Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկ ձայնի երկիր

Հունվար 25,2008 00:00

Առջեւում նախագահական ընտրություններն են, թիկունքում` թերեւս արդեն երեւացող նոր նախագահը……

Երեւանում ես ոտքով եմ ման գալիս, դեպքից դեպք` նաեւ տաքսիով, թող ցեղս ինձ ների, որ չեմ սիրում երթուղային տաքսիներ: Սակայն ստացվում է այնպես, որ հիմնականում ինձ դեմքով ճանաչում են եւ հարցնում. Ձեր կարծիքով՝ ո՞ւմ պիտի նախագահ ընտրենք, եւ ես ինձ տրված հարցը փոխադարձում եմ. իսկ դու ո՞ւմ ես ընտրելու, չէ՞ որ ընտրողը դու ես: Եվ թող ինձ ների Մեծն Բուդդան, որ ինձ տրված այդ հարցերը հիշեցնում են մարգարեի նրա վիճակը, եւ ես հավակնությունը չունենալով որեւէ մարգարեի աշակերտն անգամ լինելու, այլ ընդամենը Հայ Առաքելական Եկեղեցու հավատացյալն ու հետեւորդն եմ եւ Հայաստանի Հանրապետության պարզ քաղաքացի, այս առիթով հիշում եմ Բուդդային ուղղված հարցերը եւ պատասխանները նրա:

Մի անգամ, երբ Բուդդան նստած էր իր աշակերտների հետ, նրան մոտենում է մի մարդ եւ հարցնում. Աստված գոյություն ունի՞:

Բուդդան պատասխանում է. Այո, Աստված կա:

Կեսօրին մոտենում է մեկ այլ մարդ եւ տալիս է նույն հարցը:

Բուդդան պատասխանում է. Ոչ, Աստված գոյություն չունի:

Օրվա վերջում գալիս է երրորդ մոլորյալը եւ նույն հարցն է տալիս Բուդդային, եւ նա պատասխանում է այսպես.

Արդեն դու ինքդ պիտի որոշես քեզ համար: Եվ երբ աշակերտներից մեկը հարցրեց, թե ինչո՞ւ նույն հարցին երեք տարբեր պատասխան հնչեցրիր, Բուդդան պատասխանեց. Որովհետեւ նրանք տարբեր մարդիկ էին, եւ յուրաքանչյուր մարդ հասնում է ճշմարտությանը իր ներաշխարհով. ոմանք՝ վստահությամբ, ոմանք՝ ժխտելով, մյուսներն էլ՝ կասկածանքով……Իսկ ինչ վերաբերում է ինձ, մարդուն, ով ընդամենը մեկ ձայն ունի, ուզում եմ գրավոր պատասխանեմ ինձ տրված հարցերին. ես, հարգելով բոլոր թեկնածուներին, իմ ձայնը տալու եմ Սերժ Սարգսյանին` վստահելով նրան, հետեւելով նրա անցած ճանապարհին. մարդ, ով արդեն պետություն կառուցելու քսանամյա փորձ ունի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել