Լրահոս
Օրվա լրահոսը

Խոսացած խա՞ղ

Հունվար 25,2008 00:00

\"\"Կասկածելի դրսեւորումներ՝ նախընտրական պայքարում

Ես միշտ անլուրջ եմ վերաբերվել այն խոսակցություններին, թե Լեւոն Տեր-Պետրոսյանն իշխանությունների կողմից է վերադարձվել քաղաքական ասպարեզ: Սակայն կան որոշակի նկատառումներ, որոնք դարձնում են համաձայնեցված խաղի վարկածը ոչ այնքան անհավանական:

1. Ընդդիմությունը, դասեր քաղելով խորհրդարանական ընտրություններում տեղի ունեցածից, փորձում էր միավորման գնալ: Առաջին նախագահի վերադարձից հետո միավորման որեւէ նախագիծ հաջողության չհասավ: Ավելին. ընդդիմությունը երբեք այսքան պառակտված չի եղել, որքան այժմ: Տեր-Պետրոսյանին աջակցող մամուլը, որի ցանկը նա ներկայացրեց սատարող ուժերի կոնգրեսում, ավելի շատ քննադատում է ընդդիմությանը, քան իշխանությանը: Համենայնդեպս, Սերժ Սարգսյանին «մանկապիղծ» կամ «ֆաշիստ» չի անվանում:

Միավորվելու (եւ այդ դեպքում՝ 3 տարուց հրաժարական տալու առաջարկը) հայտնի տեխնոլոգիա է, երբ առաջարկ ես անում, որը չի ընդունելու՝ մերժողներին սեւացնելու համար: Թե չէ ստացվում է, որ եթե բոլորը հանեին իրենց թեկնածությունները եւ սատարեին Տեր-Պետրոսյանին, ապա կլինեին բյուրեղյա մաքրության տեր գործիչներ, հակառակ դեպքում՝ «ծախու արարածներ» են: Արդյունքում, Սերժ Սարգսյանը հայտնվել է իդեալական վիճակում: Լրատվամիջոցները ցույց են տալիս, թե ինչպես են միմյանց հետ կռվում ընդդիմադիր թեկնածուները, իսկ ահա Սերժ Սարգսյանը թոշակ է բարձրացնում, աշխարհի կենտրոններ մեկնում եւ այլն:

2. Տեր-Պետրոսյանի քաղաքականություն վերադարձից հետո նրա վարկանիշի վրա դրական ազդեցին պետական մարմինների այնպիսի գործողությունները, ինչպիսիք էին մինչեւ Լեւոնի առաջին հանրահավաքը նրա աջակիցների կազմակերպած երթի կոպիտ արգելումը ոստիկանության կողմից, թերթերի գլխավոր խմբագիրների ու որոշ հասարակական գործիչների ձերբակալումն ու հետագայում նրանց բաց թողնելը՝ առաջին նախագահի ոստիկանություն այցելելուց հետո: Ի վերջո, ոստիկանության կողմից կոշտ հակազդեցությունն էլ ավելի մեծացրեց հետաքրքրությունը Լեւոնի առաջին խոսքի նկատմամբ: Արդյունքում՝ հանրահավաքը բազմամարդ էր:

3. Հայտնի է, որ Տեր-Պետրոսյանն անձնական միջոցներ չունի՝ միշտ ապրել է միայն աշխատավարձով: Բայց ակնհայտ է նաեւ, որ նրա ընտրարշավի վրա հսկայական գումարներ են ծախսվում: Եթե նա պնդում է, որ ՀՀ-ում բոլոր խոշոր ֆինանսական հոսքերը վերահսկվում են իշխանությունների կողմից, ապա ստացվում է, այդ հոսքերն էլ («դրսի» կամ «ներսի») կարող են վերահսկել: Եթե դա չեն անում, ուրեմն կամ մեր երկիրն է քիչ թե շատ ժողովրդավարական, կամ պարզապես չեն ուզում՝ հասկանալի պատճառներով:

4. Տեր-Պետրոսյանի պարագայում մի խնդիր էլ կա: Ինչպես հայտնի է, Ղարաբաղի եւ Թուրքիայի հարցում նրա դիրքորոշումը, մեղմ ասած, պոպուլիստական չէ եւ արժանանում է տարբեր ուժերի կոշտ արձագանքին: Այսպիսով, միջազգային հանրությանը ցույց է տրվում, որ հասարակությունը դեռ պատրաստ չէ նմանատիպ լուծումների: Այդօրինակ հասարակական կարծիքը հարկավոր է իշխանությանը՝ բանակցային գործընթացը երկարաձգելու համար:

Գուցե այդ ամենը դավադրությունների տեսության ոլորտից է թվում, սակայն մեզ քիչ ժամանակ է մնում համոզվելու համար, թե իրականում ինչո՞ւ է վերադարձել Լեւոն Տեր-Պետրոսյանը: Կապրենք՝ կտեսնենք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել