Հեռուստառադիոհաղորդավարների դպրոցի տնօրեն Սուսաննա Ալեքսանյանի կարծիքով՝ հեռուստառադիոեթերում տնավարություն է տիրում:
«Հաղորդավար լինելը մասնագիտություն է, ոչ թե հոբի: Այն, ինչ այսօր տեսնում ենք եթերում, ցավալի է: Ռաբիսն ու անգրագիտությունը ողողել են հեռուստատեսության եւ ռադիոյի եթերը: 10 տարի առաջ, երբ հեռուստաընկերություններն այսքան շատ չէին, ես դժգոհ էի եթերի որակից եւ փորձում էի պատրաստել գրագետ հաղորդավարներ, այսօր՝ հեռուստաընկերությունների թվի մեծացմանը զուգահեռ, ավելի է վատացել հեռուստատեսությունների որակը, հատկապես խոսքի առումով»,- այս կարծիքին է հեռուստառադիոհաղորդավարների դպրոցի ղեկավար, դերասանուհի, ռեժիսոր Սուսաննա Ալեքսանյանը: Նա հաղորդավարների «պատրաստման» գործը սկսել է մոտ 10 տարի առաջ` «ԱՐ» հեռուստաընկերությունից: Տիկ Ալեքսանյանը հավաստիացրեց, որ առանց նախօրոք պարապելու՝ ոչ մի հաղորդավար այն ժամանակ եթեր դուրս չէր գալիս, իսկ ինքը պարտադիր հետեւում էր նրանց եթերային պահվածքին, խոսքին, գրանցում սխալները:
«Առավոտի» հետ զրույցում տիկ. Ալեքսանյանը անընդհատ շեշտում էր, որ հաղորդավարի առաջնահերթ խնդիրը գրագետ խոսքին տիրապետելն է: Հետաքրքրվեցինք, թե այդ դեպքում ինչո՞ւ են մեր հեռուստաընկերությունների ղեկավարներն այսօր ավելի շատ տեղ տալիս հաճելի արտաքինին ու հաղորդավարին աշխատանքի ընդունելիս ստուգում ոչ թե նրա ձայնային տվյալները, այլ կազմվածքը: Մեր զրուցակիցը պատասխանեց. «Դա ոչ պրոֆեսիոնալ լինելու, տնավարության արդյունք է: Ցավոք, հեռուստաընկերությունները խնդիր չեն դնում ունենալ բարձրորակ եթեր, որովհետեւ նրանք հիմնականում այլ նպատակներ են ունենում: Խորհրդային տարիներին հեռուստաեթերը վերահսկվում էր պետության կողմից: Եթե այսօր էլ լինի պետական վերահսկողություն եւ վերեւից հրահանգ տրվի, որ եթերում պիտի խոսեն միայն գրական հայերենով, ոչ թե ժարգոնով, պատկերն այլ կլինի»: Ներկայումս շատերն են դժգոհում, որ եթերային խոսքն օտարահունչ է, սխալ շեշտադրումներով, սակայն հաղորդավարները հավաստիացնում են, որ դա միայն իրենց ցանկությունը չէ, որոշ բաներ պարտադրվում են «վերեւից»: Ս. Ալեքսանյանն այս մասին այլ կարծիքի է. «Չեմ կարծում, թե նրանց ինչ-որ բան է պարտադրվում, ուղղակի անում են այն, ինչ կամենում եմ… Այժմ հաղորդավարների մեծամասնությունն անկաշկանդ մտնում է մարդկանց բնակարաններ եւ վիրավորում նրանց անգրագետ խոսքով եւ անպարկեշտ պահվածքով: Հեռուստադիտողը, ցավոք, այլընտրանք չունի, քանի որ բոլոր հեռուստաընկերություններում գերիշխում են անճաշակությունն ու տնավարությունը»:
Մեր զրուցակցին փոխանցեցինք այն կարծիքը, թե հեռուստաընկերությունների վարած քաղաքականությունը շահեկան է առաջին հերթին իշխանություններին, որոնք չեն ցանկանում գաղափարապես հասուն հասարակության հետ գործ ունենալ, իսկ ժողովրդին բթացնելու լավագույն միջոցներից է՝ ցածրորակ հեռուստատեսությունը: Տիկ. Ալեքսանյանը նշեց. «Ամեն ոք իր գործը պիտի անի, իսկ մայրենիի նկատմամբ պիտի լինի պետական հոգածություն: Ցավոք, գրական լեզուն այսօր օտարված է եթերներից, ու մեր լեզվաբաններն այդ մասին լռում են»: Այն, որ հեռուստաընկերություններն ու ընդհանրապես լրատվամիջոցներն այսօր անընդհատ քարկոծվում են՝ փաստ է: Սակայն արդյո՞ք կան նրանց կադրերով սպասարկող համապատասխան կառույցներ: Այսօր սնկի պես աճում են հաղորդավարներ «թողարկող» դպրոցները, բայց որքանո՞վ է նրանց աշխատանքը արդյունավետ: Այս կապակցությամբ Ս. Ալեքսանյանն ասաց. «Նախ մեր դպրոցի թողարկած կադրերը միանգամից չեն կարող փակել այդ մեծ դաշտը, եւ հետո սերտ չէ համագործակցությունը հեռուստաընկերությունների հետ: Կարծում եմ՝ հեռուստատեսությունների՝ գրագետ կադրեր ունենալու ցանկությունը պետք է առաջնահերթ լինի, մանավանդ՝ հաղորդավարը հեռուստատեսության դեմքն է, իսկ հեռուստատեսությունը՝ երկրի»: