Իշխանությունների եւ իշխանականների շարքերը նոսրանո՞ւմ են
«Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ իշխանական տարբեր օղակներից մեր շտաբում ներկայացուցիչներ կան: Իշխանությունները շփոթված են, ուղղակի խուճապի մեջ են, եւ դա արտահայտվում է ամենատարբեր ձեւերով»,- ամփոփելով նախընտրական քարոզարշավի առաջին շաբաթը՝ երեկ «Առավոտի» հետ զրույցում ասաց Լեւոն Տեր-Պետրոսյանի Արաբկիր համայնքի նախընտրական շտաբի պետ Արամ Մանուկյանը: Ըստ նրա, իշխանական տարբեր կառույցներից մարդիկ արագ թափով անցնում են Լեւոն Տեր-Պետրոսյանի շտաբներ: Նման «շարժում» կա նաեւ տարբեր քաղաքական ուժերի կողմից: Մասնավորապես՝ Վազգեն Մանուկյանի, Արտաշես Գեղամյանի շտաբներից, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբից, Պարույր Հայրիկյանի համախոհներից, նույնիսկ «Հանրապետական» կուսակցությունից: Առայժմ անուններ չհրապարակելով՝ Արամ Մանուկյանն ասում է, որ այդ անձինք բավականին մեծ քանակ են կազմում, եւ նրանք բավականին պատասխանատու դերակատարումներ են ունեցել նախկին տեղերում: «Գալիս են՝ բաց կամ փակ, իրենց աջակցությունն են հայտնում Տեր-Պետրոսյանի շտաբներին: Ես անգամ չեմ հասցնում այդ մարդկանց ընդունել, զրուցել: Մեր յոթ ենթաշտաբներում հազիվ հասցնում են այդ հոսքն ընդունել: Նույնը կատարվում է նաեւ մյուս շտաբներում, նաեւ՝ մարզերում: Կռված տղաների, երկրապահների հետ կապված որեւէ խնդիր չկա: Ինձ համար ավելի ակնառու է դա, քանի որ մայիս ամսին մեծամասնական կարգով ես, այսպես ասած, քվեարկվում էի այս նույն տեղամասում: Մարդիկ, ովքեր այն ժամանակ եռանդուն կերպով իմ դեմ պայքարում էին, կեղծիքներ էին անում՝ այսօր իմ թիմում են»,- ասում է մեր զրուցակիցը: Նման գործընթացը պարոն Մանուկյանը բացատրում է իրավիճակի կտրուկ փոփոխությամբ. «Եթե այն ժամանակ մարդիկ ընկերոջ, շեֆի, հարեւանի, բարեկամի համար էին «աշխատում», այսօր կա երկու տարբերակ՝ Սերժ Սարգսյան՝ իշխանության եւ նենգության սիմվոլ, եւ Լեւոն Տեր-Պետրոսյան՝ իշխանափոխության, թարմության եւ սրանց քշելու սիմվոլ՝ իր համախոհներով, բազմահազար աջակիցներով: Այսինքն՝ հասարակությունը այն ժամանակ բաժանված էր 8-10 տեսակետի, այսօր կատարվել է բեւեռացում»: Արամ Մանուկյանը հասկանում է «ճամբար» փոխող այդ մարդկանց եւ արդարացնում է նրանց նման քայլը. «Մարդիկ նախագահի ընտրությունը կապում են երկրի զարգացման հետ եւ համալրում են առաջին նախագահի թիմը: Դրան գումարվել է նաեւ Տեր-Պետրոսյանի հզոր լիդեր լինելը, երկիրն առաջ տանելու եւ ժողովրդավար դարձնելու խնդիրը, նաեւ՝ սրանցից (նկատի ունի գործող իշխանությանը-Ն. Գ.) ազատվելու միակ ձեւը Տեր-Պետրոսյանի մեջ տեսնելը: Իսկ առաջին նախագահի մեջ այսօր հասարակությունը տեսնում է մի անձի, ով համախմբել է շատ ու շատ, երբեմն նույնիսկ իրար մերժող ուժերի, եւ հենց նրա ու նրա թիմի մեջ է տեսնում ուժը, որը սրանց քշելու է: Ատելությունն ու սերը գումարվել են, եւ ստացվել է մեծ ռեզոնանս ու համաժողովրդական շարժում»:
«Առավոտի» դիտարկմանը, որ տեսականորեն իշխանության փոփոխություն են ուզում նաեւ առաջադրված մյուս թեկնածուները, Արամ Մանուկյանն ասաց. «Հասարակությունը վերջնականապես, չնայած մի քիչ ուշացումով, հասկացավ սարքած, դրած, կեղծ, գրպանային թեկնածուների եւ կուսակցությունների էությունը: Ցանկացած տեղ, ցանկացած մարդու հարցրեք՝ ո՞վ է Գեղամյանը՝ կստանաք ճիշտ պատասխանը: Ցանկացածին հարցրեք՝ ինչո՞ւ են դրված մյուս պուճուրիկ-մուճուրիկ թեկնածուները՝ բոլորը կպատասխանեն: Այսօր հայաստանյան խնդիրը, մարտահրավերը հետեւյալն է՝ այս իշխանությանը պետք է քշել: Լեւոն Տեր-Պետրոսյանն իր թիմով, ասելիքով, համարձակությամբ, ոգով այդ խնդիրն ի վիճակի է լուծել: Վերջ»: Մեր զրուցակիցն ասում է, որ այսօր իրենք բավականին արդյունավետ համագործակցում են նաեւ «Ժառանգություն» եւ «Օրինաց երկիր» կուսակցությունների հետ: Արդար ընտրությունների կազմակերպման, ցուցակների «մաքրման» հարցերում համագործակցում են նաեւ ՀՅԴ-ի հետ:
Իշխանությունների կողմից շտաբների աշխատանքները խոչընդոտելու ցցուն դեպքեր առայժմ չեն եղել: Ըստ Արամ Մանուկյանի՝ «պուճուրիկ, խեղճ ու կրակ մեթոդներ են կիրառում»: Մասնավորաբար, պտտվում են քարոզիչների կամ նկարներ փակցնողների ետեւից՝ փակցված նկարները եւ թռուցիկները պոկում են: Նաեւ՝ մինչեւ օրս եղած բոլոր հանրահավաքները, համապատասխան թույլտվությամբ, նկարահանվել են օպերային թատրոնի շենքի տանիքից: Վերջին հանրահավաքի նկարահանումն արգելվել է. «Ոստիկանության Երեւանի վարչության պետի տեղակալի՝ Բաղդասարյան Տարոն, դեմքով ուղղակի արգելվեց նկարահանել, որովհետեւ իրենք տեսան, թե ինչ զանգված է հավաքվել: Այդ տեսարանը մարդկանց ցույց տալն արդեն սրանց վերջն է, եւ իրենք դա լավ հասկանում են: Ես այդ ոստիկանին հարցրեցի՝ չե՞ք ուզում, որ խաղաղ իշխանափոխություն տեղի ունենա, ինչո՞ւ ես արգելակում, ասաց՝ ուզում ենք: Հողը ոտքների տակից գնացել է: Չգիտեն՝ ինչ մեթոդներ են կիրառելու»:
Տեր-Պետրոսյանի քաղաքական ընդդիմախոսները տեղեկություններ են տարածում, թե մարզային հանդիպումներում մասնակցում են նույն մարդիկ, ում հենց Տեր-Պետրոսյանի թիմը ավտոբուսներով տեղից-տեղ է տեղափոխում: Սրան ի պատասխան Արամ Մանուկյանն ասաց. «Երանի այն թեկնածուին, ով Երեւանում «-13» ջերմաստիճանին հավաքում է 100 հազար մարդ, այդ մարդիկ պտտվում են Երեւանի տարբեր փողոցներով ու նորից նույն քանակով երեկոյան ցրտին հավաքվում են Օպերայի բակում: Եթե կարող են բոլոր ութ թեկնածուները միասին, 20 օրվա ընթացքում՝ իրենց վարչական, ֆինանսական բոլոր լծակներով հավաքել դրա կեսը՝ ես կանցնեմ իրենց կողմը»: