Լրահոս
Օրվա լրահոսը

«Երեք օրից հասունության անձնագիր՝ բանակին»

Հունվար 25,2008 00:00

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Սեյրան Օհանյանը երեկ այցելեց ԵՊՀ

«Շուտով հասունության անձնագիր կստանանք, քանի որ այս տարի Հայաստանի զինված ուժերի կազմավորման 16-ամյակը կնշենք»,- երեկ ԵՊՀ-ում հայտարարեց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը: Արցախի ազգային հերոս, Արցախի նախկին պաշտպանության նախարար Ս. Օհանյանը ԵՊՀ դասախոսներին եւ ուսանողներին ներկայացրեց բանակի կազմավորման ուղին եւ անդրադարձավ այդ ոլորտում գոյություն ունեցող բացթողումներին: Նաեւ անդրադարձավ մեր բանակի՝ արկածներով լի կենսագրությանը: 1992-94-ին լայնամասշտաբ մարտական գործողություններ սկսեցին, 1994-1998-ը վերականգնման փուլն էր, 1998-2000-ը որակական առաջընթացի տարիներ էին, իսկ 2006-ից ազգային բանակը թեւակոխել է բարեփոխումների ժամանակաշրջան: «Բանակը կայացրինք մարտական գործողություններին զուգահեռ: Պայքարի սկզբից բոլոր մարտական գործողությունները մոտ են եղել ռազմական գիտությանը»,- նկատեց Ս. Օհանյանը: Հետո էլ անդրադարձավ ռազմական գործին հատուկ ճշմարտություններին. «Եթե հրամանատարն ուզում է, որ հրահանգը արագ կատարվի, պիտի դրան կողքից չնայի, այլ լծվի դրա կատարմանը»: Գլխավոր շտաբի պետը հիշեց նաեւ պատերազմի տարիներից որոշ դեպքեր. «Մաճկալաշեն գյուղում կար մի Ռայա մայրիկ, որը երկու զավակ էր կորցրել: Երկրորդ որդու մահից հետո նա հայտարարեց, թե՝ ժողովուրդ, երկրորդ զավակիս էլ հանձնեցի մայր հողին, բայց վայ ձեզ, եթե թողնեք, որ թուրքերը գան եւ պղծեն մեր որդիների գերեզմանները»: Ս. Օհանյանը նաեւ հումոր արեց, հարցնելով՝ ինչո՞վ է դասակի հրամանատարը տարբերվում դասախոսից. «Ասում են, որ վերջինը չափից ավելի գրագետ է, բայց մեկ առարկա է դասավանդում, իսկ դասակի հրամանատարը չնայած այդ մակարդակը չունի, բայց 16-ից ավելի առարկա է դասավանդում»:

Հայկական բանակը համեմատելով ադրբեջանականի հետ, Ս. Օհանյանն ասաց. «Չնայած քանակական առումով զիջում ենք հակառակորդին՝ Ադրբեջանին, բայց որակական առումով՝ ոչ: Չի եղել մի ժամանակահատված, որ առաջին գծում պարտադրողի դերում չլինենք»: Իսկ զինվորական բնագավառում տեղ գտած արատավոր երեւույթների՝ հատկապես զինծառայողների հովանավորչության մասին էլ հայտնեց. «Որպես գլխավոր շտաբի պետ, այս յոթ ամիսների ընթացքում համապատասխան պայքար եմ սկսել: Ուզում եմ այնպիսի մթնոլորտ ստեղծել, որ ենթակաները կարողանան ազատ կարծիք հայտնել՝ մինչեւ պաշտպանության նախարար: Հակառակ դեպքում՝ կկիրառվեն համապատասխան պատիժներ»:

ԵՊՀ դասախոսները եւ ուսանողները հնարավորություն ունեցան իրենց հարցերն ուղղել հյուրին: Օրինակ՝ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողներից մեկին հետաքրքրում էր, թե ԳՇ պետն ինչպե՞ս է վերաբերվում Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններին: Ս. Օհանյանը պատասխանեց. «Դրանք միշտ էլ հնչում են… Ադրբեջանը բոլոր միջոցներն օգտագործում է իր բանակի առաջընթացը ապահովելու համար, իսկ մենք այդ հայտարարություններին պատասխանում ենք, երբ պահն է հասունանում: Կարծում եմ, որ գործ պիտի անել, ոչ թե կոչերով հանդես գալ»: Աշխարհագրության ֆակուլտետի դեկան Աշոտ Խոյեցյանն էլ հետաքրքրվեց, թե գոյություն ունեցող ռազմական ուսումնարանները եւ ակադեմիաները բավակա՞ն են որակյալ կադրեր պատրաստելու համար. «Ռազմական ինստիտուտներ ունենք, որտեղ միջին զինվորական կրթություն են ստանում: Դեռ քանակական առումով եւ հնարավորություններով չենք հասել նրան, որ ակադեմիա ունենանք, սակայն առաջիկայում այդ հարցն էլ կլուծվի»: Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Նաղաշ Մարտիրոսյանն էլ բարձրացրեց Արցախյան հերոսամարտի մասին ճանաչողական եւ դաստիարակչական ֆիլմեր նկարահանելու հարցը: Ս. Օհանյանն ասաց. «Պիտի գտնել այն մարդկանց եւ արվեստագետներին, որոնք պայքարի անմիջական մասնակիցներն են եղել, նրանք ավելի պրոֆեսիոնալ ֆիլմեր կստեղծեն»: Դասախոսների խնդրանքով Ս. Օհանյանը անդրադարձավ նաեւ Լ. Տեր-Պետրոսյանի հայտնի հայտարարությանը՝ 15000-անոց բանակի մասին: «Այսօր մեր հաստիքները այնպիսին են, որ կկարողանանք մեր հարցերը իրականացնել՝ ոչ պատերազմ, ոչ խաղաղություն ժամանակահատվածում»,- պատասխանեց Ս. Օհանյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել