ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը Նոր Նորքի բնակիչներին սա խոստացավ եւ հավատացրեց, որ հինգ տարի հետո բոլորս ապրելու ենք բոլորովին այլ երկրում. նորքեցիները ծափահարեցին՝ «Առաջ, Հայաստան»:
ՀՀ նախագահի թեկնածու, վարչապետ Սերժ Սարգսյանը նախընտրական հանդիպումների երեւանյան շարքը երեկ սկսեց Նոր Նորք համայնքից: Այստեղ գտնվող Սուրբ Սարգիս եկեղեցում նախագահի թեկնածուն մոմ վառեց, խաչակնքեց, ծաղկեպսակ դրեց Արցախյան պատերազմի զոհերի հուշարձանին: Այս ամբողջ ընթացքում թեկնածուին ուղեկցում էր Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ տեր Նավասարդ Կճոյանը եւ Նոր Նորք համայնքի թաղապետ Դավիթ Պետրոսյանը: Նորքի բնակիչները հավաքվել էին եկեղեցուն հարող տարածքում, մոտակա շենքերից մարդիկ ողջունում էին նախագահի թեկնածուին ե միաժամանակ ունկնդրում էստրադայի աստղերին՝ Շուշան Պետրոսյանին, Աննա Խաչատրյանին, Արսեն Գրիգորյանին: Ալլա Լեւոնյանի «Նարե, հա-ջան է, յար նարե, նարե, նարե» երգի հնչյունների տակ հրապարակում հավաքվածները շուրջպար բռնեցին եւ օգտակարը զուգակցեցին հաճելիի հետ, պարում էին եւ տաքանում: Հավաքվածների ձեռքերին «Առաջ, Հայաստան» կարգախոսով դրոշակներ էին, երեխաները եւ մանկավարժները պարում էին եւ ուրախանում, իսկ երբ համերգը վարող Ֆելիքս Խաչատրյանը հայտարարեց, որ ձայնը տրվում է նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին, հավաքվածները վանկարկեցին՝ «Ա-ռաջ, Հայաստան»:
Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը, ինչպես եւ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում, ակնհայտորեն որոշել է միայնակ իրականացնել իր քարոզարշավը եւ միայնակ հաղթել: Ինչպես եւ մարզային հանդիպումների ժամանակ, ՀՀ նախագահի թեկնածուին երեկ եւս չէր ուղեկցում պաշտոնյաների եւ քաղաքական գործիչների, գործարարների եւ օլիգարխների շարասյունը: Ելույթ է ունենում միայն ինքը, եւ նրան գովերգող եւ փառաբանող ելույթներ չեն ունենում ո՛չ բնակիչները եւ ո՛չ էլ նրա թիմից որեւէ մեկը: Սակայն բնակիչները ակտիվ արձագանքում են յուրաքանչյուր հայտարարությանը եւ չեն մոռանում գոչել «Առաջ, Հայաստան»: Սերժ Սարգսյանը երեկ ընտրողներին հայտնեց, որ ինքը նրանց աջակցության կարիքն ունի եւ չի խորշում ասել այդ մասին. «Այսպիսի հանդիպումները պարտավորեցնում են: Մի հանգամանք էլ կա. այսպիսի հանդիպումները խուճապի են մատնում որոշ մարդկանց, այսպիսի հանդիպումները ավելացնում են որոշ մարդկանց մեջ չարությունը, այսպիսի հանդիպումները որոշ մարդկանց հուսահատության են մատնում: Բայց, խնդրում եմ ձեզ, սադրանքների չենթարկվել, չարությանը չարությամբ չպատասխանել, ատելությանը ատելությամբ չպատասխանել, որովհետեւ մեր նպատակը միայն ընտրություններում առավել քվե ստանալը չի, մեր նպատակը ընտրություններից հետո Հայաստանն առաջ տանելն է, բարոյահոգեբանական մթնոլորտի փոփոխությունն է, մեր նպատակը մեր հասարակության մեջ համերաշխության, փոխադարձ վստահության հաստատումն է: Իսկ չարությամբ երբեք հնարավոր չէ լավ գործ կատարել»: Ներկաների համար հասկանալի էր, որ երբ Սերժ Սարգսյանը ասում էր. «Չի կարելի անձնական սուտ հեղինակության համար ի վնաս երկրի շահի գնալ»՝ ում նկատի ունի:
Այս խոսքերից հետո վարչապետն ասաց, որ ինքն այս մասին չէ, որ կուզեր խոսել իր համաքաղաքացիների հետ: Եվ տեղեկացրեց, որ տասնյակ բնակավայրերում իր հանդիպումների արդյունքում հանգել է այն եզրակացության, որ մարդկանց պետք է հանդիպել ոչ թե ընտրությունից ընտրություն, այլ՝ մշտապես: Ասաց, որ ընտրվելու դեպքում հանրապետության նախագահը ուղղակի պարտավոր է մարդկանց հանդիպել միշտ եւ անմիջական շփումներ ունենալ իր ժողովրդի հետ. «Կարծում եմ, խորհրդարանական ընտրություններից հետո ընկած ժամանակահատվածում ես կարողացել եմ կոտրել իշխանությունների մասին եղած կարծրատիպը՝ այն, որ իշխանությունը կտրված է ժողովրդից, որ պաշտոնյաները վախենում են մտնել ժողովրդի մեջ, լսել բարի խոսքը, ինչո՞ւ չէ, նաեւ կշտամբանքը»: ՀՀ նախագահի թեկնածուն խոսեց բյուջեի ավելացման, կենսաթոշակների բարձրացման, տնտեսական աճի, կրթության գերակայության եւ այլնի մասին: Հանդիպման ավարտին Սերժ Սարգսյանին էին մոտենում բազմաթիվ քաղաքացիներ եւ նամակներ էին հանձնում: Հիմնական խնդրանքը աշխատատեղերն էին, սոցիալական հարցերը: Բազմազավակ երկու կանայք ասացին վարչապետին, որ վաղուց ժամանակն է ունենալ «Բազմազավակ ընտանիքի մասին» օրենք: Հինգ երեխաների մայրեր Գեւորգյան Նունեն եւ Մելքոնյան Թամարան մինչ այժմ դիմել են բազմաթիվ պետական ատյանների եւ միայն սոցապ նախարարությունն է ինչպես հարկն է պատասխանել իրենց, պետական այլ մարմիններ անտարբերության են մատնում իրենց դիմումները: Մի տատիկ էլ դիմեց վառարանների հարցով՝ Հանրապետական կուսակցության տարածքային կառույցը բնակիչներին խոստացել է վառարաններ տրամադրել, բայց դեռ խոստումը չի կատարել: Տատիկը խնդրում էր շտապել, մրսում են, եւ ձմեռն անցնում է: