Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆՆԵՐԸ ՑՆՑՎԱԾ ԵՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻՑ

Հունվար 25,2008 00:00

Նրանց «մտահոգում է» ոչ միայն գյուղերի արտառոց պրոբլեմները, այլեւ «տեղական իշխանիկների»՝ գյուղացիներին ահաբեկելով ձայն «պոկելու» հնարքները:

Արդեն երկու օր է՝ «Ոչ անցյալին, ոչ ներկային» կարգախոսով ՀՅԴ նախագահի թեկնածու Վահան Հովհաննիսյանը շրջագայում է Շիրակի մարզի գյուղերում ու քաղաքներում: Երեկ նա եղավ Գյումրիում ու մարզի հյուսիսային շրջանի գյուղերում՝ հեռանալով արտասովոր տպավորությամբ: Բանն այն է, որ գյուղերում այնպիսի բողոքներ են ներկայացնում, որ դաշնակցական ընկերներից շատերը իրենց կյանքի մեջ այդօրինակ պատմություններ առաջին անգամ են լսում: Օրինակ՝ Վահան Հովհաննիսյանին ուղեկցող ԱԺ նախկին պատգամավոր Աղասի Արշակյանը ցնցված էր, թե ինչպես Աշոցքում երեխաներին կերակրելու համար հայ կինը կարող է «նիսյայով» վաճառել իր երիկամը իշխանավորներից մեկին ու խաբվել. նրա փողը առ այսօր չեն տվել, կամ ինչպես կարելի է հղիներին սար ու ձոր գցել՝ փակելով Աշոցքի միակ ծննդատունը: Վահան Հովհաննիսյանին էլ զարմացնում է այն, թե ինչպես կարող են Շիրակի մարզի «իշխանիկները» ահաբեկել գյուղացիներին՝ իշխանական թեկնածուի օգտին չքվեարկելու դեպքում սպառնալով զրկել գյուղի համար այդքան կարեւոր՝ «Հազարամյակի մարտահրավեր» ծրագրից: «Միանգամից բացատրեմ մեր լսարանին, որ դա հնարավոր չէ, նման խայտառակության ոչ մի իշխանություն չի կարող դիմել, եւ մարդիկ պետք է վստահ լինեն, որ ազատ են իրենց ընտրության մեջ, ճնշումների չենթարկվեն, պրովոկացիաների, տարբեր խարդավանքների տեղիք չտան: Եվ հենց այս արդար ընտրության մեջ, ազատ քաղաքացու ազատ կողմնորոշման մեջ ես տեսնում եմ իմ հաղթանակի հնարավորությունը: Գյուղեր այցելելիս մենք նկատեցինք, որ Շիրակի մարզում կարծես թե տեղական իշխանությունները դաշնակցական ակտիվիստներին, Դաշնակցության շտաբների համար աշխատողներին՝ դաշնակցական կամ ոչ, ինչ-որ ձեւով նեղելու, սահմանափակելու, ահաբեկելու, ճնշելու քաղաքականություն են որդեգրում, որը, իհարկե, խոհեմ քաղաքականություն չի, եւ նման քայլերը ոչ միայն դատապարտվելու են, բայց նաեւ դրանց համար ի վերջո պատասխան են տրվելու»,- երեկ Գյումրիում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՅԴ թեկնածուն: «Առավոտը» հետաքրքրվեց, թե ի վերջո ինչո՞ւ է ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանը շտապում կարծիք հայտնելու, թե Սերժ Սարգսյանի հաղթանակի դեպքում Դաշնակցությունը չունի վերադարձի ճանապարհ դեպի իշխանություն: Մի՞թե նրա շուրթերով ՀՀԿ-ն է խոսում: «Դա պատգամավոր Աշոտյանի մասնավոր կարծիքն է, չեմ կարծում, որ Հանրապետական կուսակցության ողջ ղեկավարությունը այս անհանդուրժողական պատկերացումներն ունի: Բանն այն չէ, թե մենք պատրաստվում կամ չենք պատրաստվում, մենք հիմա ընդդիմադիր կեցվածքի մեջ ենք, բայց դա բացարձակապես չի խանգարում ծառայել պետությանը: Այս տեսակի հայտարարությունները գալիս են մի պարզ միտումից՝ մեր երկրում, չգիտես ինչու, 90-ականներին էլ էր այդպես՝ ՀՀՇ-ական ռեժիմի ժամանակ, հիմա էլ հաճախակի ենք այդ դրսեւորումը տեսնում. ընդդիմությանը տեսնում են որպես թշնամի՝ ընդդիմությունը պարտադիր պետք է լինի բարիկադների այն կողմը, պետք է լինի հալածված, ճնշված, ջարդված, խեղճացված վիճակում, էս են պատկերացնում ընդդիմություն ասելով: Իսկ Դաշնակցության հետ էդպես հնարավոր չի, Դաշնակցությունն էդ դերի մեջ իրան չի տեսնում, մենք որ դերում էլ լինենք՝ օգուտ բերելու ենք մեր երկրին: Իշխանության մեջ ենք, բերել ենք ու բերում ենք: Իշխանության մեջ չենք լինի, էլի կբերենք՝ արդեն այլ գործունեություն իրականացնելով, բայց մեզ համար երբեք քաղաքական ուժերը սեւի ու սպիտակի բաժանելը ընդունելի չէ, մենք չենք պատկերացնում, որ այս ընտրություններից հետո ինը մասնակիցների թիմերը պետք է իրար թշնամանան, կամ հենց թեկնածուները իրար ոխերիմ թշնամի դառնան: Այն, ինչ որ երկրի համար օգտակար է, այստեղ մենք ցանկացածի հետ կհամագործակցենք, իմ տարբերությունը մյուս թեկնածուների հետ հենց դրանում է: Մենք ունենք դրական համագործակցության փորձ թե իշխանության, թե ընդդիմության հետ: Մենք չենք ուզում քաղաքական ուժերը էնքան իրարից հեռանան, էնքան պառակտվի քաղաքական դաշտը, որ հասարակության մեջ առաջանան անբուժելի ճեղքեր, դա կթուլացնի մեր երկիրը, իսկ մեր գերխնդիրը երկիրը ուժեղացնելն է: Մենք էլ կարող ենք լինել ընդդիմություն, մեր գոյատեւումը անպայման կախված չի բյուրոկրատական ապարատի մեջ կուսակցության տեղավորվելով, բայց կան կուսակցություններ, որոնք ընդդիմության մեջ չեն կարող գոյատեւել, նույնիսկ ղեկավար կազմը թույլ չի տա, որ պայմանները փոխվեն՝ կուսակցությունը գնա ընդդիմություն, սա, ցավոք, որոշ կուսակցությունների լուրջ հիվանդությունն է, դրա մասին ավելի շատ պետք է մտահոգվել, իսկ մենք մեր որոշումներով մեր տեղը կգտնենք, թող չմտահոգվեն»: Մեր այն հարցին, թե ո՞րն է սոցիոլոգիական հետազոտությունների արդյունքները քննադատող, դրանք աղավաղված համարող Վահան Հովհաննիսյանի իրական ռեյտինգը, վերջինս պատասխանեց. «Ոչինչ չեմ ասի, որովհետեւ ինչպես ուրիշներն են ասում եւ իրենց չեն հավատում, ես չեմ ուզում հայտնվել նույն դերում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել