Լրահոս
Օրվա լրահոսը

ՁԵՐԲԱԶԱՏՎԵ՛Լ «ՔՆՆԱԿԱՆ» ԳԱՅԹԱԿՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ

Հունվար 26,2008 00:00

\"\"ԳԹԿ տնօրեն Մանուկ Մկրտչյանի «դեղատոմսը»

Դեռ խորհրդային տարիներից հնարավոր է կաշառքով բուհ ընդունվելը: Գնահատման եւ թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) տնօրեն Մանուկ Մկրտչյանի խոսքերով. «Պիտի հասարակությունն ի վերջո հասկանա, որ կաշառք տալը գայթակղություն է: Կաշառք տվողը գայթակղում է, իսկ գայթակղվողներից ամեն մեկն իր «գինն» ունի: Գուցե մեկը ասի՝ ես չեմ վերցնում, բայց եթե միլիարդ դոլար առաջարկեն՝ մտածի, որ դրանով գոնե Կարսը կարող է առնել՝ հաստատ կհամաձայնի… Պետք է կաշառքը վերացնել մեր հանրության ե՛ւ հոգեբանությունից, ե՛ւ նիստուկացից…Հենց քննությունները սկսվեն, ոմանք փողը կուտակած՝ փորձելու են ինչ-ինչ ուղիներ փնտրել: Դրա համար պետք է ողջ ֆրոնտով գործել՝ կաշառք տվողների դեմն առնել ե՛ւ օրենքով, ե՛ւ բարոյական նորմերով»:

Նշենք, որ ԳԹԿ-ն փետրվարի 1-ից սկսել է 2007-2008 ուստարվա շրջանավարտների հայոց լեզու եւ գրականություն, մաթեմատիկա, օտար լեզու (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, ռուսերեն) առարկաներից պետական ավարտական եւ միասնական քննությունների կազմակերպան գործընթացը, այսինքն՝ հայտագրումը, որը կտեւի մինչեւ մարտի 16-ը: ԳԹԿ տնօրենի պաշտոնակատարը խորհուրդ տվեց հայտատուներին չուշանալ եւ չսպասել վերջին օրվան, որպեսզի ինչ-ինչ խնդիրներ ծագելու դեպքում հնարավոր լինի դրանք շտկել: Ասաց նաեւ, որ քննական բոլոր առարկաների գծով Ուղեցույցները բաժանված են, վաճառքի հանված՝ լրացուցիչ օժանդակ նյութեր: Մեր խնդրանքով անդրադառնալով «Թեստմետր» կազմակերպության ու դրա ղեկավար, ԵՊՀ հաշվիչ կենտրոնի տնօրեն Ռուբեն Թոփչյանի «բիզնես-ծրագրով» հանրապետության տարբեր դպրոցներում անցկացվող վճարովի փորձարկումներին, Մ. Մկրտչյանն ասաց. «Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի երեխաները կարողանան որակյալ քննություն հանձնել: Շատերն են դիմում, խնդրում փորձարկում անցկացնել իրենց դպրոցներում, ԳԹԿ-ն անվճար աջակցում է: Օրինակ, Սյունիքում վերջերս անցկացվել է նման փորձարկում, այժմ մեր համակարգչային բաժինը ստուգում է աշխատանքները, վերլուծականը՝ կվերլուծի, պատասխանը կտանք: ԿԳ նախարարի քաղաքականությունն է, որ պետբյուջեի հաշվին մարդկանց հնարավորինս պատրաստենք: Ինչ վերաբերում է Թոփչյանի կողմից անցկացվող փորձարկումներին, դա բիզնես է, որին միջամտելու իրավունք չունենք: Մի անգամ Գյումրիի դպրոցներից փողը թյուրիմացաբար մեր հաշվին էին փոխանցել, որը, բնականաբար, վերադարձրինք: Ի դեպ, մեր պարագայում հարցը միայն անվճար փորձարկում անցկացնելը չէ, մենք նաեւ վերլուծում ենք արդյունքները, տալիս համապատասխան խորհուրդներ աշակերտներին եւ ծնողներին»:

Մ. Մկրտչյանին հիշեցրինք իր՝ մի առիթով արած այն հայտարարությունը, թե քննական թեստերն Անգլիայում տպագրելն ազգային ամոթ է, եւ հարցրինք՝ ի՞նչ է մտածում դրանք երկրորդ անգամ եւս արտերկրում տպագրելու մասին: «Այո, իսկապես ասել եմ նման բան.. Եվ իմ շրջապատում չկա մեկը, որն այդպես չկարծի: Ցավոք, քննական թեստերը Հայաստանում տպագրելու համար դեռ ճանապարհ պիտի անցնենք, որովհետեւ դեռ պատրաստ չենք: Փորձանքի պես մի բան կլինի, եթե վեց քննությունների թեստերն էլ այստեղ տպագրվեն…»: Մեր հաջորդ դիտարկմանն էլ՝ միեւնույն է, առաջադրանքները Հայաստանից են ուղարկվում, Մ. Մկրտչյանը պատասխանեց. «Առաջադրանքը Հայաստանից դուրս գնալուց՝ մեկ մարդու հետ գործ ունես, երբ Հայաստանում ես տպագրում, ավելի շատ մարդիկ են խառնվում, ռիսկի աստիճանը մեծանում է: Ի դեպ, այս տարվա միասնական քննությունների թեստերը Անգլիայում կտպագրվեն, իսկ ավարտականինը՝ Հայաստանում: Դրանց գաղտնիության համար ԳԹԿ-ն է պատասխանատու»:

«Առավոտը» հետաքրքրվեց, Մ. Մկրտչյանը մտավախություն չունի՞, որ իր՝ որոշ հեղափոխական մտքեր կրթական համակարգի իր կոլեգաներին դուր չեն գա. «Մարդ իր մոտեցումներով, մտածելակերպով պետք է լինի համարձակ, հանդուգն եւ հեղափոխական, բայց աշխատի զգույշ, որովհետեւ կտրուկ քայլերը վտանգավոր են: Մյուս կողմից՝ ես հեղափոխական եմ եւ ոչ թե անարխիստ… Ինչ վերաբերում է կոլեգաներիս, օրինակ՝ ԳԹԿ-ի աշխատակիցների որոշ մասը ոգեւորված է, որոշ մասը՝ անհանգստացած, մի մասը հուսախաբ կլինի մի քանի ամիս հետո, մի մասն էլ գուցե ինչ-ինչ ուղիներ փնտրի… այդպես էլ ողջ հանրությունն է: Մենք գլոբալ խնդիր ենք լուծում, եւ այդ դժվարությունները պիտի հաղթահարենք»: ԳԹԿ տնօրենից հարցրինք՝ ինչո՞ւ մինչեւ հիմա պատրաստ չեն իսպաներեն եւ իտալերեն քննությունների ուղեցույցները, չէ՞ որ լինելու են այդպիսի առարկաներ հանձնողներ եւս:

«Իսպաներեն եւ իտալերեն հանձնողները շատ չեն: Այնպես որ, կարող ենք հասցնել: Ժամանակին ԶԼՄ-ների միջոցով դիմել ենք դպրոցներին, ծնողներին, ասուլիսներ հրավիրել: Ի վերջո, կան իսպաներենի, իտալերենի ուսուցիչներ, թող անհանգստանան, նամակ գրեն, ասեն՝ 10 աշակերտ ուզում են այդ լեզուներով քննություն հանձնել: Հո չե՞նք կարող բոլոր լեզուներով ձեռնարկներ տպագրել»,- ասաց նա:

Խնդրեցինք նաեւ պարզաբանել՝ թե ի՞նչ է սպասվում տնտեսական բլոկի դիմորդներին: Ատացվում է այնպես, որ նրանք հանձնում են հայերեն, մաթեմատիկա, օտար լեզու՝ միասնական համակարգով ու վերջացնում, իսկ մյուսները՝ այլ բուհեր ու բաժիններ դիմածները, դեռ շարունակում են քննությունները: «Մենք ընդամենը տալիս ենք վկայական, որ երեխան այսինչ առարկայից այսպիսի գնահատական է ստացել, իսկ ինքն ուր ուզում՝ դիմում է: Մնացածը նախարարության եւ բուհերի խնդիրն է: Այսինքն՝ ԳԹԿ-ն մրցույթ չի անցկացնում, մենք քննությունն ենք անցկացնում, իսկ մրցույթը մեր տված գնահատականի հիման վրա է»,- հայտնեց Մ. Մկրտչյանը: Իսկ թե ի՞նչ հետեւանք կարող է ունենալ տնտեսական բլոկի (Տնտեսագիտական համալսարանի, ԵՊՀ որոշ ֆակուլտետների) դիմորդների քննությունները շուտ ավարտելը եւ մյուսների հետ անհավասար դաշտում գտնվելը՝ ցույց կտա ապագան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել