Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՍ ՉՈՒՆԵԻ ԱՎԵԼԻ ԱՐԺԱՆԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ

Հունվար 26,2008 00:00

\"\"Ասում է ԱԺ նախկին պատգամավոր Աղասի Արշակյանը, որն անակնկալ կերպով պաշտպանեց ՀՅԴ թեկնածու Վահան Հովհաննիսյանին:

– Թեեւ «Նիգ-Ապարան» հայրենակցական հասարակական կազմակերպության խորհրդի անդամ եք՝ այս ընտրություններում էլ Ձեր դիրքորոշումը տարբերվեց «Նիգ-Ապարան»-ի կողմնորոշումից, որը հունվարի 22-ին խորհրդի ընդլայնված նիստում որոշեց սատարել նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին եւ կոչ արեց կազմակերպության անդամներին իրենց ձայնը տալ նրան:

– Ես ոչ միայն սխալ եմ համարում, այլեւ անթույլատրելի եւ վտանգավոր, երբ հասարակական կազմակերպությունը, հայրենակցական միությունը հայտարարություն է անում այս կամ այն թեկնածուի օգտին (հիշեցնենք, որ 2007-ի մարտին մեր թերթին տված հարցազրույցում պրն Արշակյանն ակնկալում էր, որ «Նիգ Ապարանը» կպաշտպանի իր թեկնածությունը 6-րդ ընտրատարածքում.- Ա. Ի.): Դա կլինի իմ հարազատ «Նիգ Ապարան» միությունը, թե մեկ այլ հայրենակցական կամ հասարակական կազմակերպություն՝ իմ վերաբերմունքը միշտ եղել եւ մնալու է այդպիսին: Հենց միայն այն պատճառով, որ ապարանցիները մեր հասարակության կարեւոր մասերից մեկն են՝ չեմ ուզում, որ նման որոշումներով նմանվեն քաղաքական պատեհապաշտությունից ելնող կամ կարիերիստական ձգտումներ, մղումներ ունեցող երիտասարդ մարդկանց, ովքեր իրենց միավորումների անունից անում են ինքնագլուխ հայտարարություններ, որոնք հաջորդ օրը ժխտում են այդ միավորումների այլ անդամներ: Այդպես եղավ եզդիների, հիմա էլ, կարծեմ, հույների պարագայում:

Նման հայտարարություններ անելու ոչ միայն իրավական, այլ նաեւ՝ բարոյական իրավունք էլ չունեն: Ապարանցիները խելքը գլխին, հասուն մարդիկ են, եւ իրենք գիտեն՝ 9 հոգուց ում ընտրել: Ես կհարգեմ նրանցից յուրաքանչյուրի ընտրությունը: Ապարանցի Լեւոն Խաչատրյանը, որը ՀՀՇ-ի ցուցակում 5-րդն էր՝ քվեարկելու է Լեւոն Տեր-Պետրոսյանի օգտին: Նրա կողքին է նաեւ Ապարանի նախկին քաղաքապետը՝ Ռազմիկը: Ես քվեարկելու եմ ՀՅԴ թեկնածուի օգտին՝ ուրեմն, «Նիգ Ապարանի» որոշումը պարտադիր չի:

Ես Սերժ Սարգսյանին չեմ կարող պաշտպանել հենց թեկուզ նրա համար, որ նրան պաշտպանում են Յուրա Մանուկյանը եւ Գառնիկ Իսագուլյանը՝ եթե ուրիշ պատճառ չունենայի՝ դա հերիք էր: Էլ չեմ ասում, որ Սերժ Սարգսյանը ժառանգում է Ռոբերտ Քոչարյանի ներդրած ռասսայականության քաղաքականությունը, օրինակ՝ կադրային հարցերում:

– 2007-ի ԱԺ ընտրությունների ընթացքում Դուք «Ժողովրդավարական ուղի» կուսակցության ցուցակի 3-րդ համարն էիք: Որքա՜ն տարբեր եղան ձեր նախընտրությունները: Ցուցակում 1-ինը՝ վաղամեռիկ Մանուկ Գասպարյանը պաշտպանեց Լեւոն Տեր-Պետրոսյանին, 2-րդը՝ Արշակ Սադոյանը՝ Վազգեն Մանուկյանին:

– Ես հարգում եմ իմ լուսահոգի գործընկերոջը՝ Մանուկ Գասպարյանին, որը 2007-ի փետրվարին ինձ համար ծանր օրերին ձեռք մեկնեց ինձ՝ ակտիվ քաղաքականություն վերադարձնելու առումով: Բայց ես նրան կենդանության օրոք եմ ասել՝ հարգում եմ ձեր ընտրությունը եւ, քանի որ հարգում եմ նաեւ այդ թեկնածուի պայքարը՝ մտադիր չեմ թռիչքի պահին քար նետել նրա վրա, որի իրավունքն ունեմ: Բայց ես դա չեմ անի, քանի որ չի կարելի քար նետել մեկի վրա, որը որոշել է պայքարել բիրտ ուժի դեմ: Անկախ նախկինում իր գործած մեղքերից՝ նրա ներկա գործողություններն արժանի են հարգանքի:

Արշակ Սադոյանի ընտրությանն էլ եմ վերաբերվում ըմբռնումով ու հարգանքով, թեեւ ինքը լավ կաներ՝ ժամանակին չօգներ ԱԺՄ-ն պառակտողներին, մնար ի շրջանս յուր, ու մի 10 տարով չհեռանար Վազգեն Մանուկյանից: Իմ խորին համոզմամբ, եթե ներկա թեկնածուների մեջ 3 մարդ կա, որոնք բարոյական եւ իրավական իրավունք ունեն վիճարկելու նախագահի աթոռը՝ մեկը Վազգեն Մանուկյանն է: Բայց ցավոք, ինչպես նշել էի ընտրություններից հետո «Առավոտին» տված հարցազրույցում՝ ժողովուրդն ուզում է տեսնել նոր դեմքեր: Ժողովուրդը ցանկացած նոր, անգամ անհայտ մեկին, եթե ընդդիմությունը միանար նրա շուրջը՝ ավելի շուտ կընդուներ, քան հայտնի անհաջողակներին: Ցավոք, այդպես է:

Իմ խորը հարգանքը եւս մեկ անգամ հայտնելով Վազգեն Մանուկյանին՝ կուզենայի նրան առաջարկել, որ իր ջանքերը գործադրի՝ միավորվելով Վահան Հովհաննիսյանի հետ: Դա կօգնի իրեն՝ իր գործուն տեղը գրավելու Հայաստանի մեծ քաղաքականության մեջ:

– Հիմա հարկ է բացատրեք, թե ինչո՛ւ Վահան Հովհաննիսյանը, երբ նա ակնհայտորեն չի համապատասխանում «նոր դեմք» լինելու Ձեր չափորոշիչին:

– Որպես նախագահի թեկնածու՝ նա նոր դեմք է. այս մրցապայքարին նա մասնակցում է առաջին անգամ: Բացի այդ՝ լինելով ընդդիմադիր ե՛ւ հներին, ե՛ւ նորերին՝ ես կիսելու բան չունեմ դաշնակցականների հետ:

– Բայց ՀՅԴ-ն էլ է «նորերից»: Այժմ հանդիպումների ընթացքում Վահան Հովհաննիսյանը հայտարարում է, թե չպետք է թույլ տալ, որ վերարտադրվեն այս իշխանությունները, երբ ՀՅԴ-ն էլ է իշխանության մաս 1998-ից ի վեր:

– Ի տարբերություն այլ կուսակցությունների՝ ՀՅԴ-ն իր տեղերը վաստակել է քվեներով: Եվ նրանց «սիրուն աչքերի» համար չէ, որ ՀՅԴ-ին զիջել են կառավարության որոշ պորտֆելներ: Ընդ որում՝ ամենաանշնորհակալ ու ծանր ոլորտներն են զիջել նրանց՝ գյուղատնտեսությունը, առողջապահությունը, սոցապը: Այսինքն՝ նրանք վերցրել են այնպիսի սանդղակ, որ ինքնահաստատվելով՝ գնան առաջ: Ես էլ գտա, որ ժամանակն է՝ օգնեմ նրանց:

– Գյումրիում Ձեր ելույթում վստահություն հայտնեցիք, թե Վահան Հովհաննիսյանը վերջ կտա երկրում տիրող կադրային բանդիտիզմին եւ անարդարություններին: Իշխանության մեջ ՀՅԴ եղած տարիները Ձեզ հիմք տալի՞ս են նման համոզմունք արտահայտելու:

– Ուզում եմ, որ նրանց ընձեռված պատմական հնարավորությունն ունենա արդյունավետ ելք: Եվ գուցե այս առումով իմ համոզմունքն ինչ-որ տեղ ավանսով է:

Ինձ ընտրության հնարավորություն չեն թողել: Մեր քաղաքական դաշտն այնքան են այլասերել, որ ավելի ճշգրիտ, ավելի արժանի ընտրություն ես չունեմ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել