Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեղքերը մեծ ու փոքր չեն լինում»

Հունվար 26,2008 00:00

\"\"Պարզաբանում է առաջնորդանիստ սբ. Սարգիս եկեղեցու հոգեւոր սպասավոր տեր Հակոբ քահանա Խաչատրյանը:

Հատկապես նախընտրական շրջանում քաղաքական գործիչները սկսում են երեսով տալ միմյանց սխալները, ասելով, որ իրենք ավելի պակաս մեղավոր են, քան իրենց մրցակիցները: Առաջնորդանիստ սբ. Սարգիս եկեղեցու հոգեւոր սպասավոր տեր Հակոբ քահանա Խաչատրյանի ձեւակերպմամբ՝ մեծ ու փոքր մեղքեր չկան, մեղքը մեղք է, իսկ բոլոր մարդիկ՝ մեղսունակ: Քահանան հայտնեց, որ ժամանակին, Հայ առաքելական եկեղեցու միջոցով, մեղքերի խոստովանության եւ քավության կարգը հետեւյալ կերպ էր իրականացվում՝ այն անձը, որը մեղք էր գործել, եկեղեցում բոլորի ներկայությամբ բարձրաձայնում էր այդ մասին: Ու քանի որ նման դեպքերում հնարավոր էր ոմանց սխալները շահարկվեին, հետագայում Հայ առաքելական եկեղեցին կատարելագործեց մեղքերի խոստովանության կարգը: Այժմ մեղքերից ձերբազատվելու համար մարդիկ դիմում են ընդհանրական կամ անհատական խոստովանության: Ըստ տեր Հակոբի, խոստովանության վերջին ձեւը ավելի բնորոշ է կաթոլիկ եկեղեցուն, բայց նաեւ ընդունելի ու գործածելի է Հայ առաքելական եկեղեցու համար: Անհատական խոստովանության ժամանակ անձը խոստովանում է իր մեղքերը, որից հետո քահանայից խորհուրդ ու թողություն է խնդրում: Ու հոգեւորականը նշանակում է հատուցում: Իսկ ընդհանրական խոստովանությունը կատարվում է հետեւյալ կերպ՝ ժամագիրք մատյանում գրված են բոլոր հավանական մեղքերը, որ մարդը կարող է գործել: Կա՛մ հավատացյալը, կա՛մ հոգեւորականը ընթերցում են դրանք, եւ ամեն հատվածից հետո խոստովանողը բարձրաձայն՝ Մեղա Աստծո է ասում, հոգեւորականն էլ՝ Աստված թողություն շնորհի, այնուհետեւ հետեւում է հատուցումը: «Հատուցումը՝ նշանակված հոգեւորականի կողմից, անձի հոգեւոր տաճարի շինությանն է ուղղված… Եթե, օրինակ, մեկը մեղք է գործել ժլատության պատճառով, հոգեւորականը նրան նշանակում է բարեգործություն, եթե մարդը Աստվածաշունչը չիմանալու պատճառով է մեղք գործել, նրան Աստվածաշնչի ընթերցանություն է առաջադրվում, որկրամոլության կամ նման մեղքերի դեպքում էլ՝ պահք, աղոթք կամ ծոմապահություն է պահանջվում»,- պարզաբանեց սբ. Սարգսի հոգեւոր սպասավորը: Մեր դիտարկմանը, որ կան մարդիկ, որոնք քրեական կամ քաղաքական ոչ մաքուր անցյալ են ունեցել, ներկայումս էլ ճիշտ կյանք չեն վարում, բայց զբաղված են եկեղեցաշինությամբ, մի՞թե այդկերպ հնարավոր է ազատվել մեղքերից, տեր Հակոբը պատասխանեց. «Եկեղեցին այն վայրն է, որտեղ հավասար են բոլորը՝ անկախ իրենց նյութական եւ մյուս կարողություններից: Յուրաքանչյուր անձ ողորմություն կատարելու հնարավորություն ունի, իսկ թե ով ինչ չափով է հավատում Աստծուն եւ որքան անկեղծ է, դրա չափման գործիքը չկա: Եվ հետո՝ քահանան չէ, որ թողություն է տալիս, նա ընդամենը միջնորդ է, Աստված է սրտերի քննողը: Նաեւ հավելեմ, որ ցանկացած տիպի նվիրատվություն եկեղեցին ծառայեցնում է հանուն ազնիվ ու բարի շահերի»:

«Առավոտը» նաեւ հետաքրքրվեց՝ հոգեւորականը հարկ եղած դեպքում խոստովանության միջոցով իրեն փոխանցված գաղտնիքն իրավունք ունի՞ հրապարակելու: «Հոգեւորականը որեւէ տեսակի մեղք հրապարակելու իրավունք չունի: Անգամ դատական պրոցեսի ժամանակ որեւէ կառույց իրավունք չունի նրան պարտադրել, որ խոստովանության միջոցով հայտնված ինֆորմացիան հրապարակվի: Իսկ եթե վտանգավոր ինֆորմացիա է փոխանցվել հոգեւորականին, ինչը առնչվում է ազգային անվտանգությանը, հայրենիքին ու եկեղեցուն, հոգեւոր իշխանությունը միայն իրավունք ունի վերլուծելու այն, որից հետո էլ վերջնական որոշում կայացնելու»,- ասաց տեր Հակոբը:

Նրան նաեւ հարցրինք՝ իսկ իրենք՝ հոգեւորականները, խոստովանվելու համար դիմո՞ւմ են մեկ այլ հոգեւորականի: «Նախ բոլոր հոգեւորականները մինչ պատարագի արարողություն կատարելը, ընդհանրական խոստովանության են մասնակցում, ծնկի են գալիս հոգեւորականի առջեւ եւ բարձրաձայնում բոլոր հնարավոր մեղքերը, որոնք հատուկ են մարդկանց: Եվ խոստովանության ավարտին մեղքերի թողություն է տրվում նրանց: Հոգեւորականն ազատ է նաեւ մեկ ուրիշ հոգեւորականի հետ անձնական, անհատական խոստովանություն ունենալու համար: Եվ կան այդպիսի դեպքեր, երբ մեկն իր հոգեւոր եղբայրներից կամ հոգեւոր իշխանությունից որեւէ մեկի առջեւ անհատապես խոստովանում է իր բոլոր մեղքերը»,- հայտնեց սուրբ Սարգսի հոգեւոր սպասավորը:

Մեր այն դիտարկմանը, որ վերջին շրջանում հաճախացել են դեպքերը, երբ կարգալույծ են հռչակվում քահանաները, մեր զրուցակիցը չհամաձայնեց. «Եթե համեմատեք, թե որքան հոգեւորականներ են ձեռնադրվել վերջին տարիներին, կհամոզվեք՝ որքան նվազ է կարգալույծ հռչակվածների թիվը… Այն, որ որոշ հոգեւորականներ կարգալույծ են հռչակվում ու որոշում իրենց կյանքը փորձել այլ վայրերում եւ ոլորտներում, անբնական չեմ համարում, մանավանդ՝ նրանցից շատերը եկեղեցականների շարքերը լքելուց հետո էլ չեն դադարում եկեղեցու հետեւորդներ եւ հավատացյալներ մնալ: Երբ ես ընդունվեցի Սեւանի հոգեւոր դպրանոց, մենք 49 հոգի էինք, հետագայում այդ 49-ից ավարտեց 9-ը, բայց մյուս երիտասարդները, որոնք մի քանի տարի սովորել են դպրանոցում, այսօր էլ այս կամ այն կերպ կապված են եկեղեցուն: Այնպես որ, այստեղ խնդիրը իրենց կյանքը այլ տեղում տեսնելու մեջ է»: Մեր հաջորդ հարցին՝ կարգալույծ հռչակված քահանան կարո՞ղ է զղջալուց հետո տարիներ անց կրկին եկեղեցի վերադառնալ, տեր Հակոբը պատասխանեց. «Համաձայն կանոնի, եկեղեցու շարքերը լքած անձը նորից վերադառնալու իրավունք չունի: Անկախ Հայաստանի պատմության մեջ նման բան չի եղել: Անչափ կարեւոր են այն դրդապատճառները, որոնք ստիպել են եկեղեցականին հեռանալ: Չգիտեմ, բայց գուցե բացառիկ դեպք լինի, որ եկեղեցու հոգեւոր իշխանությունը, եպիսկոպոսաց դասը պատճառները եւ վերադառնալու խնդրանքները քննելուց հետո վերադարձի հնարավորություն տան»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել