Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒ, ՊՈԵՏ, ՈՐԴԻ ԿԱՐԱՊԵՏԻ

Հունվար 25,2008 00:00

\"\"Կյանքը ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանի պրիզմայով, նրա՝ «Հուշերի փլատակներում» գրքում

 

Վերջերս կայացավ «Ժողովրդական կուսակցության» նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Տիգրան Կարապետյանի առաջին՝ «Հուշերի փլատակներում» գրքի շնորհանդեսը: «Սեր եւ միայնություն, տագնապ Հայրենիքի ու Երկիր մոլորակի ապագայի համար, հոգեւոր եւ ֆիզիկական ներդաշնակություն, մտորումներ, որոնք խռովել են հեղինակի հոգին՝ երբեմն-երբեմն լույսի առկայծումներով խաղաղեցնելով այն»,- գրված է գրքի ներածականում:

Ժողովածուի առաջին բանաստեղծությունը վերնագրված է «Քաղաքական», սակայն այն Կարապետիչին հոգեհարազատ՝ սոցիալական «աստառ» ունի. «Խղճուկ փարոս ստացողի/ Աղքատ պաշար սպառողի/Սիրտը շահին՝ տամար մտան,/Խնամելով շիրիմ տարան»:

Գրքում անդրադարձ կա խորհրդարանական ընտրությունների ժամանակ իրեն դավաճանած գյուղապետերին՝ Կորյունին, կարմրաթուշ Սուրենին, Մինասին, ավանդականներին լսած Վարդանին, պատիվը փողով կիսած Մերուժանին, անգամ Իլյիչին, բայց ոչ թե Վլադիմիր Լենինին, այլ «իշխանության ձայների փրկիչին»՝ «իր անվանը իրոք արժան»:

Մեկ ուրիշ բանաստեղծության մեջ «ԱԼՄ»-ի ստեղծագործող նախագահը դիմում է ինքն իրեն՝ այն էլ անուն-հայրանունով. «Տիգրան՝ որդի Կարապետի (ականջը կանչի Սոնյայի եւ Մամիկոնի որդի Արտաշեսի- Գ. Հ.), փառքից հեռու մնա/ Իշխանություններին ընդհանրապես մի՛ մոտենա(՞)/ Սուտ, դատարկ խոստումներին ականատես/Քաղաքականության մեջ եղիր դու հեռատես…»: Մեկ այլ գրվածքում կարոտախտ եւ ափսոսանք կա կայարանցի հեղինակի ապրած թաղամասի հանդեպ. «Ակացիայի ծառերը վերացան/ Կայարանի պեռվի կլաս ռեստորանն էլ չկա» կամ «Չկա կինոթատրոնը՝ «Սասունցի Դավիթ»,/Չկա միակ ներկան՝ առաջին համբույրի վկան»:

Մեկ էլ ոտանավորում հեղինակն իրեն Արքիմեդ է զգում ու հենման կետ ակնկալում սիրելի էլեկտորատից, որպեսզի կարողանա շուռ տալ իր բաժին երկրագունդը, մանավանդ. «Ողջ էությամբ՝ ազգին հավատարիմ/ նվիրել եմ բախտս ձեզ՝ դարձել պոետ/ Տվեք ինձ միայն ամուր հենման կետ…»: ԺԿ նախագահը նաեւ ափսոսում է, որ փոխվել են ժամանակները, որովհետեւ հակառակ պարագայում. «Եթե ամեն ինչ լիներ արդար/ Հավը ձվին բարեւ կտար»:

«Հոգեւոր-հայրենասիրական» խորագրի ներքո Կարապետիչը իր օգտին խմբագրում է աստվածաշնչյան հայտնի պատմությունը, երբ սուրբ հոգին աղավնակերպ իջնում է Հիսուսի գլխին. «Աստված քեզ բարի դաշտում կարգեց ավագանի/ Գլխիդ իջավ ճերմակ մի աղավնի…»:

«Սիրային» բաժնում էլ կարդում ենք՝ «Դու իմ առաջին փորձն էիր՝ կյանքիս բանալին/Իմ առաջին փորձանքն էիր/բախտիս մատանին..», իսկ «Խոհափիլիսոփայականում»՝ «Աչքդ հեռուն չկտրեց՝ գողի ձեռքը չբռնեց/Եվ սեփական օջախում՝ հայտնվեցիր ծուղակում»:

Մյուս բանաստեղծությունը պլագիատ է Սեւակից («Հրավիրում՝ ուրախանում եմ»), դրա կարապետյանական տարբերակն այսպիսին է. «Եկեք, դարձեք դուք ինձ ընկեր,/ Պատրաստ եմ կիսվելու/ Խաղեր, երգեր ու սեր/ սրտով մատուցելու…»: Գրվածքներից մեկում նորաթուխ բանաստեղծը լավ դաս է տալիս իրենից ծածուկ «ման եկող» աղջկան. «Տվեք թեթեւ վերարկուս/ Լքեմ քեզ իմ «աչքի լույս», իսկ մի ուրիշին էլ ասում է. «Քո ծնունդին ո՞ր ագռավը կռռաց,/ Ո՞ւմ խղճի վրա հեռանալդ մնաց»: ՀՀ նախագահի թեկնածուն մտահոգված է նաեւ հայ կնոջ կերպարի խաթարմամբ. «Պորտդ փակի՛ր՝ արաբական է,/ Վարսերդ մի՛ խեղդիր՝ թշնամական է,/ Փեշդ մի՛ կտրիր՝ եվրոպական է, /Շատ ազատ մի՛ եղիր՝ ռուսական է…»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել