Լրահոս
Օրվա լրահոսը

Չեն սիրում քաղաքական խաղեր, արհամարհում են համասեռամոլներին

Հունվար 26,2008 00:00

Բլոգերները Հայաստանում ակտիվացել են

Սրանք՝ https://irukan.livejournal.com, https://petrucchio.livejournal.com, https://ahousekeeper.livejournal.com, բլոգեր են, այսինքն՝ ինտերնետային կայքեր, որոնք ստեղծում են տարբեր նախասիրությունների եւ մասնագիտությունների տեր մարդիկ՝ իրենց մտքերն ու ցանկալի նյութերը տեղադրելու համար: Իսկ նրանց ընկերները՝ մյուս բլոգերները, ընթերցում են դրանք եւ գրում մեկնաբանություններ: «Առավոտը» բլոգեր Ռուբեն Մուրադյանի հետ զրույցում պարզեց. «Բլոգերը որեւէ մեկից որեւէ բան չի ուզում: Գրում է այն, ինչ իրեն է հետաքրքրում: Օրինակ՝ ես դանակներ եմ հավաքում եւ գրում դրանց, քաղաքականության եւ այլնի մասին: Իմ բլոգում մյուս բլոգերներից հավաքում եմ 1990-ականների սկզբի տարիների հիշողություններ: Բլոգիս առաջին մասում տեղադրել եմ հացի տալոն»: Հետո էլ հավելեց. «Բլոգը պարզապես զբաղմունք է, հոբի, որն անում ես քեզ համար: Սակայն դա չաթ չէ, քանի որ բլոգում հավաքված են լուրջ մարդիկ: Բլոգը շփման միջոց էլ չէ, քանի որ դա հանգիստ կարող էինք անել, օրինակ՝ ընկերներով գարեջուր խմելիս: Այն հնարավորություն է տալիս առավելագույնս պարզել այնպիսի բաներ, որոնց մասին, օրինակ՝ թերթերը չեն գրի»: «Առավոտի» հետ զրույցում բլոգերները հայտնեցին, որ չեն սիրում քաղաքական խաղեր, բայց շատ հետաքրքրված են քաղաքականությամբ:

Բլոգային հոբիով այսօր ՀՀ-ում «վարակված» է շուրջ 200 մարդ, 1000-ի է հասնում նրանց թիվը, ովքեր պարզապես կարդում են ուրիշների ստեղծած բլոգերը: Բլոգերները Հայաստանում ակտիվացել են 2005-ից, 2007-ին նրանց թիվն աճել է 2006-ի համեմատ: Ռ. Մուրադյանն այս կապակցությամբ ասաց. «Հասարակությունը չգիտի՝ ինտերնետն ինչ է: Նրանցից շատերը պարզապես գիտեն, որ կա կոմպյուտերչիկի մասնագիտություն: Դեռ կան մարդիկ, որոնք վախենում են համակարգչից՝ մտածելով, որ կարող է մի բան անեն դրա հետ, ինչը վատ կանդրադառնա իրենց վրա»: Թե ինչքանով է հասարակությունը «ինտեգրված» ինտերնետային աշխարհին, բնորոշվում է «պենեթրեյշըն ռեյթ» կոչվող տերմինով: ԱՄՆ-ում, ըստ Ռ. Մուրադյանի՝ դա 75 տոկոս է կազմում, ՌԴ-ում՝ շուրջ 40, Եվրոպայում՝ շուրջ 60: Բլոգեր-զրուցակցից «Առավոտը» հետաքրքրվեց, թե իրենց շարքերում կա՞ն քաղաքական գործիչներ կամ գիտնականներ: Պարզվեց՝ ոչ: «Բլոգային» Հայաստանում քննարկվում են բոլոր այն խնդիրներն ու թեմաները, որոնցով տարված է հասարակությունը: Օրինակ՝ առաջիկա նախագահական ընտրություններն այս պահին տարբեր բլոգերում քննարկվող ամենաառաջնային թեմաներից են: Ռ. Մուրադյանն իր՝ https://uzogh.livejournal.com հասցեով բլոգում քվեարկություն է անցկացրել, որին մասնակցել է 136 բլոգեր: Ըստ նրա, նախագահական «բլոգային» ընտրության արդյունքները այսպիսին են. «Առաջին տեղում՝ 32 ձայնով, Վազգեն Մանուկյանն է, երկրորդում՝ 21 ձայնով, Լեւոն Տեր-Պետրոսյանը, երրորդ տեղը 20 ձայնով զբաղեցրել է Սերժ Սարգսյանը: Ինչպես տեսնում եք, Սերժին ինտերնետում չեն սիրում: Ես, օրինակ, Վահան Հովհաննիսյանին եմ ընտրելու, չնայած շատերը ՀՅԴ-ի եւ այժմյան կառավարության միջեւ էական տարբերություն չեն տեսնում: Իմ համոզմամբ՝ Դաշնակցությունը նորմալ քաղաքականություն ստեղծող միակ ուժն է Հայաստանում, թեեւ մեծամասնությունը կարող է չհամաձայնել ինձ հետ»: Քանի որ խոսեցինք մեծամասնությունից, Ռ. Մուրադյանին հարցրինք, թե բլոգերները «փոքրամասնությունների» մասին ի՞նչ են գրում: Նա պատասխանեց. «Ավելի լուրջ հարցեր ենք քննարկում: Ի՞նչ պիտի գրվի գոմիկների մասին……ի՜նչ լավ է, որ կա՞ն, թե՞ գնանք ծեծենք նրանց… Հայ-թուրքական հարաբերությունների, Թեղուտի մասին հարցրեք, այդ թեմայով ենք գրում: Երբ արտասահմանցի բլոգերների հետ խոսում էինք Բաքվի ջարդերից, ռուսներն էլ որոշ դեպքեր հիշեցին: Ի դեպ, թե ռուսները, թե ամերիկացիները մեզ վրա թքած ունեն»: «Առավոտը» փոքրիկ էքսկուրս կատարեց բլոգային միջավայրում եւ արձանագրեց իրականությունից ոչ շատ հեռու «պատմություններ»:

Օրինակ՝ https://irukan.livejournal.com բլոգում տեղադրված էր մի պատմություն, որը վերնագրված էր՝ «Անգիր արած անճարություն կամ հեքիաթ արգելված քաղաքի մասին»: Հեղինակը պատմում էր ԱԺ շենքի մասին, որի հետ քաղաքացիները հաղորդակցվում են միայն մետաղալարերից այն կողմ: Բլոգերը շենքի հարակից տարածության մասին գրում է. «Այն ընկալվում է ոչ թե որպես իրական աշխարհի մի մաս, այլ վիրտուալ իրականության շարունակություն, որը լուրերում հեռուստացույցով ենք տեսնում»: Իսկ երբ նկարագրում է ԱԺ բակը, ասում է, որ այգում կան նաեւ նստարաններ, որոնց վրա ոչ ոք չի գրել եւ չի էլ գրի. «Այստեղ Վասյան է եղել»: Հետո նույն բլոգերը գրում է. «1995-ի սեպտեմբերի 25: Կեղծված նախագահական ընտրություններից հետո ամբոխը գրոհում է դրախտային պարտեզը՝ ջարդելով այն շրջապատող մետաղյա պարիսպը: Այդ անգամ, իհարկե, գրոհն ավարտվեց առանց զոհերի, սակայն ակնարկը չհասկացվեց… Հետո քաղաք են մտնում զինված ուժեր, պատը վերականգնում են եւ շարունակում ապրել ու գործել հին սկզբունքով. «Ոչինչ չենք մոռացել եւ ոչինչ չենք սովորել»: Երեք տարի հետո էլ այդ այլընտրանքային իրականություն են մուտք գործում հինգ հոգի՝ երկար վերարկուներով, դեռ ոչ շատ հայտնի լրագրողի՝ Նաիրի Հունանյանի գլխավորությամբ»:

Մեկ այլ բլոգերի (https://greenrose18.livejournal.com) պատմության թեման նախկին ներքին գործերի նախարար Վանո Սիրադեղյանն է: Բլոգերը պատմում է, թե ինչպես է մի անգամ իր մորը ուղղված շնորհավորական բացիկին փակցրել հայտնի մարդկանց՝ Չաք Նորիսի, Ալեն Դելոնի, Բատալովի եւ Վանո Սիրադեղյանի նկարները: Բլոգերը հիշում է նաեւ Վանոյի հետ իր հանդիպումը՝ «Գումի» շուկայի մոտ գտնվող պիցերիայում: Ըստ https://greenrose18.livejournal.com-ի, Սիրադեղյանը երիտասարդ կնոջ եւ երեխայի հետ ներս է մտել ու բոլորը սպասել են, թե նա պիտի որեւէ արտառոց ուտեստ պատվիրի, սակայն պատիրել է պիցա, տապակած միս եւ կարտոֆիլ: «Վ. Սիրադեղյանին մեջքով էի նստած եւ անհարմար էր պտտվել ու նայել նրան: 10 տարի է անցել, բայց ես դեռ հիշում եմ «պիցերիայով միջնորդավորված իմ հանդիպումը» եւ Վանո Սիրադեղյանին փակցնում եմ մայրիկիս նվիրված բացիկում»,- ասում է https://greenrose18.livejournal.com-ում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել