականացվել: Մնում է միայն տեր կանգնել այդ հաղթանակներին, եւ մեր երկիրը կունենա ապագա»: Պրն Մանուկյանի նախընտրական ծրագրում «Գիտության եւ կրթության խնդիրը» խորագրի ներքո ընդամենը 4 նախադասություն խոստում է տրվում, որ իր նախագահ դառնալուց հետո այնպիսի  բարեփոխումներ կիրականացվեն, որոնց արդյունքում մեր պետության բոլոր հիմնական համակարգերը կդառնան մրցունակ եւ արդյունավետ: «Գիտելիքի վրա հիմնված տնտեսությունը չի կարող կայանալ առանց գիտակրթական նոր համակարգերի»,- հետո էլ ավելացնում է պրն Մանուկյանը:

Ինչ վերաբերում է մշակույթի զարգացման ազգային-պետական խնդրին, պրն Մանուկյանի նպատակն այս դաշտում «հոգեւոր-մշակութային արժեքների չափանիշների ծավալվող անկումը դադարեցնելն է, զանգվածային հաղորդակցության միջոցների կողմից լայնորեն պրոպագանդվող ցածրորակ արտադրանքի արշավի դադարեցումը»: Ըստ պրն Մանուկյանի ծրագրի, վաղուց ժամանակն է ընդունել պետական մշակութային քաղաքականության հայեցակարգ: Նա նաեւ որոշել է երկարաժամկետ ծրագիր իրականացնել, որով նախատեսվում է «հոգեւոր-մշակութային, կրթության եւ դաստիարակության լայնածավալ համակարգի ստեղծում ու գործունեություն՝ երկրի ողջ տարածքում, պատմական եւ մշակութային ժառանգության պահպանման եւ պրոպագանդման արդյունավետություն, մշակութային-մասնագիտական կրտսեր ուսումնական հաստատությունների ցանցի ստեղծում»:

Բարձրացնել

ծնելիությունը՝ նաեւ հանուն մշակույթի

ՀՅԴ նախագահի թեկնածու Վահան Հովհաննիսյանի նախընտրական ծրագիրը հիմնականում սոցիալական ուղղվածություն ունի, որովհետեւ, ըստ թեկնածուի. «Սոցիալական հարցը մարդու ազատության խնդիր է:  Միայն սոցիալապես ազատ եւ ապահովված մարդը կարող է կատարել ազատ քաղաքական ընտրություն եւ ծառայել իր երկրին ու ժողովրդին»: ՀՀ նախագահ ընտրվելու դեպքում ընկեր Վահանը երաշխավորում է «համակողմանի զարգացած, ինքնակազմակերպման ընդունակ, հայրենասիրության եւ մարդասիրության ոգով դաստիարակված քաղաքացիների կրթական իրավունքի իրացումը»: Հետո էլ տալիս նոր խոստումներ. «Երիտասարդների հիմնախնդիրների հետեւողական լուծում, երիտասարդ քաղաքացիների համար աշխատանքային եւ ինքնադրսեւորման լայն հնարավորությունների ստեղծում, կրթություն-գիտություն-արտադրություն հստակ շղթայի իրագործում,  ազգային մշակութային քաղաքականության ոլորտում պատմամշակութային ժառանգության պահպանում ու ներդաշնակ զարգացում, հասարակության ու անհատի ստեղծագործ ներուժի բացահայտում ու խրախուսում, ինչպես նաեւ հայ մշակույթի՝ համաշխարհային մշակութային գործընթացներում արժանապատիվ ներկայացում»: ՀՅԴ թեկնածուի ծրագրով նախատեսված է նաեւ «ժողովրդագրական իրադրության բարելավում՝ ծնելիության մակարդակի աճ, մահացության մակարդակի նվազեցում, կյանքի տեւողության ավելացում»: Էլեկտորատի ականջը շոյող մեկ ուրիշ դրույթ. «Մերժում եմ աղքատության խնդրի լուծումը բացառապես նյութականով պայմանավորելը: Հայաստանի քաղաքացին պետք է ապրի նաեւ լիարժեք հոգեւոր-մշակութային կյանքով: Միայն նման պարագայում մենք իսկապես կունենանք ժամանակակից բարիքներից լիարժեքորեն օգտվող, ժամանակի հետ համաքայլ ընթացող քաղաքացի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել