Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺՄ-Ն ՍԵՎ PR ՉԻ ԱՐԵԼ

Հունվար 26,2008 00:00

Հայաստանի 14 հասարակական կազմակերպություններ նամակով դիմել են նախագահի 9 թեկնածուներին՝ կոչով ու խնդրանքով, որ «ընտրակեղծիքներ չլինեն, հասարակության մեջ հաղթահարվի վախի մթնոլորտը» եւ այլն: Քանի որ նամակին առաջինն արձագանքել էր նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանը՝ հ/կ-ների առաջին հանդիպումը կայացավ նրա հետ:

«Մեր առաջին խնդրանքն է՝ դադարեցնել «սեւ PR-ը»: Մեզ չի հետաքրքրում, թե ինչ խոստումներ կտաք, այլ թե՝ ինչ ձեւով դրանք կդարձնեք իրականություն: Արդյոք նորի՞ց ընտրությունների հաջորդ օրն ասելու ենք՝ տարան, կեղծեցին, գողացան: Ինչպե՞ս պետք է վերահսկվի ընտրությունների գործընթացը: Արդյոք թեկնածուներն ունե՞ն այդքան ներուժ, որ կարողանան հասարակության ձայներին տեր կանգնել: Պիտի՞ ունենանք մի երջանիկ օր, երբ հռչակված թվերին կհավատանք ու կկարողանանք լեգիտիմ նախագահ ունենալ»,- «Կոնգրես» հյուրանոցում հանդիպման ժամանակ հարցախեղդ արեց «Կանանց հանրապետական խորհուրդ» հ/կ-ի նախագահ Նորա Հակոբյանը:

Հարցերին պատասխանելով՝ ԱԺՄ ղեկավար Վազգեն Մանուկյանն ասաց. «Չեմ կարող հիշել, որ ԱԺՄ-ն այս եւ նախկին տարիներին օգտագործել է «սեւ PR» որեւէ մեկի դեմ: Իսկ մեր դեմ օգտագործել են»: Ընտրությունները կեղծելու կապակցությամբ էլ ասաց. «Սարսափելին ոչ թե այն է, որ կեղծում են՝ դա ինքնին սարսափելի է, այլ այն, որ մարդիկ չեն հավատում, որ իրենց քվեարկությամբ կարող են մի բան փոխել: Ամբողջ դժբախտությունը դա է»:

Երեկ երեկոյան մահացավ ԱԺՄ փոխնախագահ, 58-ամյա Ալեքսանդր Բուտաեւը: ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանին առաջին ցավակցությունը հղեց Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի պետ Ալեքսանդր Արզումանյանը՝ նշելով. «Ալեքսանդր Բուտաեւը մեր հիշողություններում կմնա որպես ազնիվ, բարեսիրտ եւ շիտակ անձնավորություն»: «Առավոտը» նույնպես ցավակցում է Բուտաեւի մտերիմներին ու հարազատներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել