Ասում է ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը
– Պարոն Բաբայան, 2007թ. տարեվերջին միմյանց հաջորդեցին «Դաշինք», ապա եւ «Ազգային Վերածնունդ» կուսակցությունների համագումարները, որոնցում կայացվեցին որոշումներ ՀՌԱԿ-ին միանալու վերաբերյալ: Ի՞նչ ընթացքում է այդ գործընթացը:
– Քաղաքական առումով խնդիրների մեծ մասը լուծված է: Ներկայումս ինտենսիվ աշխատանքներ են կատարվում տարածքներում երեք կուսակցությունների կառույցների միավորման առումով: Այս ընթացքում պայմաններ ստեղծեցինք եւ միավորեցինք երեք կուսակցությունների կենտրոնական գրասենյակները՝ ղեկավար կազմի համար արդյունավետ աշխատանքային պայմաններ կազմակերպելով: Նախագահական ընտրություններից հետո տեղի կունենա ընդլայնված ՀՌԱԿ համագումարը, որտեղ վերջնականապես կհաստատվեն կանոնադրությունը, ծրագիրը, կընտրվի ղեկավար կազմը: Շատերը փորձում էին այս միավորման նախաձեռնությունը կապել նախագահական ընտրությունների հետ, բայց իրականությունն այլ է: Միավորվելով, մենք ռազմավարական խնդիր ենք դրել եւ՝ ոչ մարտավարական:
Քաղաքական դաշտում 3 կուսակցությունների միավորումը վերակազմակերպման միջոցով աննախադեպ է, եւ հաճախ իրավաբանները գլուխ չեն հանում, թե որ քայլից հետո ինչը պետք է հաջորդի: Այնուամենայնիվ՝ գործընթացը տեղում չի դոփում, եւ, կարծում ենք, մինչեւ նախագահական ընտրությունները խնդիրը իրավական հարթության մեջ էլ կլուծենք:
– Դուք խոստացել էիք հրապարակել պատերազմի տարիներին նախկին իշխանությունների կողմից իրականացված, ձեր բնորոշմամբ՝ հանցագործությունների մանրամասները:
– Այն, ինչ խոստացել եմ՝ կհրապարակվի: Ցավոք, իմ այդ հայտարարությունը տարատեսակ մեկնաբանությունների տեղիք տվեց: Անգամ եղան մեկնաբաններ, ըստ որոնց՝ իմ այդ հայտարարությամբ ես աջակցել եմ Սերժ Սարգսյանին: Մինչդեռ պարզապես արձանագրել եմ ճշմարտությունը: Նշվել է անգամ, թե այդ հայտարարությունը իմ եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի միջեւ անձնավորված հակասությունների արդյունք է: Ես առաջին նախագահի հետ որեւէ անձնավորված հակասություն չեմ ունեցել եւ չունեմ: Այդ հակասություններն իրականում ընդհարում են ազգային-ազատական եւ ազատական գաղափարախոսությունների միջեւ: Այդ բացահայտումները կհրապարակվեն իմ անցած ճանապարհի մասին պատմող գրքում, որի աշխատանքները մոտենում են ավարտին: Ընտրություններից առա՞ջ դա կլինի, թե՞ հետո՝ չեմ կարող ասել: Երբ գրքի հեղինակներն ավարտեն աշխատանքները, այն ժամանակ էլ կհրապարակվի:
– Ձեր քաղաքական հակառակորդները նշում էին, որ Դուք աջակցելու եք Սերժ Սարգսյանին, եւ չեզոքության մասին ՀՌԱԿ ներկայիս հայտարարությունն անսպասելի էր:
– Նախ՝ ՀՌԱԿ որոշման նախագիծը քննարկվել է թե՛ իմ, թե՛ Ալբերտ Բազեյանի հետ, ինչից հետո հաստատվել է ՀՌԱԿ ներկայիս ղեկավարության կողմից: Կուսակցությունների միավորման գործընթացը ես ցանկանում էի իրականացնել դեռեւս խորհրդարանական ընտրություններից առաջ: Ազգային-ազատական գաղափարախոսությունը կրող տարբեր ուժերի հետ բանակցություններ էի վարում: Սակայն որոշ քաղաքական գործիչների անձնական հավակնություններն ավելի գերիշխող դուրս եկան, եւ գործընթացն այդ փուլում տապալվեց: Եթե խորհրդարանական ընտրություններից հետո բազմաթիվ ընդդիմադիրներ գործը գլուխ բերածի կեցվածքով գնացին ամառային հանգստի, ապա ես չհամակերպվեցի այդ իրավիճակին եւ շարունակեցի աշխատել գաղափարակից կուսակցությունների միավորման գործընթացի ուղղությամբ: Նախագահական ընտրությունների նախօրյակին տարբեր ուժերի կողմից սկսեց շահարկվել, թե իբր այդ ամենն իրականացվում է նախագահական ընտրություններում իշխանության թեկնածուին սատարելու նպատակով: Անձամբ ես չէի կարող թույլ տալ, որ այդ աննախադեպ գործընթացը նման շահարկումների ենթարկվի: Մյուս կողմից՝ նախագահի պաշտոնապես գրանցված թեկնածուներից եւ ոչ մեկի ներկայացրած նախընտրական ծրագիրն ամբողջությամբ չի համապատասխանում մեր մոտեցումներին, ուստի՝ չենք պատրաստվում աջակցելու որեւէ մեկին եւ մեկ տարի հետո դառնալ նրան ընդդիմություն: Ինչ-որ մեկին պաշտպանելը նաեւ պատասխանատվություն է: Պատասխանատվություն՝ թեկնածուի ներկայացրած ծրագրի եւ նրա հետագա գործունեության համար: Բայց ինչպես ստանձնես այդ պատասխանատվությունը, եթե ինքդ շատ դեպքերում համակարծիք չես նրա հայացքներին:
– Այնուամենայնիվ, երեք կուսակցությունների միավորումից հետո ՀՌԱԿ-ը իրեն ընդդիմադի՞ր, թե՞ իշխանամետ դաշտում է տեսնում:
– Իմ կարծիքով՝ ՀՌԱԿ-ը պետք է լինի գաղափարական ընդդիմություն: Այն ծրագրային փաթեթը, որ կազմվում է հիմա, շատ քիչ ընդհանրություններ ունի գործող իշխանությունների վարվող քաղաքականության հետ: Եվ եթե դա հաստատվի համագումարում, ապա ՀՌԱԿ-ն ինքնըստինքյան կդառնա գաղափարական հակառակորդ թե՛ իշխանությանը եւ թե՛ ընդդիմության աջ ու ձախ ծայրահեղական թեւերին: ՀՌԱԿ-ը կրողն է ազգային-ազատական գաղափարախոսության: Ցավոք՝ այս ընտրություններում այդ գաղափարախոսությունը կրողները կրկին չմիավորվեցին: Պատճառները խորն են եւ, ըստ էության, գալիս են ԱԺ ընտրություններից: ՀՌԱԿ-ի գլխավոր խնդիրներից մեկը համարում եմ ազգային-ազատական գաղափարախոսություն կրող ուժերի միավորման գործընթացի շարունակականությունը, որի շնորհիվ քաղաքական դաշտում կձեւավորվի մի ուժեղ եւ ազդեցիկ բեւեռ:
– Նախագահի թեկնածուներն այսօր, ի թիվս այլ հարցերի, քննարկում են Ղարաբաղի խնդիրը: Նախ՝ որքանո՞վ են ճշմարիտ նրանց փաստարկները:
– Քաղաքական դաշտում արցախյան հարցի շահարկումը ինձ համար մի քիչ անհասկանալի է: Եթե շահարկում ասելով հասկանում ենք, որ կողմերը միմյանց մեղադրում են դավաճանության մեջ, ապա դրա հիմքերն առայժմ ոչ ոք չունի՝ այն պարզ պատճառով, որ հասարակությանը հայտնի չէ, թե հարցի լուծման կոնկրետ ինչ փաստաթուղթ է դրված սեղանին, բայց, մյուս կողմից՝ քաղաքական գործիչները պարտավոր են ներկայացնել սեփական հայացքները խնդրի կարգավորման շուրջ: Խնդրի արծարծումից խուսափելը վտանգավոր եմ համարում եւ նման գործիչների հանդեպ վստահություն չեմ տածում: Բարեբախտաբար, թե դժբախտաբար՝ նախագահի հիմնական թեկնածուներին շատ լավ եմ ճանաչում եւ իմ պատկերացումները արցախյան հարցի լուծման եղանակների շուրջ էապես տարբերվում են նրանց դիրքորոշումներից: Հիմա նպատակահարմար չեմ գտնում կրկին վերաշարադրել արցախյան խնդրի լուծման իմ տեսակետը: Այժմ առավել կարեւոր է, թե այդ հարցի շուրջ ինչ դիրքորոշում ունեն նախագահի թեկնածուները: Պիտի հորդորեմ միայն մեր քաղաքացիներին՝ չվստահել այն թեկնածուներին, ովքեր հարցի լուծման բանաձեւը ձեւակերպում են կարճ՝ կցելով «հայանպաստ», «ազգաշահ» եւ այլ բառեր: Ընտրողներն իրավունք ունեն իմանալու, թե որն է փոխզիջումների այն առավելագույն սահմանը, որին պատրաստ են հասնելու մեր հարգարժան թեկնածուները:
– Վերջերս մամուլում հրապարակումներ եղան բիզնեսի տարբեր ոլորտներում Ձեր կողմից մենաշնորհներ ձեռք բերելու մասին: Մասնավորապես՝ խոսվում է, որ իշխանությունը ձեզ է տալիս «տախտակի գործը»:
– Տեղյակ եմ այդ վայրահաչոցներին, թեեւ այդ ընթացքում ես նույնիսկ Հայաստանում չեմ եղել: Դա ընդամենը մեր քաղաքական հակառակորդների պատվերն է եղել: Եթե մենք ապրեինք իրոք իրավական պետության մեջ, կարելի էր այդ լրատվամիջոցներին դատի տալ եւ պատճառված վնասի դիմաց հատուցում պահանջել: Սակայն մենք դեռեւս լիարժեք իրավական պետություն չենք կառուցել, չկա նույնիսկ ազատ եւ պատասխանատու լրատվամիջոց: Եթե չասենք՝ բոլորը, ապա գոնե մեծագույն մասը ծառայում է իշխանամետ կամ ընդդիմադիր որոշակի քաղաքական ուժերի: Հրապարակումներից մեկում նշվել է, թե իբր իմ տղաները կանգնեցնում են տախտակով բեռնված մեքենաները եւ արգելում ուրիշներին այդ բիզնեսով զբաղվել: Եթե իրոք իրավական լիներ մեր պետությունը, ապա այդ հրապարակումից անմիջապես հետո քրեական գործ կհարուցվեր, եւ նախաքննությունը կպարզեր ճշմարտությունը, այդ տեղեկատվության պատվիրատուներին, նրանց շարժառիթները:
Ինչ մնում է ինձ, ապա ես երբեք չեմ թաքցրել եւ «Դաշինք» կուսակցության ստեղծման պահից հայտարարել եմ, որ իմ շուրջը կան բազմաթիվ գործարարներ, ովքեր եւ՛ օգնել են, եւ՛ շարունակում են օժանդակել մեզ: Նրանք զբաղվում են տարբեր բիզնեսներով՝ կապիտալ շինարարությունից մինչեւ վերոհիշյալ տախտակի ներկրումը: Երբեք չեմ միջամտել նրանց գործերին, բայց հաստատ տեղյակ եմ, որ նրանցից եւ ոչ ոք իր բիզնեսում չունի մենաշնորհ: Առավել եւս՝ այդ բիզնեսներով նրանք չեն զբաղվում ինչ-որ մեկի տված քվոտաներով: Եթե այդ տրամաբանությամբ շարժվենք, ապա պետք է ենթադրենք, որ, ասենք՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը իշխանություններից ստացել է տարատեսակ քվոտաներ, քանի որ նրան աջակցում է Սուքիասյան ընտանիքը, իսկ Սուքիասյանների ողջ բիզնեսն էլ հանդիսանում է Տեր-Պետրոսյանինը: Եթե այդ տրամաբանությունը ճիշտ է, ապա կարող եք հանգիստ ինձ մեղադրել տարատեսակ բիզնեսներ ունենալու համար: Բերեցի Տեր-Պետրոսյանի օրինակը, քանի որ նա է հայտարարել իրեն աջակցող լրատվամիջոցների ցուցակը եւ նման ապատեղեկատվություն տարածողները նույն այդ լրատվամիջոցներն են: Ավելացնեմ, որ նրանք շուտով նմանատիպ բազմաթիվ փաստեր էլ կարող են ունենալ շահարկելու համար, քանի որ մենք պատրաստվում ենք ՌԱԿ-ի սփյուռքահայ բազմաթիվ գործարարների հետ խորհրդակցություններ անցկացնել եւ նպաստել, որ նրանք ներդրումներ կատարեն Հայաստանում՝ այդպիսով օժանդակելով թե՛ հայրենիքի տնտեսության զարգացմանը, թե՛ ՀՌԱԿ-ին:
– Որքանո՞վ է դա հավաստի, թե Ձեզ շուտով նշանակելու են ՀՀ պաշտպանության նախարար:
– Նախ՝ այդ լուրերը տարածողները նաեւ շեշտում էին, թե ես պաշտպանելու եմ Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Ինչպես հիմա համոզվեցիք, դա այդպես չէ: Ես իմ երիտասարդության լավագույն տասը տարիները նվիրել եմ հայրենիքիս՝ զրկելով ինձ ընտանիքիս, երեխաներիս, ընկերներիս հետ լիարժեք շփվելու հնարավորությունից: Եվ ի՞նչ եմ ստացել դրա դիմաց: Թատերական ներկայացում՝ «մահափորձ» թեմայով, 5 տարվա անօրինական ազատազրկում: Դա էր այն գնահատականը, որ տրվեց 1992-ի ծանր իրավիճակում պատասխանատվություն ստանձնելու եւ ժողովրդի հետ միասին մեր հայրենիքի մի զգալի հատվածի ազատագրումն ու պաշտպանությունը կազմակերպելու դիմաց: Դա էր այն գնահատականը, որ տրվեց հետպատերազմյան հինգ տարիների ընթացքում, օտարների գնահատմամբ՝ տարածաշրջանում ամենամարտունակ բանակը ստեղծելու դիմաց: Դա էր այն գնահատականը, որ տրվեց մեր նորագույն պատմության մեջ առաջին ամենափառահեղ զորահանդեսը կազմակերպելու դիմաց: Եվ ինչո՞ւ պետք է հիմա նորից փորձեմ ստանձնել այդ դերը:
– Իսկ պատերազմի վերսկսմա՞ն դեպքում:
– Աստված մի՛ արասցե, բայց վերահաս պատերազմի վտանգի դեպքում ես կստանձնեմ պատասխանատվություն եւ պատրաստ կլինեմ ցանկացած դերակատարության՝ հայրենիքս պաշտպանելու համար: